Ի՞նչ է քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ


Ի՞նչ է քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ

  • 10-04-2017 15:32:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ պարզաբանում է հետընտրական մի քանի իրողություն, այդ թվում անդրադառնալով Արցախի խնդրին, որը ՀԱԿ-ը դարձրել էր իր քարոզչության առանցքը՝ հայտնի մոտեցումով:

 

Տեր-Պետրոսյանը, խոսելով զոհերի «իմաստավորված լինել-չլինելու» մասին, նշում է, որ Արցախի առաջին պատերազմի զոհերը իմաստավորված էին եւ նրանք արժանի են հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են Արցախի ժողովրդի ազատության եւ անվտանգության համար:

 

Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որեւէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետեւ արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության», հայտարարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Փաստացի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այլ բան չէ, քան Ադրբեջանի մարդասպանության արդարացում՝ ուղղակի, թե անուղղակի, արդեն կարեւոր էլ չէ: Փաստացի, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանի իշխանութունը 1998 թվականից ի վեր վարել է ստատուս-քվոյի պահպանման «հանցավոր» քաղաքականություն:

 

Եթե Հայաստանի վարած քաղաքականությունը համարվում է «հանցավոր», ապա դա նշանակում է, որ ճիշտ է, «օրինավոր» է Ադրբեջանի վարած ռազմական շանտաժի քաղաքականությունը: Չէ՞ որ Բաքուն հայտարարում է, թե կդադարեցնի մարդասպանությունը այն ժամանակ, երբ Հայաստանը կհամաձայնի փոխել ստատուս-քվոն, ընդ որում առանց Արցախի անկախության:

 

Ադրբեջանի այդ դիրքորոշումը չափազանց հստակ է, այդ դիրքորոշումով Ադրբեջանը արդեն մի քանի տարի զբաղվում է բացահայտ մարդասպանությամբ եւ շանտաժով, իսկ Հայաստանի Առաջին նախագահը փաստորեն արդարացնում է Ադրբեջանի այդ զբաղմունքը:

Ընդ որում ուշագրավ է, որ նա «չարդարացված ու չիմաստավորված» է գնահատում 1998 թվականից ի վեր զոհերը: Մինչդեռ հրադադարը հաստատվել եւ առաջին պատերազմն ավարտվել է կարծես թե 1994 թվականին: 1994-1998 թվականը Հայաստանի իշխանությունը գլխավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, ինչպես հայտնի է, ստատուս-քվոն չպահելու կողմնակից է: Փաստացի, Տեր-Պետրոսյանն ունեցել է չորս տարի ժամանակ, որպեսզի չպահի ստատուս-քվոն:

Ինչի՞ համար են եղել այդ չորս տարիներին արձանագրված զոհերը: 4 տարին քի՞չ էր, ստատուս-քվոն չպահելու եւ խաղաղության հասնելու համար: Ինչու՞ չի հասցրել Տեր-Պետրոսյանը: Առավել եւս, երբ նրա թիմակիցները խորհրդարանի ընտրության քարոզարշավին հայտարարում էին, թե գիտեն Ալիեւին համաձայնության սեղանին բերելու ձեւը, հայր Ալիեւին իրենք բերել են այդ սեղանին: Ուրեմն ինչու՞ չկնքվեց խաղաղության համաձայնագիրը:

1998 թվականի ներքին իշխանափոխությու՞նը խանգարեց: Բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանը նախագահ էր, այն էլ ընտրված համարվող նախագահ: Ինչպե՞ս կարող էր հասարակության մեծամասնությամբ ընտրված նախագահը հեռանալ «հայտնի ուժերի» մի պահանջով: Եթե «հայտնի ուժերը» հեռացնում են նախագահին, ուրեմն նրանք նաեւ կառավարու՞մ էին այդ նախագահին: Այստեղ էլ առաջանում է հարց մեկ այլ պնդման կապակցությամբ, երբ Տեր-Պետրոսյանն ու թիմակիցները հայտարարում էին, թե իրենք հաղթող քաղաքական ուժն են եղել, Հայաստանին ու Արցախին հաղթանակ բերող:

Եթե այդ ուժը հեռանում է «հայտնի ուժերի» պահանջով, այդ դեպքում գուցե իրականում «հայտնի ուժե՞րն» են նաեւ եղել «հաղթանակ բերողը»:

Տեր-Պետրոսյանն ու թիմակիցները պատճառաբանում էին նաեւ, թե նախկինում խաղաղություն չեղավ, որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ կար մրցակցություն եւ տարաձայնություն, իսկ հիմա նրանք վճռել են լուծել խնդիրը եւ բանալին թողել են Ռուսաստանի մոտ:

«Քաղաքագիտական անգրագիտության» կամ մանիպուլյացիայի պատկերավոր այդ օրինակը օրերս հերքեցին Թրամփի արձակած ամերիկյան Տոմոհավկները, որոնցից ավելի թերեւս դժվար է ասել այդ կապակցությամբ:

Մյուս կողմից, Տեր-Պետրոսյանն անկասկած այդ ամենը լավ է պատկերացնում, պարզապես նա գուցե չէր պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը կմերժեր Արցախի խնդրի շուրջ պայմանավորվելու եւ այդ գնով ՀԱԿ-ը խորհրդարան անցկացնելու առաջնորդի առաջարկը:

Տեր-Պետրոսյանն ընդամենն առաջարկում էր Սերժ Սարգսյանին իր վրա վերցնել Արցախի  խնդրում ոչ պոպուլյար մի դիրքորոշում արտահայտելու համարձակությունը, դրանով գործնականում նույն դիրքորոշման եւ մտածողության մեջ մանեւրող Սերժ Սարգսյանին տալով հերոսանալու ֆոն: Սերժ Սարգսյանն օգտագործեց այդ ֆոնը մարտի 25-ին Արցախում, բայց ՀԱԿ-ին չվերցրեց խորհրդարան:

Դժվար է ասել, թե ինչու: Գուցե Սարգսյանն անկեղծորեն փորձում էր, եւ դրա համար նույնիսկ Տեր-Պետրոսյանին հրավիրեցին Հանրային հեռուստաեթեր, ամենասփռվող եթեր, քարոզչություն անելու համար: Թեեւ, դժվար է ասել նաեւ, թե հատկապես ապրիլից հետո, Ադրբեջանի մարդասպան քաղաքականության ֆոնին արդյոք Տեր-Պետրոսյանի եթերը քարոզ էր, թե հակաքարոզ:

Համենայն դեպս, ՀԱԿ-ը հազիվ անցավ մեկ տոկոսը: Տեր-Պետրոսյանը գուցե դրա համար մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ ընտրությունից հետո նրան մեղադրում «ստատուս-քվոն պահելու» հանցավոր քաղաքականության համար, իսկ իրականում գուցե պայմանավորվածությունները «չպահելու հանցավոր քաղաքականության» համար:

Որովհետեւ Տեր-Պետրոսյանի հատկապես ներկայիս դիրքորոշումը հարց է առաջացնում, թե ի՞նչ էին նրանք խոսել մեկ տարի առաջ ապրիլի 5-ին, երբ Սերժ Սարգսյանն ապրիլի պատերազմի հրադադարից փաստորեն անմիջապես հետո այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն: Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանից խորհու՞րդ է խնդրել, ինչ որ տեղեկություն մինչեւ 1998 թվականը բանակցության որեւէ դրվագի մասի՞ն, Ռոբերտ Քոչարյանին փոխանցած որեւէ տեղեկությու՞ն էր ճշտում, թե՞ ինչ: Իսկ արդյոք քննարկվել է մեկ տարի անց խորհրդարանի ընտրության հետ կապված որեւէ հեռանկար:

Իսկ ի՞նչ է քննարկել լեւոն Տեր-Պետրոսյանը դրանից մի քանի շաբաթ անց, երբ այցելեց Արցախ ու հանդիպեց Բակո Սահակյանի հետ, որից հետո հայտարարեց, թե Արցախի ու Հայաստանի իշխանությունը գիտեն, թե ինչ են անում: Այդ ժամանակ «հանցավոր չէ՞ր» նրանց քաղաքականությունը եւ այդպիսին դարձավ ՀԱԿ խորհրդարան չանցնելուց հետո՞:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play