Երուսաղեմի Հայոց Պատրիարքը միասեռականների կամ նրանց հովանավորների կամակից և սրբապիղծ դավադրության մասնակից (տեսանյութեր)


Երուսաղեմի Հայոց Պատրիարքը միասեռականների կամ նրանց հովանավորների կամակից և սրբապիղծ դավադրության մասնակից (տեսանյութեր)

  • 10-04-2017 21:25:55   | Իսրայել  |  Հասարակություն



 
 
Այս մասին հայտնի դարձավ վերջերս: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հանդես է եկել մի առաջարկությամբ կամ խնդրանքով, որից բխող միակ եզրակացությունը նրա` միասեռականների կամ նրանց հովանավորների կամակից և սրբապիղծ դավադրության մասնակից լինելն է:
Սա չափազանց վատ նշան է: Այն հուշում է, որ պատրիարքը, գուցե նաև նրա ետևում կանգնած ինչ-որ ուժ իրենց առջև խնդիր են դրել հասնել Երուսաղեմում գտնվող Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի պղծմանը, հավանաբար նաև` Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից կամ կենտրոններից մեկը հանդիսացող Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուց անջատելուն կամ մեր եկեղեցու ներսում խառնակություն գցելուն:
Նկատի ունենանք, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը տեղապահի ընտրությամբ ըստ էության արդեն կորցրած, սակայն դրանից համառորեն չհրաժարվող և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կամքին, մեր եկեղեցու կարգուկանոնին, ավանդույթներին ուղղակիորեն թե անուղղակիորեն դեմ գնացող Արամ սրբապիղծ Աթեշյանն ևս իր քայլերով, վարքով կարծես միտում է նրան, որ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը բաժանի Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցուց: Հիշենք, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը կամ առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մյուս երեք աթոռների նկատմամբ նախամեծար է ու նախաթոռ:
Թաքնված մասոններ, սատանայապաշտներ, այլասերվածներ, նրանց հովանավորներ, պաշտպաններ, Չարի ծառաներ կան հայության ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր կառույցներում: Ինչպես ուզում եք, անվանեք Չարի այդ արբանյակներին` տրոյական ձի, հինգերորդ շարասյուն… Դրանից բան չի փոխվում: Այս առումով մենք բացառիկ չենք, նույն վիճակն է նաև այլ երկրներում: Միամտություն կլիներ կարծել, թե մշտարթուն Չարը պետք է բավարարվեր միայն աշխարհիկ կառույցներում իր մարդիկ, իր արբանյակներն ունենալով, և չպետք է, առաջին հերթին և առավելապես, սողոսկեր հոգևոր կառույց, որն աշխարհիկից, անշուշտ, ավելի կարևոր է, չպետք է փորձեր ու հաջողեր այնտեղ ևս իր ծառաներն ունենալ:
Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունից հետո Կ. Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնից չհեռացող (չնայած Մայր Աթոռում Կաթողիկոսի և բարձրաստիճան բազմաթիվ այլ հոգևորականների ներկայությամբ ավելի վաղ տված համաձայնությանը) Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իրենց գործունեությամբ, վարքով, հայտարարություններով ուղղակիորեն թե անուղղակիորեն ծառայում են Չարին:
Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունն անցած ամիս եթեր հեռարձակեց, եթե չեմ սխալվում, Երուսաղեմից փոխանցված մի տեսանյութ, որով հեռուստալրագրողի շուրթերով ներկայացվեց բառացիորեն հետևյալ տեղեկատվությունը.
«Սույն թվականի մարտի 22-ին կայացավ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացումը Երուսաղեմում: Անցած 10 ամիսների ընթացքում կատարվեցին Սուրբ Գերեզմանի նորոգման, վերականգնողական և հնագիտական աշխատանքներ, որոնք ընթացան Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների անմիջական հսկողությամբ: Նորոգության ընդհանուր ծախսը կազմեց 3,5 միլիոն եվրո, որը հավասարապես հոգացին երեք պաշտոնական իրավատերերը` Հայ Առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիները: Հայոց եկեղեցու մասնաբաժինը` 1 միլիոն եվրոն, Երուսաղեմի պատրիարքարանին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նորոգված գերեզմանի օծումը կատարվեց եկեղեցիների համատեղ արարողությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նաթան սրբազանը Երուսաղեմի Հայոց Պատրիարքին փոխանցեց Վեհափառ Հայրապետի նվերը` բուրվառ, որը պետք է գործածվի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելիս:
Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Սուրբ Գերեզմանի նորոգության աստվածահաճո գործին: Նուրհան սրբազանը նաև դիմեց հունաց սրբազանին և Վատիկանի նվիրակին` խնդրելով արտոնել, որ Ասորի, Ղպտի, Եթովպական, Անգլիկան և Բողոքական եկեղեցիները Սուրբ Հարության տոնից հետո տարին մեկ անգամ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցեն: Տիրոջ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից է: Աստվածաշնչյան տվյալներով, ժայռափոր այս գերեզմանում է թաղվել և խաչելությունից 3 օր անց հարություն առել Փրկիչը» (ընդգծումը` մերը):
Երուսաղեմի Հայոց Պատրիարքի կողմից վերոնշյալ խնդրանքով այլ եկեղեցիների ներկայացուցիչներին կամ նրանց միջոցով առաջնորդներին դիմելը քրիստոնեական աշխարհում տեղիք է տվել ապշանքի և շոկ առաջացրել, քանզի խոսքը նաև Անգլիկան եկեղեցու մասին է, որը փոխանակ բանադրելու և իր շարքերից վտարելու միասեռական հոգևորականներին, իր կառույցում ոչ միայն հանդուրժում է բազմաթիվ (նրանց թվում նաև` բարձրաստիճան) այլասերված հոգևորականների գոյությունը, այլև նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան է տվել, թույլատրելի է համարում դա, այդպիսով իսկ հանցակից դառնալով Աստվածաշնչում քանիցս դատապարտված այդ զարհուրելի մեղքին: 
Անգլիկան եկեղեցուն Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տալու նպատակով Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի այս խնդրանքի կամ առաջարկի ընդունումը և Անգլիկան եկեղեցուն հայցվող արտոնությունը տալն ուղղակի սրբապղծություն կլինի Քրիստոսի Սուրբ Գերեզմանի նկատմամբ, և անարգանք` Բարձրյալի հանդեպ, ինչն, անշուշտ, անպատիժ չի մնա (հիշենք այն, ինչ տեղի է ունեցել Սոդոմի և Գոմորի հետ):
Անգլիկան եկեղեցին, որի գլուխը հանդիսանում է Անգլիայի թագուհին, և որն իր շարքերում ունի նաև կին եպիսկոպոսներ, 2011 թվականին չեղարկել է նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան տալու արգելքը: «Հանուն ինքնիշխանության վերականգնման» հասարակական նախաձեռնությունը տեղեկացնելով այս մասին, նշում է նաև, որ 2015 թվականին միասեռական Էնդրյու Քեյնը, ով ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, Անգլիկան եկեղեցու սինոդի անդամ է ընտրվել:
Անգլիկան եկեղեցու միասեռական եպիսկոպոս Նիկոլաս Չեմբեռլեյնը հայտարարել է. «Դա իմ անձնական կյանքն է: Իմ սեռականությունն իմ մի մասնիկն է»:
