Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այսօր ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

  • 11-04-2017 11:36:44   | Լեհաստան  |  Մշակույթ

Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը  կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։ 
 
Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ձևավորման 650-ամյա հոբելյանին։ 
Բեթհովենի Զատկի փառատոնը երաժշտական աշխարհի խոշորագույն իրադարձություններից է։ Այն այս տարի անցկացվում է ապրիլի 2-17-ը։  
Նշենք նաև, որ ապրիլի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով ելույթ կունենա Լյուբլինի (Լեհաստան) Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