«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին


«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

  • 08-04-2017 21:40:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը.
 
«Սիրելի երևանցիներ,
 
Հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան»դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը:
 
Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ իմ կարգախոսն է՝ ասված խոսքը, տրված խոստումը անպայմանորեն պետք է իրականություն դառնա:
 
«Ծառուկյան» դաշինքը կազմավորվել էր ԱԺ ընտրությունների նախաշեմին, և հանրությանը ներկայացել էր գրագետ մշակված ծրագրով և առաջարկությունների փաթեթով։
 
Ուստի, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում,  գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր:
Մենք,   իհարկե,  գիտենք մեր քաղաքի  բոլոր խնդիրները՝ վերելակների անմխիթար վիճակ, վթարային շենքերի առկայություն, մայրաքաղաքի արվարձանների բազում խնդիրներ, մշտական պրոբլեմ դարձած աղբահանության խնդիր, անբարեկարգ ճանապարհներ:
 
Հարգելի երևանցիներ, այս և բազմաթիվ այլ լրջագույն պրոբլեմների լուծման համար անհրաժեշտ էր ներկայացնել փաստարկված և հիմնավորված՝ մայրաքաղաքին արժանի ծրագիր:  Ցավոք, ժամանակահատվածը չափազանց կարճ էր նման ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու համար:
 
Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների՝ մասնակցել որևէ ընտրության:
 
Իմ այս որոշումը կարող է  մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու:
 
Վստահ եմ, որ երևանցիները ըմբռնումով կմոտենան իմ այս որոշմանը:
 
Անկախ մեր կայացրած որոշումից, իմացեք, որ միշտ ձեր կողքին եմ եղել և ձեր կողքին եմ լինելու:
 
Հարգանքով՝ Գագիկ Ծառուկյան»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play