Շոյգուն բացահայտել է, թե Սիրիային ԱՄՆ-ի հրթիռային հարվածից հետո ինչ նպատակ ունի Ռուսաստանը
12-04-2017 13:19:42 | ԱՄՆ | Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, զորավար Հոսեյն Դեհղանը երեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարար Ալքսանդր Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածներին: Տեղեկացնելով այս մասին, Իրանի ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը հայտնել է այդ զրույցի որոշ մանրամասներ:
ԻԻՀ պաշտպանության նախարարը նշել է, որ տարածաշրջանում ահաբեկիչների կրած պարտությունը փոխհատուցելու համար, Միացյալ Նահանգները Սիրիայի օրինական կառավարության դեմ համախոհություն առաջացնելու և տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը պատճառաբանելու համար, կասկածելի ու վտանգավոր սցենար է բեմադրում:
«ԱՄՆ-ի նոր իշխանությունն այդ քայլով ապացուցեց, որ ոչ միայն ահաբեկիչների դեմ չի պայքարում, այլև քայլ է վերցնում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների աջակցման ուղղությամբ»,- ասել է Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը նշել է նաև, որ «ԱՄՆ-ի այդ ոտնձգությունը նպատակ ուներ բարձրացնել Սիրիայում ահաբեկիչների պարտված հոգեվիճակը»:
ՌԴ պաշտպանության նախարարը հիշյալ հեռախոսազրույցի ընթացքում հաստատելով ԻԻՀ պաշտպանության նախարարի խոսքերը, ընդգծել է ահաբեկչության դեմ պատերազմում Սիրիայի բանակն ու ժողովրդական ուժերը շտապ ամրապնդելու անհրաժեշտությունը:
«ՌԴ-ն նպատակ ունի օգտվելով իր հնարավորություններից, քաղաքական ու ռազմական բնագավառներում առավել կտրուկ ու ջախջախիչ հարված հասցնել ահաբեկիչներին և նեղը դնել նրանց ու նրանց պաշտպաններին»,-հայտարարել է Շոյգուն:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկելով Սիրիայի վերջին զարգացումները, ԻԻՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն ընդգծել են ահաբեկիչներին ջախջախիչ հարված հասցնելու նպատակով առավել ջանք ու համագործակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: