Դիմադրության «բանակը» կարող է ձեւավորել Հովիկ Աբրահամյանը. Մեկնաբան
29-03-2017 17:54:22 | Հայաստան | Վերլուծություն
Ծառուկյան դաշինքի հաղթանակի դեպքում Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրումների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացի, իսկ ավելի շուտ ներիշխանական արդեն մեծ հաշվով տասնամյակ ձգվող բավական սուր խորքային դիմակայության նոր փուլի կամա թե ակամա ազդարարումն էր: Կամ, ավելի շուտ ոչ թե ազդարարումը, այլ արձագանքը, որով պարզապես առավել ընդգծված դարձավ այդ փուլը:
Իսկ մեկնարկն ազդարարվել է ավելի շուտ, դեռեւս հունվարին, երբ ռուսաստանցի մի քանի տասնյակ գործարար հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին աջակցելու պատրաստակամության մասին: Այդ խումբը նույնականանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանի տեսքով:
Գործնականում հենց Կարեն եւ Սամվել Կարապետյանները տվեցին նոր փուլի մեկնարկը, փաստացի հայտարարելով, որ կապիտալի գործադրմամբ մտադիր են փոխել Հայաստանում իշխանության ստատուս-քվոն կամ պարզապես իշխանությունը:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը դիմադրության հայտարարություն էր՝ կապիտալով կապիտալին հակադրվելու մասին հայտարարություն:
Առնվազն պայմանական իմաստով այստեղ նկատելի է դառնում բաժանումը՝ «ռուսական կապիտալի» եւ «հայկական կապիտալի» միջեւ: Իհարկե, դիմակայության այդ բնորոշումը խիստ պայմանական է, քանի որ թե մեկ, թե մյուս կողմում անկասկած կան խիստ նույնականացվող կապիտալիստներ, բոլոր առումներով: Ընդ որում, միանգամայն կարող են լինել նաեւ ականներ:
Տվյալ պարագայում խոսքն այն մասին է, որ մի խումբը փորձում է Հայաստանում իշխանությունից հեռացնել կապիտալի կրող մեկ այլ խմբի: Ամբողջ հարցն այն է, որ եթե մի կողմում խումբը, թիմը, այսպես ասած «բանակը» ձեւավորված է՝ ներդրողների ակումբի տեսքով, ապա մյուս խմբում առայժմ չկա որոշակի ոչինչ, ձեւավորված բանակ կամ թիմ, կա միայն Գագիկ Ծառուկյան, որը հայտարարել է դիմակայության մասին:
Սակայն, այս հարցում էլ Ծառուկյանն առաջինը չի եղել: Վտանգի եւ դիմակայության մասին առաջինը հայտարարել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով թե վարչապետի պաշտոնից հրաժարականի տեքստում, թե դրանից հետո մի քանի այլ հայտարարություններում, այդ թվում մայր գետին խառնվող արտաքին «կեղտաջրերի» մասին հայտնի ալեգորիայում ակնհայտորեն մատնանշում էր հենց այն հանգամանքը, որ իր հեռանալը միայն իր հեռանալը չէ, որ իր ստացած հարվածը միայն իր ստացած հարվածը չէ, այլ այն ամբողջ համակարգի, որի խորհրդանիշն էր ինքը:
Ներկայում, խոշոր հաշվով, այդ համակարգի ժամապահ մնացել է Գագիկ Ծառուկյանը: Բայց, «ժամապահը» միայնակ չի կարող դիմակայել այն «բանակին», որ ձեւավորել են Կարապետյանները: Միեւնույն ժամանակ, Ծառուկյանը չի կարող հանդիսանալ նաեւ այն ֆիգուրը, որի շուրջ կարող է ձեւավորվել մյուս կողմի «բանակը», որ պետք է դիմադրի կազմակերպված:
Եթե բանակը չձեւավորվի, նա իհարկե չի կարող երկար շարունակել դիմադրությունն ու անկասկած կգնա «հակառակորդի» հետ հաշտության եւ պայմանավորվելու:
Դիմադրության «բանակը» կարող է ձեւավորել Հովիկ Աբրահամյանը: Համենայն դեպս, նա հայտնել է այդ ցանկությունն իր հրաժարականի ելույթում, ասելով, որ ամեն ինչ արել է հանուն բոլորի համախմբման եւ հետագայում էլ իր առաքելությունն ակտիվ քաղաքականության մեջ տեսնում է հենց դրանում:
Այդ իմաստով, ապրիլի 2-ից հետո վճռորոշ փուլ մտնող դիմակայությունը կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանի «աստեղային ժամը», եւ նա ըստ ամենայնի առնվազն սպասում է դրան, ձեռնպահ մնալով նախընտրական թոհուբոհին եւ իրարանցմանը անմիջականորեն առնչվելուն, դա իրավացիորեն համարելով շատ մանր խնդիր:
Ի դեպ, մամուլում նաեւ տեղեկություն եղավ, որ Հովիկ Աբրահամյանը իր համակիրներին հայտնում է, որ ապրիլի 3-ից հետո արթնանալու են ուրիշ Հայաստանում:
Նա իհարկե իրավացի է, ապրիլի 3-ից հետո լինելու է բոլորովին ուրիշ Հայաստան, քանի որ տասնամյակ տեւած ներհամակարգային պայքարը մտնում է նոր փուլ, որտեղ քրեա-օլիգարխիայի փաթեթին հակադրվում է արդեն արդիականացված օլիգարխիայի փաթեթը:
Մյուս կողմից, իհարկե կա մի հարց՝ Հովիկ Աբրահամյանը կընտրի բացահայտ, ճակատային դիմադրությա՞ն, թե «պարտիզանության» տարբերակը: Դա գուցե կախված է այն բանից, թե որքան ռեսուրս նա կկարողանա հավաքագրել իր դրոշի տակ, արդյոք քրեա-օլիգարխիայի փաթեթի եղած բաժնետերերից բոլորը կվստահեն նրան: Երբ Աբրահամյանը վարչապետ էր, նրան փաստորեն չվստահեցին: Միաժամանակ, նրանք ակնհայտորեն չեն վստահում նաեւ Կարեն Կարապետյանին: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, թե արդյոք կգնան նրա «բանակի» դեմ:
Շատ բան կախված է իհարկե Սերժ Սարգսյանի դիրքորոշումից: Արցախում նա հայտարարում էր զորքի հարձակման կամ հետքաշման հրաման տալու կարողության մասին, հայտարարում էր, որ ապրիլի 2-ին ընտրվում է հենց այդ կարողությունն ունեցողը:
Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ նկատի ուներ ոչ միայն զինված ուժերին տրվելիք հրամանները: Բանն այն է, որ իշխանության խնդրում էլ նա կանգնած է «քրեա-օլիգարխայի» զորքին հարձակման կամ հետքաշման հրամանի առաջ, քանի որ Սերժ Սարգսյանի համար կարծեք թե միայն դա է մնացել Կարապետյանների «գրոհին» դիմադրելու ռեսուրս: