Հեռուստաեթերով ամենաշատը լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը. ուսումնասիրություն


Հեռուստաեթերով ամենաշատը լուսաբանվել է Հանրապետական կուսակցությունը. ուսումնասիրություն

  • 04-04-2017 16:14:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց «Հեռարձակվող ԶԼՄ-ներում 2017թ. ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները» անվանումով հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրությունը կատարվել է փետրվարի 14-ից մինչ քարոզչության ավարտն ընկած ժամանակահատվածում և ընդգրկել է Հանրային, Կենտրոն, Շանթ, Երկիր Մեդիա և Արմենիա հեռուստաընկերությունները։
 
Ամփոփելով ակումբի մշտադիտարկման արդյունքները՝ մամուլի ակումբի ղեկավարը նշեց, որ բոլորից շատ լուսաբանվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ապա «Ծառուկյան» դաշինքը, հաջորդիվ` Կոնգրես-ՀԺԿ-ն, ՀՅԴ-ն, ապա «Ելքը» դաշինքը։
 
Նավասարդյանը ընդգծեց, որ հեռուստաեթերում հայտնվելու հանգամանքը կարևորել են այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր երբևէ չէին գնացել հեռուստաընկերություններ՝ հարցազրույց տալու համար։ Մասնավորապես, հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ով և´ իր նախագահության ժամանակ, և´ դրանից հետո հարցազրույց տվել է միայն իր տանը և գրասենյակում՝ մի քանի լրագրողներ հրավիրելով. «Փաստորեն մենք տեսանք, որ պարոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ մեծ տեղ տվեց հեռուստատեսությանը, եթե որոշեց տալ նաև հարցազրույցներ»։
 
Մշտադիտարկող խումբը նույն դեպքը նկատել է նաև Գագիկ Ծառուկյանի պարագայում, ով ևս հարցազրույցները կազմակերպում էր իր տանը։
 
«Տարածքային ցուցակներում ներառված պատգամավորների թեկնածուների հավասար իրավունքի պահանջը չի կատարվել։ Չի կատարվել և նրա պատճառով, որ օրենսգրքում դրա վերաբերյալ հատուկ դրույթ չկա, ոչ էլ պրակտիկայում փորձեցին հարցը լուծել։ Փաստորեն՝ առանձին թեկնածուները, որոնք տարածքային ցուցակներում ներառված էին, ստացան ահռելի առավելություն մյուսների նկատմամբ, եթե հրավիրվում էին կամ հնարավորություն էին ստանում խոսել եթերով»,- նշեց Նավասարդյանը։
 
Մամուլի ակումբի ղեկավարը այս պարագայում ընդգծում է, որ հեռուստաեթերով ընտրատարածքի թեկնածուի եթերում երևալը կարող էր զգալի ազդեցություն թողնել ընտրողի մոտ։
 
Իսկ այն հակադարձմանը, թե թեկնածուների թիվը մեծ էր՝ հավասար եթերաժամանակ տրամադրելու համար, Նավասարդյանը ունի իր դիտարկումները և առաջարկությունները, որի մասին կխոսի օրեր անց։
 
Իրենց հաջորդ դիտողությունը՝ հեռուստաեթերում հեռարձակվող քարոզչական նյութերում բացակայել են բանավեճերը քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ասում է՝ ժողովրդավարությամբ առաջ գնացող երկրի համար սա մտահոգիչ հանգամանք է։ Նման պարագայում առաջարկում է այն ապահովել օրենսդրական կարգավորման կերպով, երբ օրենքը կպարտավորեցնի գոնե մեկանգամյա նման բանավեճի կազմակերպում, եթե այն տեղի չի ունենում կամավոր կարգով։
 
Խոսելով հնչող այն կարծիքի մասին, որ քաղաքական ուժերին հավասար ժամանակ է տրամադրվել քարոզչական լուսաբանման համար, Նավասարդյանը չի ընդդիմանում, սակայն այդ լուսաբանումների բովանդակային հատվածում խնդիրներ է տեսել։
 
Բացի այդ, ԵՄԱ-ի ուսումնասիրության արդյունքով նկատվել է, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Հանրապետական կուսակցությանը ընտրություններին նախորդող շաբաթում 6,6 անգամ ավելի շատ եթերաժամանակ է տրամադրվել, քան «Ազատ դեմոկրատներ»-ին. «Դա մեծ տարբերություն է, և այդ տարբերությունը ձևավորվեց նախընտրական քարոզչության ժամանակահատվածի վերջին շաբաթվա ընթացքում»,- նշեց նա։
 
Նավասարդյանն ասում է՝ նման տարբերություն կարող էր ձևավորվեր այն պարագայում, երբ հեռուտաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում այդ կուսակցության պատգամավորի երկու թեկնածուների հետ հարցազրույց կազմակերպեր։
 
Մնացած դեպքերում, նրա փոխանցմամբ, տարբերությունը այդքան ակնհայտ չի եղել։ Նաև այդ հեռուստաընկերության լուսաբանումները ուսումնասիրելով` պարզել են, որ Հանրապետական կուսակացության մասին նյութերը ներկայացվել են դրական կամ չեզոք համատեքստում։
 
Ոչ չեզոք լուսաբանման արդյունքները Բորիս Նավասարդյանը համեմատեց 2012, 2013 թվականների համապետական ընտրությունների հետ։ Նշեց, որ եթե 2012-ին ոչ չեզոք լուսաբանումը կազմել է 3,5%, 2013-ին՝ 2,2%, ապա այս քարոզարշավին այն հասել է 6,5 %-ի, չնայած այն հանգամանքին, որ ըստ նրա` միջազգային պարկտիկայում ոչ չեզոք լուսաբանման միջին ցուցանիշը մինչ 5% պետք է լինի։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը