ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցության հեռանկարները՝ Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումի օրակարգում


ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցության հեռանկարները՝ Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումի օրակարգում

  • 06-04-2017 18:43:58   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Ապրիլի 6-ին Գերմանիայում տեղի է ունեցել Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումը, որը նվիրված էր Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործընկերության հնարավորություններին ու առկա մարտահրավերներին։
Համաժողովին հրավիրված էին մասնակցելու ԵՄ և ԵԱՏՄ երկրների պետական ու մասնավոր հատվածների 400-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ: 
Բեռլինյան 5-րդ Արևելյան Ֆորումին մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ (ԵՏՀ) Տիգրան Սարգսյանը։ 
 
Ֆորումին մասնակցել են նաև ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)Կարինե Մինասյանը, ԵՏՀ Առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը։ 
Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ առևտրային խոչընդոտների հաղթահարմանն ու ազատ առևտրին ուղղված քայլերը, համընդհանուր աճի ապահովմանն ուղղված համագործակցության հեռանկարները, թվայնացման, այդ թվում` թվային հմտությունների և ձեռնարկատիրական կարողությունների զարգացման, կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության, տնտեսության տարբեր ճյուղերի թվային փոխակերպման, նորարարության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: 
Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև պաշտոնական ընթրիք-քննարկում, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդես է եկել ելույթով: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներից է․«Եվրամիության հետ առկա է արդյունավետ համագործակցություն, այդ թվում` ԵՄ աջակցության տարբեր գործիքների՝ «Հորիզոն 2020», «COSME» և այլ  ծրագրերի կիրառմամբ, և նշված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Վերջինիս մասին է վկայում նաև 2017թ. ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրումը, որը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին և  նախատեսում է համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: 
 Էմիլ Տարասյանը կարևորել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը և նշել, որ թվայնացումը կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ այդ  համագործակցության համար: Այս ուղղությամբ ներկայացվել է թվայնացման և նորարարության ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունը, ինչպես նաև տեղեկատվություն` ԵՄ և ԵԱՏՄ կողմից իրականացվող նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:
 «Թվայնացման հետ մեկտեղ փոխգործակցության կարևոր նախադրյալ կարող է լինել տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, որը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա»,- նշել է Էմիլ Տարասյանը: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն