ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը աշխարհը կարող է տանել համաղետի (տեսանյութեր)


ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը աշխարհը կարող է տանել համաղետի (տեսանյութեր)

  • 11-04-2017 23:30:18   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը Սիրիայի ավիաբազաներից մեկի վրա ունի մի քանի կողմեր: Միացյալ Նահանգների նպատակը մեկը չէ, իր այդ քայլով ԱՄՆ-ը ցանկանում է լուծել և՛ ռազմական, և՛ ռազմաքաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային կամ գլոբալ խնդիրներ: Այլ հարց է, թե նրան դա որքանով կհաջողվի:
Միաժամանակ, կասկածից գրեթե դուրս է, որ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան ունենալու է հետևանքներ հիշյալ բոլոր առումներով ու մակարդակներում: Հետևանքներից չի խուսափելու նաև ինքը` Միացյալ Նահանգները:
Վերոնշյալ և կատարվածին առնչվող այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ: Նրա հավաստմամբ, Ռուսաստանին կանգնեցնում են ընտրության առջև` կամ գնալ դեպի սրում, կամ համակերպվել այս հարվածի հետ, ինչը և՛ Ռուսաստանի, և՛ անձամբ Պուտինի հեղինակությանը բավական լուրջ հարված կլինի:
 
- Ձեր կարծիքով, Միացյալ Նահանգներն ինչո՞ւ գնաց Սիրիայի ռազմական օդանավակայանին հրթիռային հարված հասցնելու քայլին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ հարձակումը:
- Այս հարձակումը, եթե դրան նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքական տեսակետից, կարող է ունենալ բավական լուրջ հետևանքներ: Որպես առավել կարևոր հանգամանքներ, ես կնշեի երկուսը:
Առաջինն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թրամփի ադմինիստրացիան փորձում են Ռուսաստանի, այսպես ասած, ռեակցիան, ուզում են տեսնել, թե այն ինչպիսին կլինի, որովհետև Օբամայի նախագահության շրջանում նման բան տեղի չի ունեցել: Հիմա, փաստորեն, Ռուսաստանին կանգնեցնում են ընտրության առջև` կամ գնալ դեպի սրում, կամ, շատ թե քիչ, համակերպվել այս հարվածի հետ, ինչը և՛ Ռուսաստանի, և՛ անձամբ Պուտինի հեղինակությանը բավական լուրջ հարված կլինի:
Երկրորդ առավել կարևոր հանգամանքը հետևյալն է. այս հրթիռային հարվածը, որքան հասկանում եմ, իր տարբեր հետևանքներով հաշվարկված է ամերիկացիների կողմից, սակայն կա մի բան, որը, համոզված չեմ, որ նրանք խորը հաշվարկել են: Նկատի ունեմ այն, որ Միացյալ Նահանգներն իր այդ քայլով, այսինքն` միջազգային իրավունքի տեսանկունից ընդունելի համապատասխան որևէ հիմնավորում չունենալով, առանց որևէ օրինական հիմնավորման, հարված հասցնելով մեկ այլ պետության, միաժամանակ, ըստ էության,  հարված է հասցրել ներկայումս գոյություն ունեցող ժմիջազգային հարաբերությունների համակարգին, ինչը կարող է ունենալ շատ հեռուն գնացող հետևանքներ: Սա, այսպես կոչված, «հումանիտար ինտերվենցիայի» հայեցակարգի իրականացումն է, որը վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգները և, ընդհանրապես, Արևմուտքը սկսել է բավական ինտենսիվորեն քննարկել: Այնպես որ, համամոլորակային առումով այս երկու առավել կարևոր հետևանքները կարող են լինել:
- Իսկ ի՞նչ հետևանքների սպասել տարածաշրջանային առումով:
- Կարծում եմ, ամերիկացիների այդ հարձակումը որոշակի մարտավարական խնդիր լուծելու նպատակն ունի: Դա փոխելն է այն ընթացքը, այն իրավիճակը, որը սկսել էր ձևավորվել սիրիական հակամարտությունում, իսկ այդ ընթացքն այն է, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսների և իրենց աջակից մյուս ուժերի օգնությամբ կամաց-կամաց հաջողության են հասնում, միաժամանակ թուլանում են ընդդիմադիրների դիրքերը: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի հարձակումը հենց այս պահին տեղի ունեցավ, այսինքն` Սիրիայի ավիաբազային հրթիռային հարվածը նպատակ ունի փոխել Ասադի օգտին ձևավորվող իրավիճակը:
- Բայց Սիրիայի կորուստն այնքան շոշափելի՞ է, որ դա կարողանա փոխել իրավիճակը, Սիրիայի կառավարական զորքերին զրկի առաջիկայում նոր հաջողությունների հասնելու հնարավորությունից:
- Ես դա միայն կորուստների չափով չեմ բացատրում, թե որոշակի որքան են կորուստները: Այս առումով գնահատականները հակասական, իրարամերժ են: ԱՄՆ-ը հայտարարեց, թե ոչնչացրել է Սիրիայի ռազմական ավիացիայի 20 տոկոսը: Ըստ Սիրիայի և Ռուսաստանի, լուրջ նյութական լուրջ կորուստներ չեն պատճառվել: Էականն այդ դեպքում դա չէ, կարևորն այն է, որ Սիրիայի իշխանություններին այդ հարվածով ցույց է տրվում, որ, տեսեք` թեև դուք կարողացել եք ինչ-որ հաջողությունների հասնել, բայց մենք կանք և երբ ուզենանք, առանց որևիցե հիմնավորման, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, նույնիսկ ձեր դաշնակիցներին` Ռուսաստանին և Իրանին շրջանցելով, բանի տեղ չդնելով, կարող ենք կիրառել ուժ: Այսինքն` ԱՄՆ-ի այս քայլը նպատակ ունի նաև ուժեղացնել Ամերիկայի թուլացող դիրքերը Սիրիայում, և թուլացնել Ասադի կառավարության ուժեղացող դիրքերը, որը, իհարկե, շատ բարդ գործընթաց է լինելու:
- Ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ:
- Այստեղ շատ կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը, այսինքն` ինչ որոշում կընդունի Ռուսաստանը, ինչ ճանապարհով կգնա` հակազդեցությունը կուժեղացնի, դիմակայությունը կսրի՞ Ամերիկայի նկատմամբ, թե այս ամենը, այսպես ասած, կուլ կտա, կհանդուրժի: Տեսնենք… Ինձ թվում է, մի քանի օր պետք է սպասել` այս հարցի պատասխանն ունենալու համար:
- Իսկ միջազգային փորձագիտական հետաքննող խումբ կստեղծվի՞, որը կզբաղվի քիմիական հարձակման հետ կապված ճշմարտությունը, հարձակման իրական հեղինակին պարզելու խնդրով:
- Չեմ կարծում:
- Թույլ չե՞ն տա:
- Այո, թույլ չեն տա: ԱՄՆ-ը, Արևմուտքի նրա դաշնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո կդնեն այդ առաջարկի վրա: Հենց երեկ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչներից մեկի ուշագրավ և իրենց բնորոշ հայտարարությունը կար, որ սա պարզելն իրենց խնդիրը չէ, հետախուզական ծառայությունները թող դրանով զբաղվեն, մենք դրանով չենք հետաքրքրվում: Այսինքն` արդեն քաղաքական որոշումն ընդունել են, հարվածը հասցրել են, հետո էլ ասում են` թող հետախույզները դրանով զբաղվեն:
- Մինչ այժմ այսպիսի գործելակերպով աշխարհի ո՞ր պետություններն են հանդես եկել:
- Իսրայելը և Ամերիկան: Հիշենք Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի հարձակումը` դարձյալ առանց համապատասխան հիմքի, ամերիկյան ինքնաթիռների հարվածը Լիբիային դեռ Քադաֆիի ժամանակ և այլն:
- Ի՞նչ կարող եք ասել իրանի դիրքորոշման առնչությամբ:
- Իրանի դիրքորոշումը շատ հստակ է: Պատահական չէ, որ Իրանը ԱՄՆ-ի այս քայլը շատ հստակ դատապարտեց որպես ագրեսիայի ակտ: Շատ կարևոր է, որ հենց Իրանի նախագահ Ռոհանին ինքը զանգեց Պուտինին այդ խնդրով: Սա վկայում է այն մասին, որ Իրանը, փաստորեն, առաջարկում է Ռուսաստանին համատեղ դաշինք, ճակատ ստեղծել Ամերիկայի նոր քաղաքականության դեմ: Տեսնենք` Ռուսաստանը կգնա՞ այդ քայլին, թե ոչ:
- Ըստ էության, Սիրիայում ընթացող պատերազմի առնչությամբ այդ ճակատը գործնականում մինչ այդ էլ կար, խնդիրն այժմ արդեն Ամերիկայի նոր քաղաքականության դեմ հանդես գա՞լն է:
- Այո: Բացի այդ, գործնականում կայացած այդ դաշինքում նաև Չինաստանը կար, բայց Չինաստանն այս դեպքում Իրանի և Ռուսաստանի պես հստակ ու խիստ դիրքորոշմամբ հանդես չեկավ, որովհետև հարձակումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը գտնվում էր Ամերիկայում: Բանակցությունների ամենաթեժ պահին Թրամփը նրան ուղղակի տեղյակ է պահել, որ Միացյալ Նահանգները հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ավիաբազաներից մեկին: Սա չինացիների համար ապտակ է, որովհետև բանակցությունների ժամանակ այդպիսի բան է տեղի ունենում, ուղղակի տեղյակ են պահում եղած իրադարձության մասին…
Չինաստանի կողմից, իհարկե, ընդհանուր կերպով ասվեց, որ ինքը դեմ է նման բանի, բայց ես չտեսա կատարվածի այնպիսի հստակ դատապարտում, ինչպիսին եղավ Ռուսաստանի և Իրանի կողմից: Որովհետև, որքան տեղյակ եմ, բավական կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել, մասնավորապես որոշվել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը 100 օրվա ընթացքում պետք է արդեն համաձայնագրերի նախագծեր պատրաստեն` միմյանց միջև սկսվող տնտեսական պատերազմը կանգնեցնելու համար, այսինքն` Չինաստանը հիմա իր այս տնտեսական շահերն ավելի բարձր է գնահատում, քան Սիրիայում ունեցած հետաքրքրությունները:
Կարծում եմ, Թիլերսոնի առաջիկա այցը Մոսկվա կարող է ինչ-որ բան փոխել: Այսօր հաղորդագրություն եղավ, որ Յոթնյակի երկրների արտգործնախարարները որոշում չեն ընդունել Սիրիայում քիմիական հարձակման առնչությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ: Ինչպես գիտեք, ամերիկյան որոշ պաշտոնյաներ, նրանց թվում նաև` Թիլերսոնը, դարձյալ կասկածների հիման վրա, ռուսներին մեղադրում էին, որ նրանք, այսպես թե այնպես, մասնակից են եղել Սիրիայում քիմիական հարձակմանը:
Շատ բան կախված կլինի Ռուսաստանի դիրքորոշումից, նրանից, թե ինչ ճանապարհով կգնա Ռուսաստանը: Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի հարձակումից մի քանի ժամ հետո եղավ Ռուսաստանի նախկին վարչապետ, արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ֆրադկովի հայտարարությունը, որ սա այն դեպքը չէ, որ խաղադրույքները պետք է բարձրացնել: Այսինքն` այդ մոտեցումներն էլ կան Ռուսաստանի քաղաքական վերնախավում: Շատ բան Պուտինից, Պուտինի անձից, անհատականությունից է կախված:
- Գուցե կսպասեն ԱՄՆ-ի հետագա գործողությունների՞ն, կտեսնեն, թե Միացյալ Նահանգները սահմանափակվո՞ւմ է այս ագրեսիայով, թե հաջորդն էլ է կատարում:
- Բայց ամերիկացիներն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ եթե նման բան լինի, իրենք շարունակելու են հարվածել Սիրիային, որ սրանով չեն ավարտելու: Բացի այդ, նրանց հարվածային ռազմածովային խմբավորումը` ավիակիրը` ուղեկցող այլ ռազմանավերի հետ միասին, կտրուկ փոխելով իր ճանապարհը, գնում է դեպի Հյուսիսային Կորեա: Արդեն հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները, չի բացառվում, կարող է հարված հասցնել նաև Հյուսիսային Կորեային: Այսինքն` սա գլոբալ առումով ամերիկյան քաղաքականության փոփոխություն է` ուժի վրա հիմնված: Գուցե գան ժամանակներ, երբ Օբամային երանի տանք…  
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Քաղաքական