Անգլիկան Եկեղեցու Գրենթհեմի եպիսկոպոսն առաջինն է, որը հրապարակայնորեն հայտարարել է իր նույնասեռական կողմնորոշման մասին (տեսանյութը՝ այստեղ): Նիկոլաս Չեմբեռլեյնը խոսել է իր սեռական կողմնորոշման մասին, երբ կիրակնօրյա պարբերականը սպառնացել է բացահայտել այն:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Բողոքական կամ Լյութերական եկեղեցին: Վերոնշյալի առումով սա նույնպես, ըստ էության, չի տարբերվում «Անգլիկան եկեղեցի» կոչվածից: Բողոքական եկեղեցին ևս ունի արվամոլ եպիսկոպոս՝ Գայ Էրվինը: Լյութերական ժողովն ընտրել է առաջին  համասեռամոլ եպիսկոպոսին: Շվեդիայի Լյութերական եկեղեցու լեսբի (իգացող) եպիսկոպոսը ոչ վաղ անցյալում ցանկացել է եկեղեցիների վրայից խաչերը հանել՝ մահմեդականներին հաճոյանալու համար կամ այդ պատճառաբանությամբ:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» հասարակական նախաձեռնությունը մարտի 29-ին իր կայքում հայտարարելով, որ «Անգլիկան եկեղեցու հոգևոր սպասավորներին, որոնց թվում կան նաև համասեռամոլներ, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում պատարագ մատուցելու արտոնություն տալու մասին Երուսաղեմի Հայոց Պատրիարքի խնդրանքն իսկ սրբապղծություն ու խայտառակություն է, այն հակասում է քրիստոնեական ուղղափառ վարդապետությանը և վարկաբեկում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն», Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչ է արել չեղարկել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Մանուկյանի հիշյալ դիմում-խնդրանքը: Նախաձեռնությունը նաև բաց նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մասնավորապես նշված է.
«Աստված օգնական, Վեհափառ Տեր
Սույն թվականի մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կայացավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Ձեր ներկայացուցիչը՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Արարողության ընթացքում Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դիմեց Տիրոջ Սուրբ Գերեզմանի իրավատեր մյուս երկու եկեղեցիների ներկայացուցիչներին՝ Հունաց Պատրիարք Սրբազանին և Վատիկանի Նվիրակին՝ խնդրելով արտոնել հինգ այլ եկեղեցիների, այդ թվում նաև Անգլիկան եկեղեցուն, Զատկից հետո տարին մեկ անգամ սուրբ պատարագ մատուցել Քրիստոսի Սուրբ Գերեզմանին:
Առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ փաստին որևէ գնահատական չի տրվել:
Հաշվի առնելով սույն խնդրի կարևորությունն այն առումով, որ, մասնավորապես, Անգլիկան եկեղեցում արտոնված է միասեռական հոգևորականների առկայությունը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմում-խնդրանքն առնվազն սրբապղծություն է Քրիստոսի Սուրբ գերեզմանի, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի և քրիստոնեական ուղղափառ հավատի նահատակված սրբերի հիշատակի, մեր հոգևոր հայրերի ու սրբությունների, բոլոր ճշմարիտ քրիստոնյաների հանդեպ:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Մանուկյանի արարքը խայտառակ և ամոթալի խարան կմնա Հայոց Եկեղեցու վրա, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի և անձամբ Ձեր կողմից, Վեհափառ Տեր, գործուն քայլեր չձեռնարկվեն վերոնշյալ դիմում-խնդրանքի չեղարկման ուղղությամբ»:
Բաց նամակի տակ մարտի 29-ի դրությամբ ստորագրել էին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ն, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնությունը, «Երևանի աշխարհաքաղաքական ակումբը», «Հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության» դաշինքը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Հանրային դիվանագիտության դպրոց», «Իրավագիտության դպրոց», «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոն», «Միջազգային հումանիտար զարգացման», «Հայրենանվեր Երիտասարդների միություն» հասարակական կազմակերպությունները, «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միությունը, «Մխիթարիչ» բարեգործական  ընկերությունը, Ճշմարիտ քրիստոնեության վրա հիմնված հայկական դյուցազնական մարտարվեստի և մշակութային դպրանոցը, «Գոյ» բարեգործական հիմնադրամը, «Հաշտարարություն, հոգեբանություն, իրավունք» գիտա-ուսումնական կենտրոնը, Կոռուպցիայի հակազդման ասոցիացիան, Հաշտարարների միությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «Պատրիադա» հունական համայնքը, «Youth for youth» օնլայն ռադիոն: Նշեմ նաև, որ բաց նամակին միանալ ցանկացող կազմակերպությունները կարող են գրել arm.sovereignty@gmail.com հասցեով։
Բաց նամակը «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության կայքում հրապարակվելուց բացի, նշված նախաձեռնության կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվել է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (divanatun@etchmiadzin.am հասցեին), այնպես էլ մեր հոգևոր թեմերին:
Ցավոք, ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոսից, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և թեմերից ընդհանրապես, այսօր առավոտվա դրությամբ որևէ արձագանք չկար բազմաթիվ կազմակերպությունների ստորագրած վերոնշյալ բաց նամակին: Նկատի ունենալով այս հանգամանքը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին այսօր հեռախոսով հարցրեցի, թե հիշյալ բաց նամակին ընդհանրապես որևէ արձագանք լինելո՞ւ է…
Տեր Վահրամի պատասխանը հետևյալն էր` մենք ընդհանրապես բաց նամակներին չենք արձագանքել, եթե իրենք Վեհափառին դիմում են, այդ դեպքում պատշաճ ձևով պետք է դիմեն, ոչ թե բաց նամակի ժանրով և եղանակով: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավարի այս պատասխանն անկեղծորեն զարմացրեց: Բացատրեցի, որ բաց նամակի ժանրը նույնպես ընդունված, պատշաճ ժանր է, հանրապետության նախագահին և այլ պաշտոնյաների էլ են դիմում բաց նամակով, և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում դա ոչ պատշաճ չի համարվում (ի դեպ, բաց նամակը «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության կայքում և, ընդհանրապես, համացանցում բաց նամակի ձևով հրապարակվելուց բացի, նշված նախաձեռնության կողմից էլեկտրոնային փոստով ուղարկվել է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (divanatun@etchmiadzin.am հասցեին), այնպես էլ մեր հոգևոր թեմերին): Այս բացատրությունից հետո տեր Վահրամն ասաց, որ «Խնդիրն առնվել է, այսինքն՝ հասկանալի է մտահոգությունը նամակում շարադրվածի և ստորագրողների», ապա հավելեց. «Այդ ամենի հետևանքով կտեսնենք ինչ կլինի»:
Այս անորոշ պատասխանն, անշուշտ, չի կարող գոհացնել, և այն, ընդհանրապես, չի կարելի համարել կաթողիկոսին ուղղված բաց նամակի պատասխան, քանի որ այդպես էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ փաստին (Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հիշյալ խնդրանքին) առ այս պահը որևէ գնահատական չի տրվել, մինչդեռ իմ պատկերացրած քրիստոնեական, առավել ևս Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին նրան և, ընդհանրապես, այդպիսի արարք դրսևորած ցանկացած հոգևորականի պետք է արդեն իսկ բանադրած և իր շարքերից վռնդած լիներ: Մտածել, թե Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այդ խնդրանքով հանդես գալիս, չգիտեր, թե Բողոքական, առավել ևս՝ Անգլիկան եկեղեցիներն իրենցից ինչ են ներկայացնում, առնվազն միամտություն կլինի:
Ավելին. տեր Վահրամի պատասխանը չի կարող գոհացնել նաև այն առումով, որ այդպես էլ անորոշ է մնում բաց նամակում բարձրացված հարցին կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի արձագանքը, այսինքն՝ նրանք գործուն քայլեր ձեռնարկելո՞ւ են Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի վերոնշյալ դիմում-խնդրանքի չեղարկման ուղղությամբ, թե ոչ…
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունն ահազանգում է. «Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջարկի ընդունման դեպքում Անգլիկան և Լյութերական եկեղեցիների արվամոլ և իգամոլ եպիսկոպոսները (կամ նրանց կամակիցները) ևս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու հնարավորություն կստանան», այսինքն` այդպիսով պղծելու… Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հիշյալ դիմումին պատասխանը դրական կլինի, եթե իրավատեր երեք եկեղեցական համայնքների պետերը հավանություն տան և ստորագրեն համապատասխան թույլատրագրի տակ:
Այստեղ մի ճշտում կատարենք. վերոնշյալ տեսանյութում, որը, ինչպես նշեցինք, «Շողակաթ» հեռուստաընկերությունն է եթեր հեռարձակել, բայց «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստածը չէ, մի սխալ կա. Ս. Հարության երրորդ իրավատեր համայնքը ոչ թե Վատիկանն է, այլ Ս. Երկրի Ֆրանչիսկյան Միաբանությունը, և դիմումը եղել է ոչ թե Վատիկանի Նվիրակին, այլ Ս. Երկրի Կուստոսին: «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը և  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված բաց նամակի տակ ստորագրած մյուս կազմակերպությունները կաթողիկոսին դիմելու պահին այս մասին տեղյակ չեն եղել և այդ նամակը գրելիս հիմնվել են «Շողակաթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հիշյալ տեսանյութով հաղորդված և այդ առումով սխալ տեղեկատվության վրա: Սակայն, ինչպես հասկանալի է, էականը սա չէ:
Էական հանգամանքների, փաստերի, իրողությունների մասին արդեն նշեցի, դրանցից մեկն էլ այն է, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքը Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու համար նաև Անգլիկան և Բողոքական եկեղեցիներին արտոնելու խնդրանքով դիմել է Քրիստոսի Սուրբ Գերեզմանի նկատմամբ իրավատեր համայնքներից միայն հունաց սրբազանին և Ս. Երկրի Ֆրանչիսկյան Միաբանությանը, սակայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն գործադիր իշխանության մարմնին (Գերագույն հոգևոր խորհրդին) չի դիմել, դրանով իսկ այն տպավորությունն առաջացնելով, թե նրանց թույլտվությունը, առնվազն համաձայնությունը կա:
Հաշվի առնելով սույն խնդրի կարևորությունն այն առումով, որ, մասնավորապես, Անգլիկան եկեղեցում արտոնված է միասեռական հոգևորականների առկայությունը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենին դեռ մարտի 29-ին խնդրել էի պարզաբանել` Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի առաջարկն արդյոք նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ։ Այս հարցին տեր Վահրամից այսօր ստացա հետևյալ պատասխանը.
«Ոչ, համաձայնեցված չի եղել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ։ Առաջարկի հետ կապված պարզաբանում տվել է Պատրիարքարանի դիվանապետը։ Հավելյալ մանրամասների հետ կապված կարող եք դիմել Պատրիարքարան»:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի այս պատասխանն արդեն իսկ վկայում է, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, չնայած տվյալ հարցի շատ նուրբ ու կարևոր լինելուն, անհրաժեշտ չի համարել իր խնդրանքը կամ առաջարկը նախապես համաձայնեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ Գերագույն հոգևոր խորհրդի հետ, անտեսել է այսպիսի կարևոր, զգայուն, սկանդալի տեղիք տվող հարցում նրանց հետ խոհրդակցելու կարևորությունը, այսինքն` թույլ է տվել մի արարք, որ աշխարհիկ կյանքում թերևս կհամարվեր ինքնիրավչություն ու կպատժվեր:
Ինչ վերաբերում է հավելյալ մանրամասների առնչությամբ Երուսաղեմի Պատրիարքարան դիմելուն, ապա «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը ս.թ. ապրիլի 1-ին արդեն իսկ դիմել և Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանից ստացել է մի խայտառակ պատասխան, որին կանդրադառնանք այս թեմայով առաջիկա հրապարակումներից մեկով:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն