ՀՀԿ-ն և Ծառուկյանը միասին՝ 77 տոկոս


ՀՀԿ-ն և Ծառուկյանը միասին՝ 77 տոկոս

  • 03-04-2017 08:42:48   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, Ազգային ժողով են անցնում 4 ուժեր, որոնցից երկուսը՝ ՀՀԿ-ն և Ծառուկյանը միասին ստացել են 77 տոկոս: ԵԼՔ-ը և ՀՅԴ-ն հաղթահարում են համապատասխանաբար 7 և 5 տոկոսի շեմը:
 
Մի երկրում, որտեղ աղքատ է բնակչության 30 տոկոսը՝ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին, իսկ իշխող ուժը ընտրություններում (արդար կամ կեղծված) ստանում է քվեների կեսը, դա անհաջողություն է երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի համար:
 
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին՝ 2008-ից ի վեր, աղքատության ցուցանիշը 20 տոկոսից հասել է 30-ի: Այսպիսով, որքան մեծանում է աղքատների թիվը, այնքան ակնհայտ է դառնում ժողովրդին աղքատացնող ուժի հաջողությունը ընտրություններում:
Նման բան կարող է տեղի ունենալ միայն ավտորիտար երկրներում:
 
Թեև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին երկրից արտագաղթել է 350 հազար մարդ, դա չի խանգարել, որ իշխող կուսակցությունը արձանագրի ամենաբարձր արդյունքներ Հայաստանի ընտրությունների պատմության մեջ:
 
Հայաստանի արտաքին պարտքը 2008-ի համեմատ եռապատկվել է և հասել 6 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության և ՀՀԿ-ի իշխանության ամեն օր Հայաստանը կուտակում է 1,2 միլիոն դոլար պարտք։ Սակայն կրկին, ՀՀԿ-ն ստանում է անհավատալի և աննախադեպ բարձր թվեր:
 
Նորմալ, ժողովրդավարական երկրում նման բան պատկերացնել անհնար կլիներ:
 
Ընտրությունների արդյունքների ելքի վրա որևէ ազդեցություն չթողեց նաև Ապրիլյան պատերազմը: Տարածքային և մարդկային կորուստները, բանակում տեղ գտած չարաշահումները թվում է, պետք է ազդեցություն թողնեին: Պարզվեց, որ դա էլ էական չէ: Ավելի ճիշտ, ազդեցություն թողեցին, բայց կրկին հօգուտ ՀՀԿ-ի:
 
Ապրիլի 2-ին ՀՀԿ-ն տոնում է հաղթանակ, բայց դա պյուռոսյան հաղթանակ է:
 
Սա ավելի շատ ՀՀԿ-ի հաղթանակն էր Հայաստանի և նրա ժողովրդի նկատմամբ:
 
Յուրաքանչյուր ընտրություն նոր հույս է արթնացնում: Այս ընտրություններով ևս մեկ անգամ հույսերն ու սպասելիքները սպանվեցին:
Եթե Հայաստանում տեղի ունենա տնտեսական հրաշք կամ երկիրը բռնի արդարության ճանապարհը, ապա միայն այդ դեպքում է հնարավոր կանխել նոր արտագաղթի ալիքը:
 
Եթե ոչ, ապա առաջիկա տարիներին, ինչպես նախորդ 9 տարիներին, Հայաստանը կշարունակի արյունաքամ լինել և զրկվել ամենաթանկից՝ իր քաղաքացիներից, որոնց անհուսությունն ու իշխանությունների ցինիզմը մղում է պանդխտության:
 
Մարդիկ կամ մարդկանց մի մասը փոփոխություններ էր ակնկալում և ահավոր հոգնել էր Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ի իշխանությունից:
Ապրիլի 2-ը, սակայն, ավելի է ամրապնդում Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից չհեռանալու ավելի վաղ կայացրած որոշումը:
 
Ժամանակին մարդիկ կամ մարդկանց մի մասը հոգնել էր Լևոն Տեր-Պետրոսյանից և իշխող ՀՀՇ-ից: Տեր-Պետրոսյանի հեռանալը դրական փոփոխությունների հույս ներշնչեց: Այստեղ այնքան էլ կարևոր չէ՝ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո դրական փոփոխություններ եղա՞ն, թե՞ ոչ: Կարևորն այն էր, որ Տեր-Պետրոսյանից և ՀՀՇ-ից հոգնածների մոտ փոփոխությունների հույս ծնվեց:
 
Նույնը՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Թե ինչպիսին են եղել նրա նախագահության 10 տարիները, խոսակցության այլ, երկար թեմա է: Կարևորն այն էր, որ Քոչարյանը ևս հեռացավ կամ ստիպված եղավ հեռանալ:
 
Հայաստանի, նրա ժողովրդի ու քաղաքական համակարգի դժբախտություն այն է, որ 10 տարի իշխելուց հետո Սերժ Սարգսյանը կարող է մնալ ևս 10 տարի կամ ավելի՝ դրանից բխող բացասական հետևանքներով՝ արտագաղթ, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների խորացում, տնտեսության անկում, անպատժելիություն, կոռուպցիա:
 
Թաթուլ Հակոբյան
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play