«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» միջազգային IX մրցույթ-փառատոնը նվիրվում է Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին


«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» միջազգային IX մրցույթ-փառատոնը նվիրվում է Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին

  • 08-04-2017 16:12:29   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո ամեն տարի Գյումրի քաղաքում անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:
Այս տարի ապրիլի 12-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում ՀՀ հետ մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ  Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյակին:
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության մասսայականացումը, ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգությանը, պատանիներին եւ երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:   
Փառատոնը իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյան) եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան):
2017թ-ին «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 35 երկրներից ավելի քան 3000 անհատ կատարողներ եւ համույթներ: 
Մասնակիցները ներկայացնում են հետեւյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա եւ այլն : 
Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր եւ երգչախմբեր, պարարվեստ անվանակարգերով:
Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV եւ V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ եւ տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի մանկական եւ երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:
Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են 72 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից: 
Այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ՝ հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադեւը/ ՌԴ-  ՉԺՀ/, ԿորադոՌուզան/Իտալիա/, Յուրի Մախովիչը / Մոլդովա/,  ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը /Սլովենիա/,Հայկ Կազազյանը/ ՌԴ/, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը /Հայաստան/, շեփորահար Վլադիմիր Պուշկարիովը /ՌԴ/, սաքսոֆոնահար Օլավի Կասեման /Էստոնիա/, երգիչներ Մանցա Իզմաիլովան /Սլովենիա/, Լյուդմիլա Կոլոսը /Բելոռուս/, դիրիժորներ Կլիֆ Յանգը /ԱՄՆ/, Բորիս Պիրինուն /Ավստրիա/, Ռեադ Կուտ Սին /ԱՄԷ/, ջազմեններ Վալերի Գրախովսկին /ՌԴ/, Ալգիս Կիլիսը /Լիտվիա/, Ֆրանկոսի Կլոսին /Իտալիա/, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը /Հայաստան/, Տունե Կորվիտսը /Էստոնիա/  եւ այլն:
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների եւ նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ եւ վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար: 
Ամբողջ փառատոնը կազմկոմիտեն դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որին մասնակից հռչակավոր երաժիշտները փառատոնի շրջանակներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության եւ պատերազմների» բարեգործական համերգներով: 
Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը, նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները եւ մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում, տարբեր երկրներում:
Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի Վերածնունդ մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play