Հայաստանի համար հետևանքները ճակատագրական կլինեն, եթե արևմտամետներն իրենց այս «քաղաքական քյանդրբազությունը» փորձեն դարձնել իրականություն


Հայաստանի համար հետևանքները ճակատագրական կլինեն, եթե արևմտամետներն իրենց այս «քաղաքական քյանդրբազությունը» փորձեն դարձնել իրականություն

  • 30-03-2017 20:09:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր ծրագրերում, հրապարակային ելույթներում, ինչպես արդեն նշել եմ այս թեմայով իմ նախորդ հոդվածում, բացեիբաց հայտարարում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմից հանելու և Եվրամիություն տանելու մտադրության մասին: Այս կուսակցությունը, ինչպես նաև «ԵԼՔ դաշինքը» քննադատում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այն ներկայացնում սև գույներով: Օրինակ, «ԵԼՔ դաշինքի» ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնի «բ» և «գ» կետերում համապատասխանաբար գրված է՝ «Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ», «ԵԼՔ դաշինքը» արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ծրագրի «Մենք կարող ենք ապահովել ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստան» գլխի կամ բաժնի 7-րդ կետում պարզ գրված է.
«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է դադարեցվի, քանզի այն ոչ միայն տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլև վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչև տնտեսություն»:
Բոլոր բնագավառներում, այդ թվում նաև տնտեսության բնագավառում Հայաստանի ցուցանիշները վատթարացնելու վերաբերյալ դաշինքի ծրագրում գրվածն այս թեմայով իմ նախորդ հրապարակումներից մեկում կեղծիք և իրականության մանիպուլացիա համարելով, խոստացել էի առաջիկայում համապատասխան փաստարկներով անդրադառնալ դրան:  
Առաջիկա ընտրություններում հաղթելու և իշխանության գալու դեպքում ի՞նչ հետևանքների կհանգեցնի հայաստանյան արևմտամետ քաղաքական ուժերի այս դիրքորոշման իրականացումը, այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք փոխելը, եթե նույնիսկ Եվրամիությունը Հայաստանին ընդգրկի իր կազմում: Մինչդեռ, հենց թեկուզ միայն դա արդեն իրատեսական չէ, եթե, ամեն ինչից զատ, հաշվի առնենք նաև այն, որ ավելի վաղ դեպի Արևմուտք կողմնորոշված և Արևմուտքին իրենց հավատարմությունը հայտնած ու դրսևորած Վրաստանին և Ուկրաինային Եվրամիությունը վերջերս մերժել է ընդգրկել իր կազմում:
Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, երբեմն կամ հաճախ ասում են` մենք ի՞նչ շահեցինք, մեր երկրի տնտեսական ցուցանիշները վատացել են, Հայաստանը նույնիսկ տնտեսական անկում ունի: Իսկ ո՞րն է իրականությունը… Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանին:
«Նախևառաջ, Հայաստանում, տարվա կտրվածքով, տնտեսական անկում չի գրանցվել, նման բան գոյություն չունի, այնպես որ, պետք է հիասթափեցնեմ ընդդիմախոսներին,- ասաց Թաթուլ Մանասերյանը:- Նախորդ տարի առանձին ամիսների եղել է անկում, եղել են այդպիսի միտումներ, բայց, կրկնում եմ, ինչպես 2015 թվականին, այնպես էլ անցած տարի մենք, մեկ տարվա կտրվածքով կամ տարվա արդյունքներով, անկում չունենք: Այլ խնդիր է, որ մեր տնտեսության վիճակը չի կարող բավարարել»: 
Իսկ ի՞նչ եզրակացություններ կարող ենք կատարել, եթե Հայաստանի տնտեսական վիճակը, տնտեսական հիմնական բնութագրիչները համեմատենք մինչ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցելը եղած վիճակի հետ: Պատասխանելով այս հարցին, տնտեսագետն ասաց.
«Այդ տվյալները բոլորին հասանելի են, Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսական հիմնական ցուցանիշները հրապարակում է, բայց կարևորն այստեղ միտումները տեսնելն է: Նախ, անցած 2 տարվա ընթացքում` 2015 և 2016 թվականներին, հետխորհրդային տարածքում ընդհանրապես գրանցվեցին բավական բացասական զարգացումներ, առաջին հերթին տեղի ունեցավ ազգային արժույթների ոչ թե արժեզրկում, այլ գերարժեզրկում, ընդհուպ մինչև 100 տոկոս և ավելին: Խոսքս վերաբերում է ղազախական տենգեին, ադրբեջանական մանաթին, ռուսական ռուբլուն և այլ արժույթների: Բոլոր երկրներն անխտիր ոչ միանիշ, այլ երկնիշ թվով ունեցան ազգային արժույթների գերարժեզրկում, այլ կերպ ասած, հիպերինֆլացիա: Եվ այս պայմաններում առաջին կարևոր ցուցանիշը, որի մասին շատ քիչ են խոսում կամ գրեթե չեն խոսում, այն է, որ նույն ժամանակաընթացքում մեր ազգային արժույթը` հայկական դրամը, այնուամենայնիվ, բավական կայուն վարքագիծ դրսևորեց:
Երկրորդ. Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրներից, որի արտահանումը դեպի Ռուսաստան` 20 տոկոսով աճեց, դարձյալ երկնիշ թվով, որն աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն համեմատած այլ երկրների հետ, այլ նաև հենց Հայաստանի տնտեսական ցուցանիշների հետ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 2015 թվականն, այնուամենայնիվ, մեզ համար էլ բարենպաստ տարի չէր, և մենք մի կերպ կարողացանք տնտեսական անկումից խուսափել:
Կարող եմ բերել նաև այլ ցուցանիշներ, բայց էականը ոչ այնքան այդ ցուցանիշներն են, որքան այն, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե մեր երկիրը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Այս հարցն ինձ ավելի շատ է մտահոգում, քան այն ցուցանիշները, որոնք կարող են մի տարի այսպես լինել, մյուս տարի` այլ կերպ: Իհարկե, չմոռանանք նաև, որ ռուսական գազի գնի որոշակի նվազեցում կատարվեց Հայաստանի համար, որը հիմա մեր երկրի համար ավելի նպաստավոր գնով է վաճառվում: Կան այլ գործընթացներ նույնպես, հիմա չեմ ուզում բոլորին անդրադառնալ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը, տարբեր մոտեցումներով, տնտեսության տարբեր ճյուղերում, ընդհանուր առմամբ, առնվազն 550-560 միլիոնից ընդհուպ մինչև 900 միլիոն դոլարի, նույնիսկ 1 միլիարդ դոլարի վնասներ կարող էր կրել, եթե ԵԱՏՄ-ին առնչվող այս ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված չլիներ:
Միայն այն, որ վերջին տարիներին մեզ համար իսկապես դժվար, ծանր պայմաններում հնարավոր եղավ բարելավել տնտեսական որոշ ցուցանիշներ, արդեն խոսուն փաստ է: Եթե նայենք մեր ապրանքների արտահանման աշխարհագրությանը և այն ծրագրերին, որոնք կարող են մոտ ապագայում կյանքի կոչվել, ես լավատես եմ: Այսինքն` թեև կան դժվարություններ, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը, այնուամենայնիվ, դեռևս կայացած կառույց չէ ու բավական ճանապարհ պետք է անցնի, որպեսզի դառնա նույնքան մրցունակ, որքան, ասենք, Եվրամիությունը, այնուամենայնիվ, բացահայտ ճշմարտություն է, որ Հայաստանը մեկուսանալ չէր կարող տարածաշրջանային ինտեգրման այդ գործընթացներից և ձևաչափերից: Սա մեկ այլ առիթով արդեն ասել եմ, ցանկանում եմ նորից կրկնել` քաղաքական և տնտեսական առումով դա կլիներ ինքնասպանություն»:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ քաղաքական որոշ ուժեր էլ փորձում են հասարակությանը հավատացնել, թե Եվրամիության անդամ դառնալու դեպքում մեր երկիրն ավելի կշահեր, քան ԵԱՏՄ անդամ դառնալով: Կարելի՞ է հավատալ սրան, ո՞րն է իրականությունը…
«Որևէ երկիր անդամակցելով որևէ տարածաշրջանային միության, միանգամից չի կարող շտկել իր վիճակը, դրա համար տարիներ են պետք,- ասաց Թաթուլ Մանասերյանը:- Եվրամիության անդամ երկրները, ընդհանրապես, Եվրամիությունն անցել է կեսդարյա ճանապարհ, մինչ կարողացել է ընդհանուր համաձայնության գալ անդամ երկրների հետ` ներդաշնակեցնելու տնտեսական քաղաքականության առանձին ուղղություններ և ներկայացնելու, ասենք, միասնական արժույթ ու գալով զարգացման բարձրագույն մակարդակի: Այսինքն` ԵԱՏՄ-ում այս առումով հրաշքներ սպասել, իհարկե, պետք չէ, առավել ևս, չի կարելի որոշ անկումային միտումներ պայմանավորել ԵԱՏՄ-ին անդամակցելով և Եվրամիությանը չանդամակցելով: Այսինքն` ես կարծում եմ, որ այդ միտումները Եվրասիական տնտեսական միության հետ անմիջականորեն կապելու պարագայում գոնե պետք է ասել, թե ի հաշիվ ո՞ր գործոնի այդ անկումը եկավ Եվրասիական տնտեսական միությունից: Այդպիսի բան ես գոնե չեմ տեսնում, ընդհակառակը` ընդգծեցի, որ Եվրասիական տնտեսական միությունում կային բացասական երևույթներ, որոնք բացարձակապես չազդեցին մեր ազգային արժույթի վրա, այլ առումներով` նույնպես… Ավելին. Հայաստանից արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ և հիմնադիր երկրներից Ռուսաստանի Դաշնություն` երկնիշ թվով ավելացել է, ինչը, սակայն, բնավ չէի պայմանավորի ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությամբ:
Միաժամանակ, կարող եմ պնդել, որ եթե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը չանդամակցեր, մեծ վնասներ կարող էինք ունենալ: Օրինակ, գազի գինը, կարծում եմ, չէր նվազեցվի: Մինչդեռ, մենք հիմա լավատեսական սպասումներ ունենք նաև աբխազական երկաթուղու վերաբացման առումով, ընդհանրապես, տարբեր գործընթացների` ավելի ազատական ռեժիմ և այլն: Գիտեք 800-900 արտադրատեսակների գծով Հայաստանին ժամանակավորապես (մինչև մրցունակության առավել բարձր մակարդակ ձեռք բերելը) տրված արտոնությունները, որի շնորհիվ երրորդ երկրներից ապրանքներն այստեղ, ի տարբերություն ԵԱՏՄ այլ երկրների, ներմուծվում են նախկին մաքսատուրքերով: Առնվազն դիլետանտ պետք է լինել` տեղյակ չլինելու համար այս գործոններին, փաստերին, և ասելու, թե բացասական ազդեցություն կա և այդ բացասական ազդեցությունը հենց Եվրասիական տնտեսական միությունից է»:
Նկատենք, որ Մերձբալթյան երկրները և Ուկրաինան վաղուց հնարավորություն ունեին դեպի Եվրոպա թեքվելու, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները փչացնելով, նույնիսկ թշնամանալով, այս կամ այն չափով թեքված էլ են: Իրենց մոտ տնտեսական վիճակը վերջին տարիներին հիմնական բնութագրիչներով ինչպիսի՞ն է… Օրինակ, Մերձբալթյան երկրներում կա՞ն եվրոպական երկրների լուրջ ներդրումներ արդյունաբերության ոլորտում: Մերձբալթյան երկրներից ինչ-որ արտադրանքներ լուրջ ծավալներով արտահանվո՞ւմ են եվրոպական երկրներ կամ Ամերիկա, իրացվո՞ւմ են այնտեղ: Այսինքն` իրենք Արևմուտքում շուկա ունե՞ն, թե արևմտյան շուկան նրանց ապրանքներին տեղ չի տալիս, որովհետև նրանք պահանջվող որակը չունեն, իսկ չունեն, քանի որ Արևմուտքը նրանց, հասկանալի պատճառներով, չի տվել (նվիրել կամ վաճառել) որակյալ, մրցունակ արտադրանքներ արտադրելու համապատասխան տեխնոլոգիաներ ու սարքավորումներ:
Տեսնենք նաև, թե այն երկրները, որոնք եվրոինտեգրացիայի ճանապարհը բռնել են և Եվրամիության անդամ են` Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Մերձբալթյան երկրները և ուրիշներ, ինչպես նաև հետխորհրդային տարածքի այն երկրները, որոնք միանշանակ կողմնորոշված են դեպի Եվրամիություն, մինչ այժմ ի՞նչ արդյունքներ են ստացել:
«Եթե Հայաստանի Հանրապետության համար, օրինակ, բացի տնտեսական խնդիրներից, տնտեսական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության տեսանկյունից մեծագույն սպառնալիք է նաև արտագաղթը, ապա Մերձբալթյան երկրներում բնակչության բնական աճ չկա, և ուղղակի գյուղեր են ամայանում, քաղաքները թերբնակեցված վիճակում են հայտնվում, ընդ որում, Մերձբալթյան բոլոր երեք երկրներում,- ասաց տնտեսագետը:- Դրանից բացի, գրանցվել է արտադրության մակարդակի անկում բոլոր ուղղություններով` և՛ գյուղատնտեսություն, և՛ արդյունաբերություն: Օրինակ, ռադիոէլեկտրոնիկայի, կենցաղային իրերի արտադրությունը, ինչով Մերձբալթյան երկրները ժամանակին որոշակի համբավ, հեղինակություն, այսպես ասած, բրենդ ունեին, բոլորը վերացել են: Եվրոպական տեխնիկական ստանդարտները թույլ չեն տալիս այդ ապրանքները սպառել եվրոպական շուկայում: Նախկին` ռուսական և խորհրդային շուկան չկա և, բնականաբար, այլընտրանքից զրկվել են:
Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրները Մերձբալթյան երկրներում լուրջ արտադրություններ չեն հիմնել, լուրջ ներդրումներ չեն կատարել արտադրության ոլորտում, տեխնոլոգիաներ և արտադրական սարքավորումներ չեն նվիրել կամ վաճառել: Նույնը միանշանակ կարելի է ասել Բուլղարիայի մասին:
Բուլղարական մեզ հայտնի պահածոները` պղպեղի, լոլիկի և այլն, որոնք մեծ համբավ ունեին Խորհրդային Միությունում, այսօր եվրոպական շուկայում պարզապես տեղ չունեն: Նույնը վերաբերում է Ռումինիայի տնտեսությանը, Հունգարիայի տնտեսությանը: Այդ բոլոր երկրներում սարսափելի հետընթաց կա բոլոր տնտեսական ցուցանիշների գծով: Ավելին. կոռուպցիայի մակարդակը եթե դիտարկենք վերջին տարների և, ընդհանրապես, վերջին ավելի քան 10 տարվա կտրվածքով` հիմք ընդունելով «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հրապարակած տվյալները, նույնպես հետընթաց և լրջագույն սպառնալիքներ կան: Ինչ վերաբերում է Ուկրաինային և Վրաստանին, որոնք վերջին տարիներին եվրոպական ինտեգրման հստակ կուրս են վերցրել, ապա այնտեղ էլ վիճակը մխիթարական չէ, հատկապես Ուկրաինայում:
Եթե համեմատում ենք բնական հարստությունների և մարդկային ռեսուրսների առումով, ապա տեսնում ենք, որ Ուկրանիան եվրոպական առաջատար երկրներից, օրինակ, Ֆրանսիայից շատ ավելի հարուստ է: Սակայն, Ուկրաինան ոչ միայն չկարողացավ հաջողությամբ, արդյունավետ կերպով իրացնել իր ռեսուրսները և դուրս գալ մրցունակության բարձր մակարդակ, այլև համախառն ներքին արդյունքի այն ծավալները, այն ցուցանիշները, որոնք ուներ մինչև հայտնի ցնցումները, էապես կորցրեց, դրանք երկու անգամ նվազել են: Սա եղավ այն գինը, որն Ուկրաինան վճարեց եվրոինտեգրման այս ամբողջ գործընթացների համար: Մինչդեռ, բոլորովին վերջերս Եվրամիությունից շատ հստակ ուղերձ եղավ, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը չեն կարող տեսանելի ապագայում ընդգրկվել Եվրամիության կազմում: Այդպիսի ուղերձ եղել է նաև ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու, անդամակցելու առնչությամբ:
Վրաստանում գործընթացները, իհարկե, մեզ տպավորում են օրինապաշտության առումով, օրենքի գերակայության առումով բավական դրական տեղաշարժեր տեղի ունեցան Վրաստանում, և Վրաստանն այսօր չի կարելի համեմատել, ասենք, 15 տարի առաջվա Վրաստանի հետ: Բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց թե ի՞նչ նստեց Վրաստանի վրա դեպի Արևմուտք կողմնորոշումը, և ինչից զրկվեցին, սա ևս արժե հիշատակել կամ հիշել:
Սահակաշվիլու ժամանակվա Վրաստանում նախագահը, վարչապետը, նախարարները, պետական շատ այլ չինովնիկներ ստացան բավական բարձր աշխատավարձեր, բայց չմոռանանք, որ այդ գումարները փոխանցվում էին Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից, ինչը չեն թաքցնում ոչ Միացյալ Նահանգները, ոչ Վրաստանը: Դա այն գումարն էր, որը վճարվեց արևմտյան կողմնորոշման համար: Վրաստանն այսօր տնտեսական ցուցանիշների առումով նույնպես բավական լուրջ հետընթաց ունի, վրացական լարին 2015 թվականին բավական լուրջ ցնցումներ է ունեցել, ինչն ավելի է դժվարացնում տնտեսության առաջխաղացումը»:
Իսկ մենք ընդհանրապե՞ս պետք է հրաժարվենք Եվրամիության հետ համագործակցությունից:
«Իմ ասածները բնավ չեն նշանակում, թե Հայաստանը չպետք է շարունակի Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը,- պարզաբանեց պարոն Մանասերյանը:- Ճիշտ հակառակը` մեզ համար Եվրամիությունը եղել և մնում է մրցունակության առումով, ներդրումների գրավչության առումով, էտալոնային տարբեր առումներով բավական ուսանելի ինտեգրացիոն ձևաչափ: Սակայն, չպետք է մոռանանք, որ Հայաստանի տնտեսությունն առայժմ շատ խոցելի վիճակում է գտնվում, և անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա բավարար թթվածին` հասնելու այդ նշաձողերին:
Մեզ համար շատ ավելի կարևոր է մեր առանձին ապրանքների և ծառայությունների գծով մրցունակության մակարդակը Եվրոպայում ընդունելի դարձնելն ու պահանջարկ ձևավորելը, քան ներկայիս քաղաքական կոչերին տրվելը, որոնցում ես որևէ լուրջ բան չեմ տեսնում: Ամեն ինչից զատ, Եվրոպան այսօր բավական լուրջ խնդիրների առջև է կանգնած և դրանք դեռ չի լուծել: Ո՛չ Հունաստանի խնդիրն է լուծված, ո՛չ Պորտուգալիայի, ո՛չ Իսպանիայի արտաքին պետական պարտքի:
Այլ խնդիրներ էլ կան, չմոռանանք, որ Մեծ Բրիտանիան բոլորովին վերջերս լքեց Եվրամիությունը, և խոսում են այդ կառույցում հնարավոր ցնցումների մասին: Այսինքն` իրատեսական և արդյունավետ եմ համարում Եվրամիության հետ համագործակցությունը որոշակի ուղղություններով, որը մեր երկրին օգուտ կբերի և նաև փոխշահավետ կլինի Եվրոպայի համար, քան Հայաստանի կողմնորոշման ուղղությունը դեպի Եվրամիություն փոխելու կոչերին հետևելը, որոնց հետևանքները պետք է, իրենց մի քիչ նեղություն տալով, հաշվարկեն այդ կոչերի հեղինակները, գիտակցեն, թե դա ինչ կնստի Հայաստանի վրա: Նրանց առաջարկած Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությունը կնշանակի զրկել մեր երկիրն այսօր ունեցած ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորություններից, կողմնորոշել մի ուղղություն, որից օգուտների փոխարեն վնասներ ստանալու մասին այլ երկրների օրինակով արդեն նշեցի: Եվրասիական տնտեսական միությունը նսեմացնելն ու չարիք ներկայացնելը, կարծում եմ, անընդունելի է»:
Հուսանք, որ այս ամենից ընտրողները և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիները համապատասխան հետևություններ կանեն:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play