Չգիտես զավեշտի՞, թե տրագիկոմեդիայի շարքին դասել Օսկանյանի արձագանքը


Չգիտես զավեշտի՞, թե տրագիկոմեդիայի շարքին դասել Օսկանյանի արձագանքը

  • 31-03-2017 18:54:04   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՕՐՕ դաշինքն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդես գալով քարոզարշավն ամփոփող մամուլի ասուլիսով, աշխատեց ոչ այնքան ամփոփել անցած մեկ ամսվա ընթացքում կատարած քարոզչական աշխատանքը, որքան լրագրողների հետ մինչ ընտրություններ այս վերջին հանդիպումը նույնպես ծառայեցնել քարոզչական նպատակների: Սակայն այն, թեկուզ ակամայից, ինչ-որ առումով ստացվեց հակաքարոզչություն… 
ՕՐՕ-ի առաջնորդներից ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը փնովեց ներկայիս արտգործնախարարության աշխատանքը, սակայն գրեթե չհիմնավորեց, թե վերջինս ի՞նչ չի արել և ինչն է սխալ արել: Անշուշտ, արտգործնախարարության աշխատանքն անթերի չէ, նախաձեռնողական կամ բավարար չափով նախաձեռնողական չէ և այլն, բայց, մեղմ ասած, առնվազն արդարացի և բարոյական չէ ՀՀ արտգործնախարարությանը մեղադրելը Արցախյան հիմնախնդիրը չլուծելու մեջ: Այսինքն` ի՞նչ պետք է աներ արտգործնախարարությունն այդ առումով, որ չի արել, ուրիշ ի՞նչ զիջման պետք է գնար, որին չի գնացել: Արտգործնախարարն էլ, ՀՀ նախագահն էլ չեն թաքցրել, որ Ադրբեջանի կողմից Արցախի անկախ կամ հանրաքվեով ընդունվելիք կարգավիճակի ճանաչման դիմաց պատրաստ են ազատագրված տարածքները, համենայն դեպս, դրանց մեծ մասը զիջել, ինչն, անշուշտ, անթույլատրելի է: Սակայն, Ադրբեջանը դրան առ այսօր չի համաձայնել, դրանով չի բավարարվում, ամբողջն է ուզում, դեռ մտքում էլ ունենալով դրանից հետո Սյունիքն ու Երևանը տիրելը:
Չգիտես զավեշտի՞, թե տրագիկոմեդիայի շարքին դասել Օսկանյանի արձագանքը «Առավոտ»-ի լրագրողի հարցին: Երբ վերջինս նշեց, որ ամերիկյան «Գելափ» կազմակերպությունը կրկին հրապարակել է ՀՀ ընտրողների շրջանում իր հարցումների արդյունքները, ըստ որոնց, ՕՐՕ դաշինքը ստանալու է ընտրողների քվեների ընդամենը 4 տոկոսը, Սեյրան Օհանյանին մարդիկ դրական են վերաբերվում ճիշտ այնքան, որքան Սերժ Սարգսյանին (39 տոկոս), Րաֆֆի Հովաննիսյանի վարկանիշը 36 տոկոս է, Վարդան Օսկանյանինը` 33 տոկոս` ավելի քիչ, քան Էդմոն Մարուքյանինն ու Քոչարյանինն է, ապա այս առնչությամբ հարցրեց Օսկանյանի կարծիքը, վերջինս ասաց.
««Գելափ»-ի մասով ես ասեմ, այդ կազմակերպությունն ուղղակի գոյություն չունի… Չկա այդպիսի կազմակերպություն, չկա, դա հնարած կազմակերպություն է հենց նախագահականի կողմից, նրանց ֆինանսավորմամբ, այդպիսի բան ուղղակի գոյություն չունի»:
Ասուլիսում հանդես եկան նաև ՕՐՕ-ի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հայաստանի նորագույն հանրապետությունում ձեր կյանքի օրերին տեղի չի ունեցել իշխանությունների փոփոխություն ազատ և արդար ընտրությունների միջոցով, երբեք մեր հանրապետությունը չի ունեցել իշխանությունների փոփոխություն ազատ և արդար ընտրությունների միջոցով, և սա պարզապես անհրաժեշտ է մեր երկրի համար, որովհետև այդ արդար պահանջը, այդ նաև հայավայել չափանիշի իրացումը կապ ունի թե՛ մեր արտաքին քաղաքականության հետ, թե՛ նորմալ, արդյունավետ կառավարում ունենալու հրամայականի հետ, թե՛ նաև աղքատությունը, արտագաղթը և նման հոռի երևույթները նվազեցնելու և հետո կանգնեցնելու հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա այս խոսքից ստացվեց, որ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նրան հաջորդած նախագահների կողմից իշխանության գալը չի եղել ազատ և արդար ընտրությունների միջոցով: Եթե այդպես է, ապա սկզբունք ու բարոյականություն ունեցող մարդը պետք է հրաժարվեր անազատ և անարդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության կողմից իրեն առաջարկված պետական պաշտոնից, առավել ևս` պետության այս կամ այն ոլորտի ղեկավարման հետ կապված պաշտոնից: Սակայն, այսօրվա ասուլիսի պահին Րաֆֆի Հովհաննիսյանից ընդամենը 1 մետր հեռու նստած Վարդան Օսկանյանը, որի և Սեյրան Օհանյանի հետ հետ Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք է կազմել, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` արտաքին գործերի նախարարը: Այս փաստերը նշելուց հետո հարկ կա՞ ինչ-որ մեկնաբանության…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play