Դրական որևէ բան չեմ ակնկալում. գրեթե նույն կազմն է


Դրական որևէ բան չեմ ակնկալում. գրեթե նույն կազմն է

  • 05-04-2017 17:23:44   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով այս ընտրություններին առաջադրվել էր Ծառուկյան դաշինքից և 6-րդ ընտրատարածքում հավաքել է ավելի քան 6000 ձայն

 

Արմավիրի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների համամետությամբ Դուք շատ քիչ ձայն հավաքեցիք։ Անակնկա՞լ էր Ձեզ համար։

 

Անակնկալ չէր, սպասում էինք, բայց այդքան շատ չէինք սպասում։

 

Նեղսրտե՞լ եք։

 

Իհարկե ոչ։ Եթե ժողովուրդը նեղսրտած չէ, ուրեմն ես նույնպես նեղսրտած չեմ։ Ժողովուրդը եթե չհամաձայնվեր, ապա իր կարծիքը կհայտներ։ Եթե ժողովուրդն այդպես է ճիշտ գտել, ուրեմն մենք պետք է հաշվի նստենք ժողովրդի կարծիքի հետ։ Ես լավագույն տասներորդ տեղն եմ ընկել հանրապետությունում, բայց պետք է օրենքը որոշի։

 

Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀԿ ռեյտինային ցուցակով առաջադրվեիք, ավելի շատ ձայն չէի՞ք հավաքի։

 

Ոչ, ավելի մեծ չէր լինի, քանի որ այս ձայները կոնկրետ իմ ձայներն են:

 

Չորս քաղաքական կուսակցություն և դաշինք է ներկայացվելու ԱԺ-ում: Դրական սպասելիքներ, ակնկալիքներ կա՞ն:

 

Ոչ, դրական որևէ բան չեմ ակնկալում: Գրեթե նույն մարդիկ են, նույն դեմքերը, նույն մտածելակերպը, ի՞նչ տարբերություն՝ սրանից տասը օր առաջ էին աշխատում, թե տասը օր հետո պետք է աշխատեն:

 

Բայց շատ օդիոզ դեմքեր այս անգամ չեն լինի խորհրդարանում: Այս անգամ դուրս մնացին նրանք:

 

Գիտեք մի քանի մարդով չի... մի քանիսը դուրս մնացին, մի քանիսը համալրվեցին, բայց գրեթե նույն կազմն է:

 

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հանրությունը գնաց ձայն տվեց ՀՀԿ-ին:

 

Այս հարցը հանրությանը տվեք, չեմ կարող ասել, թե ինչու ձայնը ՀՀԿ-ին տվեցին, բայց ես կարող եմ ասել, որ իմ ձայնը տվել եմ Ծառուկյան դաշինքին: Եվ ավելի շատ ակնկալիքներ ունեի, քանի որ մասնավոր զրույցներում, երբ հանդիպման էի գնում, մարդկանց 50 տոկոսից ավելին ասում էին, որ ձայնը պետք է տան Ծառուկյան դաշինքին: Եղավ այն, ինչ դուք տեսաք:

 

Ընտրակաշա՞ռք վերցրին: Բայց ասվում է, որ թե ՀՀԿ-ն, թե Ծառուկյան դաշինքը բաժանեցին:

 

Ծառուկյան դաշինքը որևէ գումար չի բաժանել, իսկ ՀՀԿ-ի մասին մի էլ հարցրեք:

 

Կարծում եք՝ Ծառուկյան դաշինքը ընդդիմադիր կդառնա՞ մի օր:

 

Ես կարծում եմ՝ եթե մարդ ցանկացած հարցին ընդդիմանում է, ուրեմն ինքը ընդդիմադիր է: Եթե կլինեն իրոք սրտացավ և խելացի մարդիկ, որոնք կտիրապետեն երկրում տարբեր խնդիրներին, կարծում եմ՝ իրենք կլինեն լուրջ ընդդիմություն: Մարդիկ պետք է առաջին հերթին հասկանան՝ որտեղ է կոնկրետ խնդիրը, վերլուծեն խնդիրը, համոզվեն, ընդդիմանան կամ տարբեր եղանակներով օգնեն պետությանը և ժողովրդին: Պետության կայացման համար ամենակարևոր խնդիրն ընդդիմություն ունենալն է, որ վեր հանի խնդիրները, և շատ ավելի կարևոր է ընդդիմությունը, քան այն կուսակցությունը, որ պատասխանատվություն է վերցրել և իշխանություն ձևավորել: Եվ եթե Ծառուկյան դաշինքը կոալիցիայի մաս չի կազմում, բնական է, որ պետք է լինի ընդդիմություն:

 

Ծառուկյանը, սակայն, Սերժ Սարգսյանի մասին խոսակցություններին արձագանքում էր՝ մի քաղաքականացրեք:

 

Ինչ է, Ծառուկյանը պետք է ցե՞խ շպրտեր, որ հեղինակություն ձեռք բերեր: Դա Ծառուկյանին երբեք պետք չի եղել, որ մեկին փնովի, մյուսին բարձրացնի: Նա ունի կատարած աշխատանք: Եթե ցեխ շպրտելով նա կարողանար դրական քայլեր արձանագրել, համոզված եղեք, որ հանուն ժողովրդի նա պատրաստ կլիներ այդ ցեխը շպրտել: Եվ եթե դու իշխանություն չես, ապա դու ընդդիմություն ես:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play