Ապագա խորհրդարանը ձեւավորվել է այնպես՝ ինչպես նախագծված էր.ՌԱԿ
11-04-2017 17:33:17 | Հայաստան | Քաղաքական
ՌԱԿ Կենտրոնական վարչության եւ Գերագույն խորհրդի համատեղ հայտարարությունը ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին.
Անմիջականորեն հետեւելով ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպես նաեւ նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸
Ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացությունները¸ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները¸
Միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմաններին տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են ներքաղաքական կայունության առաջնահերթ կարեւորությունը եւ պետության անվտանգությունը դասում են գերիվեր ամեն տեսակի նկատառումներից¸
Նաեւ՝ դրական ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումերը¸
Ռամկավար Ազատական կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է իբրեւ ոչ ամբողջովին համապատասխան միջազգային չափանիշներին։ Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրառված տեխնիկական նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին¸ քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերին եւ առհասարակ մամուլին թույլատրված ազատություններին¸ ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության ու խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին¸ դժբախտաբար ընտրական գործընթացը չձերբազատվեց տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի¸ պարտադրանքի¸ պետական ծառայողների¸ կրթական համակարգի պատասխանատուների¸ բանակի¸ ներքին անվտանգության ծառայությունների եւ վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորությունից¸ որը մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։
Ավելին՝ ընտրությունների նախածրագրման ընթացքում¸ ելնելով տարբեր պայմանավորվածություններից¸ ձեռքից բաց թողնվեց Սփյուռքի քաղաքական ողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքի միջնորդավորված մասնակիցը դարձնելու առիթը¸ նախընտրելով ընդամենը մեկ ուժ։
Համենայնդեպս¸ ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից¸ գոհունակությամբ արձանագրելով հետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը¸ Ռամկավար Ազատական կուսակցությունը շարունակում է իր այնպայմանադիր նպաստը բերել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բարօրության¸ հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացման գործին¸ եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը։
ՌԱԿ Գերագույն խորհուրդ ՌԱԿ Կենտրոնական վարչություն