Դաշնակցության դիրքերի փոքր-ինչ բարելավումը նրան որևէ առավելություն չի տա, եթե ՀՅԴ կամքը չի համընկնում խորհրդարանական մեծամասնության կամքին


Դաշնակցության դիրքերի փոքր-ինչ բարելավումը նրան որևէ առավելություն չի տա, եթե ՀՅԴ կամքը չի համընկնում խորհրդարանական մեծամասնության կամքին

  • 04-04-2017 16:55:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքը հիմք ընդունելով ԿԸՀ հրապարակած վարկանիշային քվեարկության նախնական արդյունքները, հրապարակել է ամենաշատ ձայն հավաքած ՀՅԴ վարկանիշային թեկնածուների ցանկը:
Ըստ այդմ, Երևանում ՀՅԴ-ից առաջատարը Սերգեյ Լոքյանն է, որը ստացել է 2524 քվե (Երևանի Ավան, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններ): Նրան հաջորդում են Վահան Գեղամյանը` 1983 քվե (Երևանի Ավան, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններ), և Հովհաննես Վարդանյանը` 1117 քվե (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ):
Կայքը ներկայացրել է նաև թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առավել շատ ձայներ ստացած թեկնածուների նախնական տվյալները`
«Ելք» դաշինքից այս ընտրատեղամասում առավել շատ ձայն է ստացել Գագիկ Կարապետյանը` 430 ձայն:
«Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը ստացել է 5325 ձայն, իսկ Խաչիկ Մանուկյանը` 5686 ձայն:
ՀՀԿ-ից` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը ստացել է 14 166 ձայն, ձայների առավել քանակով երկրորդ տեղում է Ռոլանդ Հայրապետյանը` 7349 ձայն:
ՀՅԴ թեկնածուներից` բժիշկ Տարոն Տոնոյանը ստացել է 3158 ձայն, Սամվել Թովմասյանը` 1406 ձայն, իսկ Սիրամարգ Ղուկասյանը` 1126 ձայն:
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացել է ՀՀԿ-ից Ավալյան Գրիգորը՝ 17 113 ձայն: Նրան հաջորդում է ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածու` Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ)՝ 8090 ձայն: ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանը ստացել է 5274 ձայն, հայտնի բժիշկ, ՀՅԴ-ից թեկնածու Արտավազդ Սահակյանը հավաքել է 1852 ձայն: «Ծառուկյան» դաշինքից Վարուժան Բաբաջանյանը ստացել է 5016 ձայն, «Ելք» դաշինքից Սիփան Փաշինյանը՝ 1080 ձայն:
ՀՅԴ-ն բոլոր մարզերից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակի մարզում: Այս կուսակցությունը Շիրակում ստացել է 12 հազար 277 ձայն։ ՀՅԴ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, նրա ձայների քանակն է՝ 3100։
Ծննդով արթիկցի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Մաթիլյանը հավաքել է 2639 ձայն, իսկ Մովսես Մանուկյանը՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը՝ 1991 ձայն։ ՀՀԿ-ից հեռացած, ՀՅԴ-ով առաջադրված Խաչատուր Վարագյանը, որը վերջերս նշանակվել է Շիրակի փոխմարզպետ, ստացել է 1068 ձայն։
Գեղարքունիքում ՀՅԴ-ից ամենաշատ ձայներն է հավաքել Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ձայների հետևյալ բաշխումն է եղել:
ՀՀԿ-ից ամենաշատ ձայն է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը` 14932 ձայն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստացել է 14430 ձայն, իսկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` 13248 ձայն:
ՀՅԴ-ից այս ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Իշխան Սաղաթելյանը` 3458 ձայն, և Արտաշես Նիկոյանը` 2177 ձայն:
Ընդգծենք, որ նշված ընտրատարածքներից որևէ մեկում ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից որևէ մեկն իր ստացած քվեների քանակով չի գերազանցել այլ կուսակցության կամ դաշինքի իր մրցակցին: Շիրակի մարզում ստացած քվեների քանակով, համաձայն ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, առաջատար դարձյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է 53.823 քվե (40,56 %):
Ամենաշատ ձայն հավաքած ՀՅԴ վարկանիշային թեկնածուներից, հնարավոր է, խորհրդարան անցնեն միայն Սուրեն Մանուկյանը և Ռոմիկ Մանուկյանը: Հավանական է համարվում, որ Դաշնակցությունից պատգամավորի մանդատ ստանան նաև Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Անդրանիկ Կարապետյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Եթե Դավիթ Լոքյանը, որը գործող կառավարության անդամներից է, հրաժարվեն պատգամավորի մանդատից, նրա փոխարեն պատգամավոր կդառնա տվյալ կուսակցության համամասնական ցուցակում նրան հաջորդող անձը:
Հիշենք, որ 2007թ. տեղի ունեցած չորրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա էր կազմել Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս եկավ կոալիցիայից և դարձավ ընդդիմություն։ 2016թ. ՀՀԿ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում ՀՅԴ-ն ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական և համեմատաբար ավելի ցածր մի շարք այլ պաշտոններ։
ՀՅԴ-ն Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններում (1990թ.) մեծամասնական ընտրակարգով ստացել էր 12 մանդատ (պատգամավորների ընդհանուր թիվը` 259), Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Ազգային ժողովի ընտրություններում (1995թ.) ստացել էր ընդամենը 1 մանդատ (մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Ռուբիկ Հակոբյանը), պատգամավորների ընդհանուր թիվը` 190, ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում (1999թ.)` 8 մանդատ, որից 5-ը` համամասնական ընտրակարգով (պատգամավորների ընդհանուր թիվը` 131), ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում (2003թ.)` 11 մանդատ, 11-ն էլ` համամասնական ընտրակարգով (պատգամավորների ընդհանուր թիվը` 131), ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում (2007թ.)` 16 մանդատ, 16-ն էլ` համամասնական ընտրակարգով (պատգամավորների ընդհանուր թիվը 131):
ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների (2012թ. մայիսի 6) արդյունքում ՀՅԴ-ն Ազգային Ժողովում ունի ընդամենը 5 մանդատ, հինգն էլ` համամասնական ընտրակարգով (պատգամավորների ընդհանուր թիվը` 131): Խմբակցության ղեկավարն է` Արմեն Ռուստամյանը, քարտուղարը` Աղվան Վարդանյանը:
Ակնհայտ է, որ ՀՅԴ-ի համար վատագույնը եղել են 1995թ. ընտրությունները, լավագույնը` 2007 թվականի: 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ից, ամենայն հավանականությամբ, պատգամավորական մանդատ կստանան 7 կամ 8 հոգի, այսինքն` այժմ դեռ գործող խորհրդարանի համեմատ, Դաշնակցությունը մի փոքր կբարելավի իր դիրքերը, սակայն դա նրան որևէ առավելություն չի տա այս կամ այն օրենքի նախագծի ընդունման կամ ընդունումը մերժելու հարցում, եթե ՀՅԴ կամքը չի համընկնում խորհրդարանական մեծամասնության կամքին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական