Ապրիլի 2-ին Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելն այլևս կասկածի տակ է


Ապրիլի 2-ին Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելն այլևս կասկածի տակ է

  • 31-03-2017 13:59:07   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ապրիլի 2-ին Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելն այլևս կասկածի տակ է: Նման կարծիք մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը: 
Ըստ նրա` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործընթացը վերահսկող գլխավոր մարմինը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) օրենսդրությամբ սահմանված իր գործառույթներն իրականացնելու առումով անգործության է մատնված և չի ապահովում թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ նախապայմանների առկայությունը: 
«Նախընտրական քարոզչության վերաբերյալ մեր գնահատականների մի մասը վերաբերում է ԿԸՀ-ին, մասնավորապես, վերջինս նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ պատշաճ պատասխաններ չի տրամադրել, երկրորդ` ԿԸՀ-ի կողմից հանրագրերում բարձրացված հարցադրումներն ամբողջական ծավալով և բազմակողմանի քննության չեն առնվել և երրորդ` ԿԸՀ-ն բավարար ջանքեր չի գործադրել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- ասաց Ա. Սաքունցը` ընդգծելով, որ նախընտրական քարոզչության ընթացքում այդպես էլ ոչ ոք ուշադրություն չի դարձրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի` Անդրեաս Ղուկասյանի` կալանքի տակ գտնվելու հանգամանքին: 
Նրա խոսքերով` անազատության մեջ գտնվող Անդրեաս Ղուկասյանն այդպես էլ չի կարողացել պատշաճ կերպով իր նախընտրական քարոզչությունն իրականացնել. «Մեր համոզմամբ` նա քաղաքական հետապնդման զոհ է, և սա շատ ուշագրավ բնութագրերից մեկն է Հայաստանում 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասով»: 
Անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումներին` Ա. Սաքունցը տեղեկացրեց, որ բռնությունների և ճնշումների վերաբերյալ ահազանգեր ստացվել են 13 ընտրատարածքներից 12-ում, բարեգործության տակ քողարկված ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ` 13 ընտրատարածքներից 11-ում, իսկ վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերի վերաբերյալ` 13 ընտրատարածքներից 8-ում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն