«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ


«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

  • 11-04-2017 15:00:02   | Հայաստան  |  Իրավունք

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից  լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
 
Այսպես, 2016 թ.-ի հոկտեմբերի 12-ին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բանկի հաճախորդներ` եղբայրներ Էմիլ Խ.-ն և Էդիկ Խ.-ն, բանկի Վայոց ձորի մասնաճյուղի կառավարչին 15.09.2016թ.-ին ներկայացրել են իրենց վարկային հաշիվներից` 1.960.000  ՀՀ դրամ գումարի մարման վերաբերյալ 15 անդորրագիր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ դրանցում արտացոլված տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, և այդպիսի մարումներ փաստացի չեն կատարվել:
 
Հետագայում նույն բանկի աշխատակիցներ Անուշ Գ.-ն և Աննա Վ.-ն բացատրությամբ հայտնել են, որ մինչ այդ` 2016թ.-ի հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ մարումներ արտացոլող անդորրագրեր տրամադրելու խնդրանքով, իրենց է դիմել Էմիլ Խ.-ի և Էդիկ Խ.-ի եղբայրը` ոստիկանության աշխատակից, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ-ի հաճախորդ Էդգար Խ.-ն: Վերջինս, նշելով, որ մեկ այլ բանկից վարկ ստանալու նպատակով ցանկանում է մարել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ-ում ունեցած վարկը, այդ կապակցությամբ Անուշ Գ.-ին և Աննա Վ.-ին խնդրել է իրեն տրամադրել կեղծ մարումներ արտացոլող 15 անդորրագիր:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք