Բյուլբյուլօղլիի թեկնածության դեմ պետք է հասարակական շարժում ստեղծել. Նաիրի Հոխիկյան


Բյուլբյուլօղլիի թեկնածության դեմ պետք է հասարակական շարժում ստեղծել. Նաիրի Հոխիկյան

  • 06-04-2017 17:54:52   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական քաղաքականությունը բավական խելացի և նպատակաուղղված կերպով իրականացնում է տարբեր ոլորտի օպերացիաներ՝ փորձելով ոչ միայն մեկուսացնել Հայաստանը միջազգային գործընթացներից, այլև, լինելով նորածին ցեղային միություն, փորձում է ձևավորել հինավուրց ազգի համաշխարհային պատկերացում:
 
Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասել է լրագրող և վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:
 
Հոխիկյանի դիտարկման համաձայն՝ մեր օրերում ազգերի մասին խոսվում է ոչ թե նրանց անցած ճանապարհը հաշվի առնելով, այլ իրենք իրենց ներկայացնել կարողանալու ճանապարհով: «Իսկ մենք մեզ համապատասխան կերպով չենք ներկայացնում: Ադրբեջանն այս համատեքստում, յուրացնելով հարևանների ստեղծած պատմական արժեքները, ամեն կերպ փորձում է ստեղծել իր պատմական կերպարը՝ իրեն ներկայացնելով իբրև 5-6 հազար տարվա պատմություն ունեցող երկիր»,- նշել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանություն իրականացնել և ձևավորվել որպես մշակութային պատմություն ունեցող ազգ ու պետություն:
 
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին 2 ղեկավարներին Ադրբեջանը տարբեր տարիների ընթացքում կաշառել է, որպեսզի այս մարդիկ իրենց որոշումներում և գործողություններում ադրբեջանամետ քայլեր անեն: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ 2006թ.-ին Ջուղայի 1000-ամյա խաչքարերի ոչնչացման նկատմամբ որևէ կոնկրետ գործողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից չեղավ, այն դեպքում, երբ վերջինս մշակութային արժեքների պահպանությանն է ուղղված: Սրա պատճառը մեկն է՝ 2005թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Իրինա Բոկովան Հեիդար Ալիևի հիմնադրամից սնվում է ադրբեջանական խոշոր գումարներով»:
 
Ըստ մեր զրուցակցի՝ Բոկովան իր նախագահության տարիների ընթացքում 2 անգամ այցելել է Ադրբեջան՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հանդիսանում է համաշխարհային մշակութային հարստությունների օրրան: «Փաստացի Ադրբեջանը գնում է այդ մարդկանց, և որպեսզի այլևս գումար չծախսի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում ներկայացնում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուօղլիի թեկնածությունը: Ադրբեջանն իրականացնում է մի ծրագիր, որն իրականացրեց Թուրքիան մի քանի տարի առաջ՝ Մևլութ Չավուշողլուին դարձնելով ԵԽԽՎ-ի նախագահ. այդ ընթացքում ԵԽԽՎ-ն բավականաչափ հակահայ քայլեր կատարեց»:
 
Ն. Հոխիկյանի խոսքով՝ ներկայացված թեկնածուներից վերոնշյալ կառույցի նախագահի պաշտոնը ստանձնելու հարցում մենամեծ շանսերն ունի Բյուլբյուլօղլին, քանի որ նրան են աջակցում ՌԴ-ը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Իրինա Բոկովան: Հոխիկյանը կարևորեց նաև այս կառույցի ունեցած ֆինանսական խնդիրների հանգամանքը, իսկ Ադրբեջանը ունի ֆինանսական հնարավորություններ, ինչը անհրաժեշտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ուստի վերջինս կփորձի Բյուլբյուօղլիին առաջ տանելով՝ լուծել առկա ֆինանսկան հարցերը: Սա, ըստ մեր զրուցակցի, միջազգային մակարդակով կոռուպցիա է:
 
«Բյուլբյուօղլիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ դառնալու դեպքում, այս կառույցը կսկսի մշակութային, նյութական և այլ արժեքները գրանցել Ադրբեջանի անվամբ: Եթե թուրքերն ասում են, որ Մեսրոպ Մաշտոցը թուրք է, ուրեմն նման բան կասեն նաև ադրբեջանցիները: Հայկական արժեքները միանշանակ կվերագրվեն Ադրբեջանին,և առնվազն 4 տարի հայերը պետք է մոռանան, որ մշակութային այդ գանձանակում կարող են խոսք ասել: Այս ամենը բավարար է ընդդեմ Բյուլբյուօղլիի նշանակման քայլեր ձեռնարկելու համար: Եթե Ադրբեջանին թույլ տանք այս «փոքր» հաջողությունը, ապա նման փոքր դեպքերն իրար կգումարվեն և հետագայում կդառնան բավական մեծ ռազմավարական հաղթանակ»,- ասաց Հոխիկյանը՝ հավելելով, որ պետք է այս հարցի կապակցությամբ հասարակական շարժում ստեղծել: Հարկավոր է պետական մակարդակով այս գործընթացը կասեցնելու փորձ անել, ինչպես նաև մշակութային, հասարական կազմակերպությունները պետք է միավորվեն և պահանջով հանդես գան: «Այս առումով Ադրբեջանը մի շարք աքիլեսյան գարշապարեր ունի, և մեր լրատվամիջոցները պետք է դրանք օգտագործեն: Նախ, այն ժամանակահատվածում, երբ Բյուլբյուօղլին եղել է Ադրբեջանի մշակույթի նախարար, զբաղվել է մշակութային արժեքների ոչնչացմամբ. հիշենք խաչքարերը ոչնչացնելու դեպքերը: Ինչպե՞ս կարող է մշակութային արժեքներ ոչնչացրած գործիչը դառնալ դրանց պահպանման երաշխավոր: 2010թ.-ին վերջինս մի քանի հրապարակումներով է հանդես եկել՝ ադրբեջանցիներին տրամադրելով հայերի դեմ, նույնը նկատվեց նաև 2016թ.-ի ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ այդ օրերի առաջին և միակ ադրբեջանցին Բյուլբյուօղլին էր, ով հաստատեց, թե նախահարձակ է եղել Ադրբեջանը, նույնիսկ Ալիևը նման բան չէր ասում»:
 
Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ Բյուլբյուօղլին բացահայտ ագրեսիա էր քարոզում պատերազմական շրջանում, և վերջինս լինելով և՛ մշակութային գործիչ, և՛ դիվանագետ՝ խախտում է 2 միջազգային օրենք՝ մշակութային գործիչը իրավունք չունի ագրեսիա քարոզել, իսկ դեսպանը պետք է միշտ խաղաղություն քարոզի. դա միջազգային իրավական նորմ է: Այս երկու փաստերի օգտագործումը մեր կողմից, համաձայն Հոխիկյանի, լիովին բավարար կլինեն, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ում կասկածի տակ դրվի Ադրբեջանի ներկայացուցչի թեկնածությունը:
 
Բյուլբյուօղլի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի նշանակման գործընթացի կանխման գործում, ըստ մեր զրուցակցի, բավական մեծ դեր կարող է կատարել Սփյուռքը՝ ցույցեր կազմակերպելով, մասնավորապես Շառլ Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում լուրջ հեղինակություն ունի և կարող է իր ձայնը բարձրացնել: «Մեր ԱԳՆ-ը, նաև Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները պետք է հանդես գան կասեցնող քայլերով: Եվ այդ դեպքում կկասեցվի անգամ Բյուլբյուօղլիի թեկնածության քննարկումը՝ չհասնելով նույնիսկ ընտրության»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը