«Եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը մահացել է, դա պետք է որակվի ոչ թե որպես անզգույշ, այլ դիտավորությամբ կատարված սպանություն». փաստաբան


«Եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը մահացել է, դա պետք է որակվի ոչ թե որպես անզգույշ, այլ դիտավորությամբ կատարված սպանություն». փաստաբան

  • 30-03-2017 01:35:40   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Քրեակատարողական համակարգը, ինչպես միշտ Վ.Շիրխանյանի հետ կապված, կեսճշմարտությունն է ասել, ինչը բացահայտ ստից շատ ավելի վատ է: Այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ բժշկական հետազոտությունների ու բուժման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատողական վարչության պարզաբանումները:
Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի, իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել:
Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ հետազոտությունները չեն կատարվել. համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ:
Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն, իսկ Ստրասբուրգում աշխատող Վ.Շիրխանյանի փաստաբաններն այդ մասին տեղեկացրել են ՄԻԵԴ-ին:
Հավելելով, որ Վահան Շիրխանյանին տեղավորել են ամենավատ ու խոնավ խցում, Հայկ Ալումյանը նշեց, որ այս ամենն ուղղված է իր պաշտպանյալին պարզապես ֆիզիկապես վերացնելուն: «Սա ասում եմ որպես ահազանգ: Եվ եթե պարզվի, որ Վահան Շիրխանյանը մահացել է, դա պետք է որակվի ոչ թե որպես անզգույշ, այլ դիտավորությամբ կատարված սպանություն: Բոլոր քայլերը տանում են դրան»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք արդեն բողոքները գրում են ոչ թե վիճակը բարելավելու համար, այլ պարզապես, որպեսզի նրան չսպանեն:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play