ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը և մեր մեկնաբանությունն այդ առնչությամբ


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը և մեր մեկնաբանությունն այդ առնչությամբ

  • 03-04-2017 18:33:34   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը 2016թ. ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։
Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:
Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝
– Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։
– Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։
– Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է»:
Նախ, նկատենք, որ այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով, առաջին հերթին, պաշտպանեցին հայրենիքը, արժանի հակահարված տալով թշնամուն, թույլ չտվեցին, որ նա առաջանա և կարողանա գրավել ավելին, քան գրավեց: Հիմա անդրադառնանք պարտադրելուն: Մեր հերոսները մեզ ակնառու կերպով ցույց տվեցին բարեփոխումներ կատարելու կենսական անհրաժեշտությունը: Այո, բարոյական առումով պարտադրեցին դասեր քաղել և երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել, սակայն բոլորովին այլ խնդիր է, թե իշխանությունները որքանով ենթարկվեցին այդ պարտադրանքին ու դասեր քաղեցին, որքանով արմատական փոփոխություններ նախաձեռնեցին երկրում և նախաձեռնեցի՞ն ընդհանրապես… Սրանք հարցեր են, որոնց պետք շիտակ պատասխաններ տալ, միմիայն շիտակ պատասխաններ:
Այլապես ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունից ստացվում է, թե իշխանություններն ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո դասեր են քաղել և երկրում արմատական փոփոխություններ են նախաձեռնել, մեր երկրում նույնիսկ արդեն որակական փոփոխություններ են սկսվել, որոնք իրենք տեսնում են, իսկ հասարակության, կարծում եմ, մեծ մասը չի տեսնում: Ռազմական տեխնիկայի արդիականացման, այդ թվում նաև շփման գծում կանգնած մեր զինվորներին ու սպաներին հեռատեսիլներով և ջերմադիտակներով (գիշերադիտակներով) ապահովելու առումով (այն էլ, որքան տեղյակ եմ, դեռ ոչ ամբողջությամբ) նրանք, այո, դասեր քաղել են: Սակայն ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ, դատելով դրա համատեքստից, խոսքը ոչ թե կամ ոչ միայն այդ մասին է, այլև ավելի լայն իմաստով դասեր քաղելու և երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնելու:
Եկեք թեկուզ ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք. երկրում բարեփոխումներ իրականացնելու առումով իշխանություններն այդ ի՞նչ դասեր են քաղել և տեսանելի, շոշափելի այդ ի՞նչ փոփոխություններ են նախաձեռնել բոլոր էական հարցերում` կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում արդարության հաստատման, բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, աղքատության, գործազրկության ու ստվերի կրճատման, արտագաղթը կասեցնելու, կադրային արատավոր քաղաքականությանը վերջ տալու… Վերը նշված առումներով մեր երկրում սկսված այդ ի՞նչ որակական փոփոխությունների մասին է խոսքը:
Իշխանությունները ՀՅԴ Հայաստանի ԳՄ ակնարկած կամ նկատի առած այդ անհրաժեշտ դասերը, ցավոք, չքաղեցին և երկրում արմատական փոփոխություններ չնախաձեռնեցին նույնիսկ «Սասնա ծռեր»-ի հայտնի ընդվզումից հետո, որի զոհասեղանին նույնպես մարդկային կյանքեր էին դրվել, որը նույնպես մարդկային կյանքեր արժեցավ, ոմանք էլ հաշմվեցին:
Իր հայտարարությամբ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հավաստել է, որ «Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր»: Դա, իհարկե, գնահատելի է, քանի որ հիշյալ պայմանագրի ստորագրումը, կարծում եմ, իրոք, անհրաժեշտություն է: Անհասկանալի է միայն, թե նշված մարմինն ինչպե՞ս է հետամուտ լինելու, երբ նույնիսկ Ազգային ժողով անցնելու դեպքում լինելու է փոքրամասնություն:
 
Արթուր Հովհաննիսյան
  
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական