Զարմանում եմ, ինչպե՞ս կարողացավ ժողովուրդն այսպես ծախվել (տեսանյութ)


Զարմանում եմ, ինչպե՞ս կարողացավ ժողովուրդն այսպես ծախվել (տեսանյութ)

  • 05-04-2017 12:58:23   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այս ընտրական գործընթացը խնամքով թաքցված շոու էր։ Նման գնահատական ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին տվեց Երևանի թիվ 3/18 ընտրատեղամասում  ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Գոհար Արշակյանը։ 
Ըստ նրա, թե իշխանությունները, թե թաղային հեղինակություններն այնքան նուրբ ու մանրակրկիտ էին աշխատել, որ ապահովեցին հասարակության ակտիվ մասնակցություն։ 
Գ․ Արշակյանի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, ասես մարդկանց բերման են ենթարկել ընտրատեղամասեր: 
Բանախոսի կարծիքով՝  այս ընտրությունները նոր թափով զարկ կտան արտագաղթին։ 
«Շատ ամաչում եմ, որ իշխող կուսակցությունը շռնդալից հաղթանակ տարավ, հետո էլ համազարկեր տվեց»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ այսպես ծախվել։ 
Գ. Արշակյանի խոսքերով՝ ընտրողների միայն 10 տոկոսն է սկզբունքայնություն դրսևորել և կատարել անկաշառ ընտրություն։  
«Զարմացած եմ, որ այս խուճուճ ընտրություններում շատ քիչ անվավեր քվեաթերթիկներ դուրս եկան, մեր ընտրատեղամասում 1166 ընտրողների պարագայում` ընդամենը 13 քվեաթերթիկ, նույնը հարևան տեղամասում։ Արդեն մտածում եմ, որ կաշառված ժողովրդին, հավանաբար, տվել են նաև նախապես պատրաստած ծրարներ, չէ որ քվեաթերթիկների վրա այլևս հանձնաժողովականները չեն ստորագրում, դրանց քանական այլևս ստույգ չեն համրում»,- ընդգծեց նա։ 
Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք Գ. Արշակյանը տեսնում է: 
Նրա կարծիքով` ՀՀ ԱԺ անցած ուժերը` «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ-ն պետք է միանան ԱԺ չանցած ուժերի հետ և չճանաչեն այս ընտրությունները: 
Թիվ 3/9 ընտրատեղամասում ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Լիլիթ Քլունգյանը ևս ընդգծեց, որ ընտրատարածքներում այնպիսի ակնառու ու կոպիտ խախտումներ չեն եղել, որոնք կարող էին նկատել: 
Նրա փոխանցմամբ` միայն մի քանի անգամ ականատես է եղել այնպիսի դեպքերի, երբ ընտրողները, կարծելով թե հանձնաժողովականները բոլոր իշխող կուսակցությունից են, մոտեցել և հարցրել են, թե Հանրապետական կուսակցության համարը որն է, քանի որ դրսում իրենց ասել են, թե ում ընտրի, սակայն համարը մոռացել են: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն