Ճնշումներ ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողների նկատմամբ


Ճնշումներ ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողների նկատմամբ

  • 12-04-2017 18:34:56   | Հայաստան  |  Իրավունք

2017 թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի գրասենյակ՝  հայտնելով, որ նայելով 33/39 տեղամասի ստորագրած ցուցակը, նկատել է, որ իր անվան դիմաց(ընտրողների ստորագրված ցուցակում հերթական համարը՝ 536) կա կնիք և ստորագրություն, այսինքն՝ իր փոխարեն կատարվել է քվեարկություն։
 
 Այնուհետև նույն օրը վերջինս կատարվածի մասին ստորագրել էր համապատասխան դիմում-հայտարարություն և այն  անձամբ տարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Ա.Ամեխյանը եկել է հկ-ի գրասենյակ և հայտնել, որ ինքը լավ չի հիշել՝ իրականում  մասնակցել է քվեարկությանը, և  իր փոխարեն քվեարկություն չի կատարվել:Այդ պատճառով ինքը դիմումը ԿԸՀ չի մուտքագրել և հկ-ից պահանջել է  վերադարձնել իր կողմից ստորագրված փաստաթղթերի բնօրինակները: Մի շարք հարցադրումներից պարզ էր,սակայն, որ նրա հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
09․04.2017թ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 162-Ա որոշման մեջ հիշատակվում է, որ այլ անձի փոխարեն քվեարկության մասին ստացել են «մեկ դիմում քաղաքացի Արմինե Ամեխյանի կողմից, որի համաձայն դիմումատուն ընդգրկված է եղել թիվ 33/39 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընտրության չի գնացել, սակայն իր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն»։ Թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է դիմումը և պարզել, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ցուցակի թիվ 536 տողում ընդգրկված ընտրող Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն այլ անձի կողմից, և  նյութերն ուղարկվել են դատախազություն։Այսինքն, արձանագրված փաստ է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել փոխարեն քվեարկություն, ուստի անհասկանալի և մտահոգիչ է նրա վարքագծի և տրամադրվածության կտրուկ փոփոխությունը: Իրադարձությունների զարգացման նման ընթացքի մեջ ողջամիտ կասկած է առաջանում ընտրողի որոշման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ունեցած ուղղակի կամ անուղղակի ազդեցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանադրական  փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Տիգրան Մուկուչյանն անձամբ ԶԼՄ ներկայացուցիչ Մելինե Ավագյանին ստիպել էր հրաժարվել իր դիմումից՝ վերջինիս դիմումի բովանդակության մասին ապատեղեկատվություն տարածելու միջոցով։
 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
 
«Իրավունքի Եվրոպա միավորում» հկ
 
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ
 
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ
 
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հ այտարարությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության,  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կամ Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք