Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների և աշխատակիցների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «La Croix» օրաթերթի մի խումբ ընթերցողների և աշխատակիցների

  • 06-04-2017 17:43:57   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «La Croix» կաթոլիկ օրաթերթի աշխատակազմին և մի խումբ ընթերցողների` ուղեկցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավոր Բարեշնորհ Սահակ սարկավագ Սուքիասյանի և օրաթերթի գլխավոր խմբագրության անդամ Ֆեդերիկ Մունյեի:
 
Ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների ուխտագնացությունը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրանց բերեց իր օրհնությունն ու գնահատանքը` մասնավորապես խոսելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամության և երկու պետությունների սերտ գործակցության մասին: 
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Ֆրանցիսկոս Պապի հետքերով կաթոլիկ ուխտավորներն այցելում են Հայաստան, իբրև առաջին քրիստոնյա երկիր, հաղորդակից դառնում նրա քրիստոնեական մշակույթին և հոգևոր-ազգային արժեքներին: Հայոց Հայրապետը կարևորեց նման ուխտագնացությունների կազմակերպումը` ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են միջեկեղեցական կապերի առավել ամրապնդմանը, տարբեր ժողովուրդների փոխճանաչողությանը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, Եկեղեցու և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերին:  
Զրույցի ընթացքում տիար Ֆեդերիկ Մունյեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց օրաթերթի գործունեությունը` ընդգծելով, որ օրաթերթի աշխատակազմն ամեն ջանք ի գործ է դնում` տարբեր ժողովուրդների միջև խթանելու երկխոսություն և ձևավորելու փոխադարձ հարգանքի, հադուրժողականության ու վստահության մթնոլորտ: Խմբի անունից շնորհակալություն հայտնելով Նորին Սրբության օրհնության և ջերմ խոսքերի համար` պարոն Ֆ. Մունյեն նաև ներկայացրեց Հայաստան այցի անմոռանալի տպավորությունները:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթքով մաղթեց, որ Բարձրյալ Տերը ազգերի ու ժողովուրդների մեջ զորացնի միմյանց նկատմամբ սերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն