«Մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը».Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)


«Մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը».Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

  • 10-04-2017 17:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նորաստեղծ է, բայց իմ քաղաքական փորձը բավականին մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իր կողմից ղեկավարվող «Երկիր Ծիրանին» մրցելու ավագանու ընտրություններում առաջադրված ևս երկու ուժի հետ, որոնք քաղաքական ավելի մեծ փորձ ունեն: 
 
«Մենք պատրաստ ենք որպես թիմ, որպես քաղաքական գործիչներ մասնակցել այս քաղաքական գործընթացին»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:  
 
Իսկ հաջողությունը Երևանի ավագանու ընտրություններում, Զարուհի Փոստանջյանի խոսքով, կախված է նրանից, թե ինչ ծրագիր ու քաղաքական պլատֆորմ են ներկայացնելու հանրությանը: 
 
«Այն քաղաքական գործընթացը, որը մենք ցանկանում ենք սկսել, նոր քաղաքական հայտ է, որը պահանջված է մեր հանրության կողմից և որին ներկայացնողը մենք ենք լինելու»,- նշեց Փոստանջյանը: Նա չբացեց փակագծերը՝ նշելով, թե մարտավարությունն ու տակտիկական քայլերը դեռևս մշակվում են: 
 
Հարցին՝ «ԵԼՔ» դաշինքի հետ տարվող բանակցությունները, քննարկումները ավագանու ընտրություններին համատեղ հանդես գալու վերաբերյալ ինչո՞ւ արդյունք չտվեցին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հիշում եք, թե երկու ամիս առաջ ես ինչ դիրքորոշմամբ եմ հանդես եկել։ Ասել եմ, որ դեմ եմ այս արհեստական ստեղծված դաշինքներին, որոնք սպոնտան ստեղծվեցին՝ մեկ միջոցառմանը մասնակցելու համար: Եթե չկան նույնանման ծրագրեր, գաղափարախոսություն, սկզբունքներ, ապա չեմ կարծում, թե նման դաշինքները արդյունավետ են: Արդեն իսկ այն ժամանակ ես մերժել էի իմ հարազատ կուսակցությանն այս հարցում ու պարզ էր, որ երկրորդ անգամ մերժելու կարիքը չկար: «ԵԼՔ»-ի հետ եղել է գործընկերային զրույց սրճարանում և ցավում եմ, որ պարոն Փաշինյանը, խախտելով էթիկայի կանոնները, այդ մասին փորձել է հրապարակայնացնել: Այսինքն՝ որևէ բանակցություն լինել չէր էլ կարող»: 
 
Ճշտող հարցին՝ «ԵԼՔ»-ի հետ համագործակցելու եզրեր չկա՞ն, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Դուք անընդհատ շեշտում եք՝ «ԵԼՔ», «ԵԼՔ»… Մենք չգիտենք դեռ՝ «ԵԼՔ»-ը ինչ է: Մենք նախընտրում ենք մուտք, ոչ թե ելք»: 
 
Խոսելով տեսակետների մասին, թե ընդդիմադիր դաշտը կփոշիանա, կմասնատվի երկու ընդդիմադիր ուժերի միջև, ապա Զ. Փոստանջյանը նշեց, թե հանրությունը լավ գիտի՝ ով ով է: Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական դաշտը արատավոր անցյալով է աղտոտված, իսկ «Երկիր Ծիրանիի» ընտրացուցակը արատավորված չէ: 
 
Իսկ այն հարցին՝ մեծամասնություն չկազմելու պարագայում կմնա՞ ավագանու անդամ, թե իր տեղը կզիջի մեկ ուրիշին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք գնում ենք գրավելու քաղաքապետարանը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը