Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը ևս դիտորդություն կիրականացնեն ընտրատեղամասերում


Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը ևս դիտորդություն կիրականացնեն ընտրատեղամասերում

  • 31-03-2017 16:21:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Սփյուռքահայ հայտնի մշակութային գործիչներ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանն ի թիվս 3400 այլ քաղաքացիների` ապրիլի 2-ին դիտորդական առաքելություն են իրականացնելու ընտրատեղամասերում: Ինչպես մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը, աննախադեպ մեծածավալ դիտորդական առաքելության շրջանակներում 3400 դիտորդները գտնվելու են Հայաստանի 1500-ից ավելի ընտրատեղամասերում` ծածկելով հանրապետության բոլոր ընտրատեղամասերի 75 տոկոսը: 
Ըստ նրա` դիտորդական առաքելությունն ունենալու է նաև 38 շրջիկ խմբեր, որոնք կազմված են տարածքային հանձնաժողովների թվին համապատասխան և շրջելու են այդ հանձնաժողովների սպասարկման տարածքներում:  
Ներկայացնելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը` Լ. Հակոբյանը նշեց, որ այն մի քանի հասարակական կազմակերպությունների ոչ ֆորմալ կոալիցիա է, որի մեջ մտնում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» ՀԿ-ն, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: 
«Դիտորդական առաքելությունն ունենալու է մեծ կենտրոն, որտեղ գործելու են հեռախոսային օպերատորներ, ովքեր պատասխանելու են դիտորդների զանգերին, ինչպես նաև մեծ իրավական թիմ` բաղկացած մոտ 40 հոգուց»,- ասաց նա` հավելելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն իրականացնելու են անկախ և անկողմնակալ դիտորդություն: 
Բացի այս, Լ. Հակոբյանը նաև փոխանցեց, որ դիտորդների կողմից արձանագրված իրավախախտումներով զբաղվելու են ոչ միայն իրավաբանները, որոնք վերջիններիս բողոքի տեսք են տալու, այլև այդ խախտումներն արտացոլվելու են «Քաղաքացի դիտորդի» կողմից մշակված ինտերակտիվ քարտեզում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play