Ոստիկանության պարզաբանումը Դավթաշենի ծառահատման հետ կապված


Ոստիկանության պարզաբանումը Դավթաշենի ծառահատման հետ կապված

  • 12-04-2017 18:36:31   | Հայաստան  |  Իրավունք

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում Գոհար Սարդարյանը անդրադառնալով Դավթաշենի ապօրինի ծառահատման դեպքին՝ մի ամբողջ հասարակական-քաղաքական «վերլուծություն» է արել, որպեսզի ավարտի հարցականով՝ ինչո՞ւ ոստիկանությունը չի հրապարակում ծառերը հատողի անունը. «Հլա թող մեկը լիներ, ով իրենցից չէր, թեկուզ խիստ կասկածելի լիներ նրա մեղսակցությունը, անունը չէի՞ն տա: Այնպե՜ս կտային. ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան… Ավելին՝ ողջ օրը կպտտեցնեին տեսահոլովակը երկրի բոլոր հեռուստատեսություններով, որ լավ ամրապնդվի մարդկանց գիտակցության մեջ եղած դեպքն էլ, կատարող դեմքն էլ»:
 
 
Ոստիկանությանը ներկայացված մեղադրանքը, մեղմ ասած, անհեթեթ է, որովհետև իր ասած՝ «ֆուտուրիստական» եզրահանգումները պրիմիտիվ անտեղյակության հետևանք են:
Մանրամասնենք:
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 10-ին: Նույն օրվա ժամը 11.30-ին կատարողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն: Նույն օրվա ժամը 14.39-ին ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, ուր նշված են կատարողի անվանատառերը (լրագրողը կհեգնի, թե ոչ՝ ոստիկանությունը պահպանում է անմեղության կանխավարկածը): Իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 11-ի ժամը 18.05-ին ոստիկանության պաշտոնական կայքէջում արդեն զետեղվել է տեսանյութ, ուր ներկայացվում է և՛ դեպքը, և՛ կատարող դեմքը, և՛ անուն-ազգանունը, և՛ նրա խոսքը, և՛ հետաքննության ընթացքը, և… 
Նույն օրը տեանյութը հեռարձակվել է նաև «Արմենիա»-ի «Հերթապահ մասով» (կներեք, որ ոչ բոլոր հեռուստաընկերություններով)…
Բայց այս ամենը լրագրողի կողքով է անցել: Եթե ընդունենք, որ բոլոր թերթերի պես «Փաստ»-ն էլ ուշ երեկոյան է ստորագրվում տպագրության, ապա նա անհրաժեշտ ժամանակ ունեցել է իր հարցերի պատասխանը ստանալու համար, ավելին՝ դա կարող էր անել ընդամենը զանգելով ոստիկանության լրատվական ծառայություն: Բայց այդ դեպքում չէր գրվի թերթի կես էջը գրաված այդ ամբողջ «ֆուտուրիզմը»։ 
Ինչևէ, եթե իսկապես մտահոգ եք հանրային առողջության և ապօրինությունների դեմ պայքարի համար, ազնվորեն համագործակցեք իրական պայքարողների հետ, հակառակ դեպքում լրագրությունը վերածվում է ցածրորակ պրոպագանդիզմի:
 
Նոյյան տապան  -   Իրավունք