Ընտրվելու դեպքում ՀՅԴ պատգամավորության թեկնածուն Երևանյան լիճը կվերածի հանգստի գոտու (տեսանյութ)


Ընտրվելու դեպքում ՀՅԴ պատգամավորության թեկնածուն Երևանյան լիճը կվերածի հանգստի գոտու (տեսանյութ)

  • 31-03-2017 18:12:45   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանյան լիճը կվերածվի հանգստյան գոտու, եթե Երևանի թիվ 3 ընտրատարածքում (Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ) ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու,  ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանն ընտրվի: 
Ինչպես մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ պատգամավորության թեկնածուն, ընտրությունների նախաշեմին մի քանի քաղաքական ուժերից է պատգամավորության թեկնածուի առաջարկություն ստացել, սակայն չի համաձայնել:
Ժ. Ասրյանի խոսքերով` միայն ՀՅԴ-ի դեպքում է անվարան համաձայնել, քանի որ այդ կուսակցությունն իրեն հոգեհարազատ է համարում, նաև նույն գաղափարներն են կիսում. այն է` ազգասիրություն և հայրենասիրություն: 
Որպես պատգամավորության թեկնածու` անդրադառնալով իր առաջարկած ծրագրային դրույթներին`  Ժ. Ասրյանն ընդգծեց, որ այն գրեթե չի տարբերվում կուսակցության ընդհանուր ծրագրից: 
Այդուհանդերձ, ընտրվելու դեպքում բանախոսն ընդգծեց, որ առաջնահերթ անդրադառնալու է Երևանյան լճին և ձեռնամուխ է լինելու այն ծրագրի իրականացմանը, որով Երևանյան լճի տարածքը բարեկարգվելու է: 
«Ժամանակին այնտեղ ծրագրված էր այլ միջոցներ ձեռնարկել, որպեսզի լիճը լիարժեքորեն ծառայեր հասարակության հանգստին, սակայն տարիների ընթացքում այդ ամենը վերացավ, և հիմա ժողովուրդը շնչում է կեղտոտ օդ, հանգստանալու վայր չունի, հետևաբար ծրագրել ենք դրանով զբաղվել»,- ասաց նա` հավելելով, որ  այդ ծրագիրն իրականություն դարձնելու հարցում մեծ անելիք ունեն ճարտարապետները: 
Ժ. Ասրյանի փոխանցմամբ` ճարտարապետներն արդեն իսկ պատրաստակամություն  են հայտնել ըստ նախագծի` իրագործել ծրագիրը: 
«Հայոց հողի վրա հայոց պետականություն» կարգախոսով առաջնորդվող ՀՅԴ թեկնածուի կարծիքով` Հայաստանն այնքան հոգսաշատ է, և այստեղ այնպիսի սոցիալական ծանր խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ տարբերակել մեկը մյուսից:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play