Մասիսում անցկացվեց ջահերով երթ՝ ի բողոք ապրիլյան քառօրյայի և ի հիշատակ զոհված հայորդիների (տեսանյութ)


Մասիսում անցկացվեց ջահերով երթ՝ ի բողոք ապրիլյան քառօրյայի և ի հիշատակ զոհված հայորդիների (տեսանյութ)

  • 07-04-2017 16:31:42   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ջահերով երթ՝ ի բողոք ապրիլյան քառօրյայի և ի հիշատակ զոհված հայորդիների։ Այսպես բնութագրեց երեկ երեկոյան Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցուց մեկնարկած մասիսցիների ջահերով երթը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ 
Համայնքի բնակչության նախաձեռնությամբ և Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված երթը մեկնարկեց աղոթքով։ 
Երթի շուրջ 400 մասնակիցները ջահերով, պաստառներով և Հայոց Եռագույնը ծածանելով՝ շարժվեցին դեպի քաղաքային գերեզմանատուն, որտեղ հանգչում են ապրիլյան քառօրյայում զոհված Մասիսի բնակիչներ՝ Աղասի Ասատրյանը և Հենրիխ Ղահրամանյանը։ 
Երթի մասնակիցները ծաղկեդրում կատարեցին զոհված զինվորների շիրիմներին, այնուհետև քայլեցին Սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի կողմից կատարվեց հատուկ հոգեհանգստյան կարգ:
«Միջոցառումը կազմակերպել ենք բոլորս՝ համայնքի բնակիչներ, Մասիսի քաղաքապետարան, ի հիշատակ այն նահատակված տղաների, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին իրենց կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց Դ․ Համբարձումյանը՝ ընդգծելով, որ համայնքը միասնական է և կանգնած է զոհված մասիսցիների ընտանիքիների կողքին։ 
Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն իր հերթին շեշտեց, որ անցկացված երթն ազգի երթ է․ «Ինչպես մեր Տերը հանձն առավ մարդկության չարչարանքների բաժակից կում կում խմել, այնպես էլ մեր զինվորները կում կում խմեցին այդ օրերի չարչարանքների բաժակից․ Նրանց անձնազոհությունը պետք է ժառանգենք մեզանից յուրաքանչյուրս՝ որպես օրինակ, այդպիսով հաղորդակից դառնալու Հենրիխի, Աղասիի և մյուս բոլոր նահատակված հայորդիների չարչարանքներին»,- ասաց նա։ 
Երթին մասնակցող ազատամարտիկ, Մասիսի բնակչուհի Մարգարիտ Օհանջանյանի խոսքերով՝ ապրիլյան քառօրյան չպետք է տեղի ունենար, բայց եթե եղել է, իսկ հայ զինվորները պաշտպան են կանգնել հայրենիքին, ուրեմն Փառք ու պատիվ նրանց։ Պատերազմ տեսած կնոջ համար հայ զինվորները թե նախկինում, թե հիմա հայրենիքի պաշտպան առյուծներ են։ 
«Կցանկանամ խաղաղություն լինի, թող վերանան այդ թուրք-թուրք խոսակցությունները, որպեսզի մեր ջահելների մեջ ատելություն չսերմանվի, բոլորս ձգտենք խաղաղության։ Մենք հիմա պատերազմի մեջ ենք, ուստի պետք է ամբողջ ազգը համախմբվի»,- հորդորեց նա։ 
Աղասիի կորուստն անհամեմատ ծանր է նրա քույրիկներ՝ Հռիփսիմեի և Ռիտայի համար։ Նրանք միայն ցավ ու կարոտ են զգում։ Մինուճար եղբորը նկարագրելուց ամենակարևոր հատկանիշը, որ քույրերը հիշում են, դա ընկերասեր լինելն էր և կարիքի մեջ գտնվողին ամեն կերպ օգնելու պատրաստակամությունը։ 
Հետախույզ-դիպուկահար Աղասիին երկու ամիս էր մնացել զորացրվելու. վերջին անգամ ծնողների ու քույրերի հետ խոսել էր մարտի 27-ին։ Այդ ժամանակ չէր էլ իմացել, որ Մատաղիսից տեղափոխվելու է Թալիշ։ 
«Միշտ հորդորում էր, որ խելոք մնանք, ուշ գիշերով տուն չգնանք, դեմ էր, որ մենք աշխատենք, ասում էր ես կգամ կաշխատեմ»,- հիշում է Հռիփսիմեն։
Իսկ ահա Ռիտայի հետ խոսել է ամեն թեմայից ու հատկապես հետաքրքրվել է, թե արդյոք ոչ ոք քույրիկներին չի նեղացնում։ 
Աղասիի քույրիկները համոզված են, եթե հրաման էլ չլիներ, միևնույն է, ինքը առաջ էր գնալու ընկերներին պաշտպանելու համար։  
Աղասի Ասատրյանի մանկության ընկեր Վլադիմիր Խեչոյանը, ով նաև ջահերով երթ իրականացնելու գաղափարի հեղինակն է, այդպես էլ բառեր չգտավ ընկերոջը նկարագրելու համար։ 
Նա, մասնավորապես, նշեց․ «Մեկ տարեկանից իրար հետ ենք մեծացել, ինչքան լավ ու վատ օրեր եղել են,իրար հետ ենք անցկացրել։ Ինքն է ինձ ճանապարհել բանակ, հետո երեք օր հետո ինքն է գնացել, շատ ուրախ զվարթ, բարի ու մաքուր սիրտ տղա էր, մարդուն չճանաչելով օգնում էր ցանկացածին, ով կարիքի մեջ էր։ Միշտ իր ընտանիքի կողքն եմ լինելու։ Այս միջոցառումն ամենաքիչ բանն է, որ մենք կարող ենք անել ոչ միայն Աղասիի ու Հենրիխի, այլև զոհված մյուս տղաների համար։ Մենք հպարտանում ենք իրենցով, բայց էդ հպարտության տակ շատ մեծ ցավ կա»։
Աղասիի և Հենրիխի ընկերոջ կարծիքով՝ նման միջոցառումները պետք է շատ լինեն, քանի որ դրանց շնորհիվ երիտասարդները համախմբվում են։ 
«Ինձ համար ցանկացած զինվոր նախևառաջ հերոս է, պարտադիր չէ, որ ինքը դիվերսիա հետ շպրտի կամ թուրք սպանի, որ հերոս դառնա։ Զինվորն այսօր պահում է հայրենիքի սկիզբը, դրանով ամեն ինչ ասված է»,- ընդգծեց նա։ 
Անդրադառնալով Հենրիխ Ղահրամանյանին, Վլադիմիր Խեչոյանը տեղեկացրեց, որ նա ևս ծառայել է Մատաղիսի զորամասում, իսկ մարտերից առաջ տեղափոխվել է Թալիշ, որտեղ էլ զոհվել է ապրիլի 2-ի՝ լույս 3-ի գիշերը։  
Նրա փոխանցմամբ՝ Հենրիխը քաղաքացիական կյանքում շատ համեստ ու խելացի տղա է եղել՝  հարգված ու սիրված իրեն ճանաչողների կողմից։ 
«Հերոսները չեն մահանում, մենք միշտ հիշելու ենք նրանց․ մեկ տարի էլ անցնի, տասը տարի էլ անցնի, մեկ է էլի կազմակերպելու ենք նման միջոցառումներ, որ մեր երեխաներն էլ հայրենասեր դաստիարակավեն ու հիշեն հերոսներին»,- ասաց նա։  
Երթին մասնակցող ապագա զինվոր Արսենն արդեն իսկ քաջ գիտակցում է հայրենիքի համար զոհված յուրաքանչյուր հայ զինվորի սխրագործության նշանակությունը։ 
Մարտական տրամադրված պատանին ցանկանում է հենց Արցախում ծառայել, նպատակը՝ ապրիլյան քառօրիայի վրեժը լուծելն է։  
Ծառայելու ճանապարհին կանգնած երիտասարդներին նա կոչ արեց ոչ մի դեպքում չվախենալ, այլ գնալ ու ծառայել հայ տղային վայել կերպով։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play