Հանրահայտ դերասանն անտեղյակ է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իր թեկնածության առաջադրման մասին
10-04-2017 18:47:16 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ինչպես armtimes.com-ը տեղեկացրել էր՝ հանրահայտ դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: Քիչ առաջ, երբ փորձում էինք պարզել, թե ինչով է պայմանավորված արտիստի այդ որոշումը՝ նա անակնկալի եկավ եւ ասաց, որ նոր է եկել Երեւան եւ չգիտեր, որ ՀՀԿ-ի ցուցակում է: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Միքայել Պողոսյանի հետ.
- Պարոն Պողոսյան, ինչպե՞ս որոշեցիք ավագանու անդամի թեկնածություն դնել, սա քաղաքականությամբ զբաղվելու որոշո՞ւմ է:
- Բացարձակ, դա քաղաքականություն չի: Ես այդտեղ մտել եմ որպես մշակութային գործիչ ու փորձելու եմ մշակութաբար վերաբերվել էս քաղաքին ու իմ լուման ներմուծել, ինչքա՞ն կարելի է այսպես աղավաղված քաղաքում ապրել:
- Ձեր գործընկեր Հրանտ Թոխատյանը որոշեց այս անգամ չառաջադրվել՝ ասելով, որ իր սպասելիքները չեն արդարացել, զուտ ժամանակի վատնում է եղել:
- Ինձ համար հիմք չէ Թոխատյանի կարծիքը կամ գործունեությունը:
- Կարծում եք, որ դուք կկարողանա՞ք փոփոխություն անել:
- Բա ինչ-որ մեկը պիտի կարողանա՞, թե՞ ոչ, չեմ հասկանում: Էդ ինչ մի հրեշ է այդ ավագանին, որ ով գնում է այնտեղ՝ հիասթափված դուրս է գալիս: Եթե չկարողանամ՝ ես էլ դուրս կգամ, ի՞նչ է եղել:
- Ո՞րն է այն խնդիրը, որով ամենաառաջինն եք ուզում զբաղվել, որն ուզում եք փոխել Երեւանում, կնշե՞ք:
- Ես գիշերն եմ Հայաստան եկել, չեմ կարողանում կողմնորոշվել, երկար ժամանակ քաղաքում չեմ եղել: Համենայնդեպս, ամեն ինչ սկսվում է աչքից, մարդու վերաբերմունքը քաղաքին սկսվում է աչքից: Մշակութային քաղաքը պետք է վերջապես ինչ-որ մի յուրօրինակ տեսք ստանա: Ես ուզում եմ, որ այս քաղաքը վերածվի ռուսի ասած՝ «музей под открытым небом»: Ժամանակին Երեւանը այդպիսի անվանում ուներ՝ «музей под открытым небом»: Ես հիմա ուզում եմ, ինչքան որ հնարավոր կլինի...Ես բացարձակ ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքականության հետեւից չեմ ընկել, ես ինձ մշակ եմ համարում այս քաղաքում եւ Երեւանի հանդեպ այն վերաբերմունքը, որ ես ունեցել եմ իմ ֆիլմերում («Երեւան ջան», «Երեւան +»)...Հերոսը միշտ եղել է Երեւանը: Հիմա ես առիթի դեպքում ո՞նց չօգտագործեմ իմ հնարավորությունը՝ ինչ-որ մի բան շտկելու: Սա է իմ առաքելությունը, որով ես ուզում եմ գնալ ավագանի:
- Այդ դեպքում նման հարցեր լուծելու համար ՀՀԿ-ի ցուցակում լինելը ճի՞շտ տեղ եք համարում:
- ՀՀԿ-ի՞: Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի ցուցակում եմ, հենց վաղն էլ դիմում կտամ՝ դուրս կգամ, ի՞նչ ՀՀԿ-ի ցուցակ:
- Դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:
- Ինձ հանկարծ էդ ՀՀԿ-մհկ, ոչ մի բանին չխառնեք: Եթե ես ընկել եմ ցուցակի մեջ՝ հենց էսօր կզանգեմ, կասեմ հրաժարվում եմ:
- Առանց ցուցակի չի լինում առաջադրվել, պարոն Պողոսյան, դուք ՀՀԿ-ի ցուցակում եք:
- Ես ՀՀԿ-ի ցուցակում չեմ, սա թյուրիմացություն է, ես հենց հիմա կզանգեմ քաղաքապետին:
- Իսկ ո՞ր ցուցակում եք, ձեր իմանալով:
- Ի՞նչ ցուցակի մասին է խոսքը:
- Առանց ցուցակի հնարավոր չէ առաջադրվել:
- Ես էդ բանը չգիտեի, ես հենց հիմա էդ հարցը կլուծեմ: