Մասնագիտական անվճար դասընթացներ՝ ապրիլյան քառօրյայում զոհվածների կանանց, քույերի ու մայրերի համար․ Ցանկացողները կարող են դիմել «Արտ հաուզ» (տեսանյութ)


Մասնագիտական անվճար դասընթացներ՝ ապրիլյան քառօրյայում զոհվածների կանանց, քույերի ու մայրերի համար․ Ցանկացողները կարող են դիմել «Արտ հաուզ» (տեսանյութ)

  • 11-04-2017 13:42:30   | Հայաստան  |  Բարեգործություն



 
Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված զինծառայողների մայրերն ու քույրերը կարող են անվճար մասնագիտական հմտություններ և աշխատանք ձեռք բերել «Արտ հաուզ» ուսումնական կենտրոնում։ Ինչպես ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը, «Արտ հաուզի» ողջ անձնակազմը պատրաստ է զոհված հայորդիների հարազատների հետ անցկացնել վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ֆուրշետի ձևավորման, հագուստի մոդելավորման դասընթացներ։ 
Ըստ նրա՝ «Արտ հաուզ»-ը ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ու մասնագիտական հմտություններ կփոխանցի դասընթացների մասնակիցներին, այլև ամբողջությամբ անվճար կտրամադրի անհրաժեշտ նյութերն ու պարագանները, նաև կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում։ 
«Ես ուզում եմ «Արտ հաուզի» ողջ անձնակազմի անունից խոնարհվել հերոսներ ծնած և դաստիարակած այդ մայրերի առջև, որովհետև ամոքել նրանց վիշտն անհնար է, պարզապես մենք պետք է փորձենք արտթերապիայով նրանց այդ վիճակից հանել»,- ասաց Լ․ Կարապետյանը՝ կոչ անելով զոհվածների բոլոր հարազատներին առանց վարանելու դիմել իրենց։ 
Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին անգամը չէ, որ իրենք մասնակցում են նմանատիպ բարեգործական նախաձեռնությունների, արդյունքում կարողանում են ոչ միայն ժպիտ պարգևել, այլև օգտակար լինել կարիքի մեջ գտնվողներին։ 
Նրա խոսքերով՝ ապրիլյան քառօրյայում զոհված հայորդիների ընտանիքներին աջակցելու համար պետք չէ նստել և սպասել, թե երբ պետությունը կաջակցի, այլ յուրաքանչյուր ոք հնարավորությունների սահմաններում պետք է փորձի թեթևացնել այդ ընտանիքներին բաժին հասած հոգսը։ 
«Արտ հաուզ»-ի տնօրենը համոզված է, որ նշյալ հարցում հասարակության նախաձեռնողականությունը կարող է օրինակելի լինել պատկան մարմինների համար, որոնք վաղ թե ուշ կհետևեն ժողովրդին։
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play