Ուղիղ հեռարձակումների հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է․ ԿԸՀ քարտուղար


Ուղիղ հեռարձակումների հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է․ ԿԸՀ քարտուղար

  • 02-04-2017 11:52:46   | Հայաստան  |  Քաղաքական



Ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկներից Electtionsonline.am կայքում ուղիղ հեռարձակումը չի աշխատում, քանի որ կայքը աննախադեպ մեծ թվով այցելուներ է ունեցել, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով խափանումները՝ քիչ առաջ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
 
«Կայքը, որտեղ դրված է ուղիղ հեռարձակումը, այնպիսի մեծ մուտքեր է միանգամից ունեցել, որ կարծես թե այնտեղ ինչ-որ տեխնիկական խնդիր կա, որը, կարծում եմ, բնական է, որովհետև այսպիսի աննախադեպ նկարահանում, օնլայն հեռարձակում Հայաստանում երբևէ տեղի չի ունեցել», - նշեց ԿԸՀ քարտուղարը:
 
Սմբատյանը հիշեցրեց, որ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ որևէ կապ չունի:
 
«Մենք ընդամենը աջակցում ենք այդ ընկերությանը, որը իրականացնում է, քանի որ ընկերությունը իրականացնում է մրցույթի միջոցով շահած կոմերցիոն ծրագիր և նրանց համար ևս, կարծում եմ խնդիր է, որպեսզի իրենք այս մեծ միջոցառման տակից կարողանան դուրս գալ պատվով», - հավելեց ԿԸՀ ներկայացուցիչը՝ ընդգծելով․ - «Քաղաքական ոչ մի բան փնտրել այստեղ ուղղակի հնարավոր չէ, զուտ տեխնիկական է, քանի որ բոլոր ռիսկերը ուղղակի հնարավոր չէր նախօրոք հաշվարկել»:
Նոյյան տապան  -   Քաղաքական