Ինչպես է քվերակել Հովիկ Աբրահամյանը


Ինչպես է քվերակել Հովիկ Աբրահամյանը

  • 03-04-2017 18:25:44   | Հայաստան  |  Վերլուծություն


Ապրիլի 2-ին մեկնարկած խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցեց Հայաստանի քաղաքական գրեթե ամբողջ ներկապնակը: Լրատվամիջոցները մանրամասն հայտնեցին, թե ինչպես են քվեարկել Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ընտրությանը մասնակից մնացյալ սուբյեկտների առաջնորդները՝ Սեյրան Օհանյանը, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը եւ այլք:

Հայտնի դարձավ, որ չի քվեարկելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ Քոչարյանը գտնվում է Մոսկվայում, մասնակցում է Սիստեմա ընկերության տնօրենների հավաքին ու Երեւան կվերադառնա ուշ, այսինքն չի հասցնի ընտրել՝ տեղամասերը կլինեն փակված:

Հայաստանյան քաղաքական ներկապնակի վերաբերյալ տեղեկատվությունը սակայն շրջանցեց այդ ներկապնակի վառ գույներից մեկին՝ Հովիկ Աբրահամյանին: Նա իհարկե այլեւս բարձրաստիճան պաշտոնյա չէ, չի առաջնորդում ընտրության մասնակից որեւէ ուժ՝ դե յուրե, հեռացել է նաեւ ՀՀԿ-ից, բայց նա անկասկած շարունակում է մնալ Հայաստանի ներքաղաքական գործընթացի նշանակալից ինտրիգներից մեկը:

Ավելին, Հովիկ Աբրահամյանի անունը նաեւ շոշափվում էր նախընտրական արշավի ընթացքում, մասնավորապես նրա հայրենի Արարատի մարզում առկա իրավիճակի մասով: Արարատի մարզը քարոզարշավի ամբողջ ընթացքում աչքի ընկավ որոշակի լարվածությամբ: Ընդ որում, ուշագրավն այն էր, որ լարվածությունը հիմնականում ՀՀԿ թեկնածուների շրջանակում էր: Մամուլում տեղեկություն էր հրապարակվում, որ այդ ամենում հնարավոր է Հովիկ Աբրահամյանի սաբոտաժային «մատնահետքը»:

Աբրահամյանն ինքը բացարձակապես չերեւաց նախընտրական որեւէ հրապարակում, ցավակցեց միայն Հաց Բերողի մահվան կապակցությամբ, ընդ որում բավական բազմիմաստ տեքստով:

Հովիկ Աբրահամյանի փոխարեն նախընտրական գործընթացի մասնակից է նրա որդին, Արգամ Աբրահամյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Արգամ Աբրահամյանը, որն Արտաշատի քաղաքապետն է, Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածու է:

Աբրահամյանը աչքի ընկավ նրանով, որ չէր դիմավորել Արարատի մարզում քարոզարշավի շրջանակում Արտաշատ ժամանած ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանին:

Մամուլում Հովիկ Աբրահամյանի մասին տեղեկություն հայտնվեց, թե նա իր մտերիմներին ու համակիրներին ասել է, թե «տեսեք դեռ ինչեր են լինելու, ապրիլի 3-ից արթնանալու ենք բոլորովին այլ Հայաստանում»:

Այդ ամենի համատեքստում, ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը կարծես թե դուրս մնաց ապրիլի 2-ի լրահոսից: Համենայն դեպս որեւէ տեղ չներկայացվեց, թե արդյոք նա գնացել է իր «քաղաքացիական պարտքը» կատարելու: Չի բացառվում, որ պատրաստվել է գնալ, բայց լրահոսում տեսնելով, թե ինչպես են օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը մեկ առ մեկ գրեթե բոլոր մատները մոտեցնում սարքին՝ նույնականացվելու համար, որոշել է հրաժարվել ընտրության գնալուց, էլեկտրոնային սարքն ըստ էության համարելով «օտար» այնպես, ինչպես «մայր գետին» խառնվող «կեղտաջրերն» էր դիտարկել Սերժ Սարգսյանի հետ հայտնի բանավեճում:

Հովիկ Աբրահամյանը համարվել է Հայաստանում հաստատված ընտրական կամ վերարտադրության համակարգի հենասյուներից մեկը կամ հենասյունը, որի վրա է գործնականում երկար տարիներ եղել համակարգի ընտրական վերարտադրության բեռն ու պատասխանատվությունը:

Ներկայիս ընտրությունը անցկացվում է տեխնոլոգիական ներամուծություններով, եւ ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր հայտարարել, Հայաստանը տեխնոլոգիական հեղափոխություն է անում ընտրական գործընթացում:

Հայաստանի ընտրական համակարգի հենասյուն Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին հրաժարվել է հայտնվել նոր համակարգին դեմ առ դեմ եւ նույնիսկ «մատնահետք հանձնել» նույնականացման համար՝ նույնականացնելով այդ ամենը ընդհանրապես հանձնվելու հետ:

Իսկ Աբրահամյանը թե վարչապետի պաշտոնից, թե ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հայտարարել էր, թե չի հանձնվելու:

Թեեւ իհարկե չի բացառվում, որ Աբրահամյանը քվեարկել է, բայց այնպես, որ ոչ ոք չտեսնի:

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play