Հոգեբանական ծառայությունն աջակցում է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին
29-03-2017 13:31:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Օրերս ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժինն իրականացրեց երկօրյա դասընթաց՝ համակարգի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվական վարչության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցների հետ՝ «Ինքնաճանաչում և սեփական ռեսուրսների բացահայտում» թեմայով:
Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների վերականգնողական պոտենցիալը, որը հնարավորություն կտար հասկանալ հոգեհուզական վերականգնման, անձնային աճի իրենց սեփական ուղին: Ծրագրի ընթացքում անդրադարձ կատարվեց մասնակիցների ինքնակառավարման, ինքնօգնության, հարմարման հմտությունների զարգացմանը, սթրեսակայունության և ինքնավստահության ձևավորմանը:
Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները բացահայտեցին ուսուցանվող գործընկերների ռեսուրսային կողմերը՝ դուրս բերելով հույզեր ու ապրումներ, որոնք առավելապես նպաստեցին վերջիններիս հոգեհուզական վիճակի բարելավմանը և արտակարգ իրավիճակներում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Մասնակիցները փորձեցին նաև ինքնաներկայացման և սեփական անձի ճանաչման նոր միջոցներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը նշեց, որ ՀՀ ԱԻՆ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականով, ծրագիրը շարունակական բնույթ է կրում, նախատեսվում է նմանատիպ դասընթաց կազմակերպել նաև Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
Հավելենք, որ 2014 թ. մայիս ամսից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ՃԿԱԿ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում գործում է նոր՝ շուրջօրյա անվճար հեռախոսային հոգեբանական խորհրդատվական ծառայություն, որի գլխավոր նպատակն է բնակիչներին և համակարգի աշխատակիցներին հուզական աջակցության ցուցաբերում և հոգեբանական խորհրդատվության տրամադրում: