Զոլաքարում դիտորդ է ծեծի ենթարկվել


Զոլաքարում դիտորդ է ծեծի ենթարկվել

  • 02-04-2017 17:21:01   | Հայաստան  |  Քաղաքական

 
21-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը չի կարողանում վերահսկել իրավիճակը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասած 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցչ Լիանա Հովհաննիսյանը:
 
Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է  տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում:
Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող:
 
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն տեղամասում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին:
 
«Ես այդ պահին տեղամասում չեմ եղել. օրենքն արգելում է նույն կազմակերպությունից երկու դիտորդի ներկայությունը տեղամասում, հետևաբար, երբ ես եկել եմ այդ տեղամաս, մյուս դիտորդի համար ելք է գրանցվել ու իր փոխարեն ես եմ մտել, ապա, իմ հեռանալուց հետո, ինքը նորից փորձել է գրանցվել և  շարունակել իր դիտորդական առաքելությունը, սակայն նրան մերժել են, հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, թե դիտորդները արդեն չափից դուրս շատ են, ու ծեծելով դուրս են արել իրեն»,- հավելեց Լիանա Հովհաննիսյանը:
 
Panorama.am-ը փորձեց պարզաբանում ստանալ 8-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Խանում Ղազարյանից, ով նշեց, թե դիտորդի՝ ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն չունեն, իսկ խմբակային քվեարկությունների առնչությամբ հավելեց, թե ստացվել է նման ահազանգ, գնացել են այդ ընտրատեղամաս, և ամեն ինչ շտկվել է. այժմ ամեն բան ընթանում է նորմալ:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական