Թուրքիայի դերակատարումը սիրիական նոր զարգացումներում ավելի մեծ կլինի, քան դա երևում է ներկա դրությամբ


Թուրքիայի դերակատարումը սիրիական նոր զարգացումներում ավելի մեծ կլինի, քան դա երևում է ներկա դրությամբ

  • 12-04-2017 21:33:02   | ԱՄՆ  |  Վերլուծություն

 
 
Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ Շարիաթ» ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռային հարվածից կարճ ժամանակ առաջ տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավաստիներն այցելել թե այցելելու են ռուսական մի ռազմանավ, որը զինված է ժամանակակից «Калибр» թևավոր հրթիռներով:
Ամեն մեկը չի կարող լինել ռուսական այդ ռազմանավերի վրա, սա նշանակում էր թուրք ռազմածովայինների և, ընդհանրապես, Թուրքիա պետության նկատմամբ վստահության ու բարեկամության ժեստ Ռուսաստանի կողմից:
Բացի վերը նշվածից, դրանից ավելի վաղ, տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել «С-400» գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրներ, այն գնելու համար դիմել է Ռուսաստանին: Վերջինիս կողմից թեև համաձայնություն չէր եղել, բայց մերժում էլ չկար: Վաճառելու նպատակահարմարությունը հավանաբար քննարկվում էր ռազմական, քաղաքական և ֆինանսական առումներով, Թուրքիայից ոչ միայն խոշոր գումար, այլև քաղաքական շատ լուրջ զիջումներ ստանալու, համաձայնություններ ձեռք բերելու տեսանկյունից: Բոլոր դեպքերում, այս ամենը հուշում էր առևտրային, զբոսաշրջային, ընդհանրապես, տնտեսական ոլորտից բացի, նաև ռազմական ոլորտում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին, և այս պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանկարծ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ը Սիրիայում սկսի ռազմական գործողություն:
Ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ կարող եք ասել այս ամենում Թուրքիայի դերակատարության վերաբերյալ, ԱՄՆ-ի ագրեսիային նրա աջակցությունն արդյոք անակնկա՞լ էր, թե ոչ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Թուրքիայի դերակատարությունն ինձ էլ է հետաքրքրում: Կան փաստեր, որոնք մինչև վերջ չեմ կարողացել բացատրել, բայց դրանք, կարծում եմ, զուտ պատահականություն չեն: Մարտի վերջին օրերին, կարծեմ 29-ին էր, Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիայում ավարտում է «Եփրատի վահան» գործողությունը: Դրանից մեկ օր հետո Թուրքիա ժամանեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նորանշանակ քարտուղար Ռեքս Թիլերսոնը, իսկ դրանից մի քանի օր հետո տեղի ունեցավ խնդրո առարկա հարձակումը: Ընդ որում, քիմիական հարձակումը կատարվեց հենց այն տարածքում` Իդլիբի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող ընդդիմադիր զինյալ ուժերի հսկողության տակ: Փաստորեն, Թուրքիան է այդ ուժերի միջոցով հսկում Իդլիբի շրջանը:
Սրան ավելացնենք նաև այն տվյալները, որ Լիբիայից թունավոր գազերը, որոնք Լիբիայում ընկել էին ապստամբների ձեռքը, տեղափոխվում են Թուրքիայի տարածքով Սիրիա և այնտեղից Իրաք, որ Մոսուլի շրջանում կարողանան իրենք պայքարել: Այնպես որ, այստեղ Թուրքիայի ինչ-որ դերակատարում կա, Թուրքիան շատ կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, միանգամից պաշտպանեց Միացյալ Նահանգների այդ գործողությունը, ռուսներին մեջքով շուռ գալով կամ հերթական անգամ թիկունքից դաշույն խրելով, ինչը մեզ համար սպասելի էր, դա մենք մեր կաշվի վրա ենք զգացել: Սակայն, սա իրադարձությունների ինչ-որ շղթա է, որն ինձ դեռ այնքան էլ պարզ չէ: Կարծում եմ, պետք է սպասել հետագա զարգացումներին: Կարծում եմ նաև, որ Թուրքիայի դերակատարումն այս ամբողջի մեջ ավելի մեծ կլինի, քան դա երևում է ներկա դրությամբ»:
Իսկ, հետաքրքիր է, Էրդողանի հիշյալ հայտարարությունը Ռուսաստանի կողմից ի՞նչ հակազդեցության տեղիք կտա, այսինքն` մենք կարո՞ղ ենք մտածել, որ Ռուսաստանն այս անգամ, ի վերջո, համապատասխան հետևություն կկատարի Թուրքիայի վերաբերյալ:
«Չէ, չեմ կարծում, որ ռուսները վերջնականապես հետևություն կկատարեն, կշարունակվի եղած քաղաքականությունը,- պատասխանելով մեր վերոնշյալ հարցին, ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:- Եվ ռուսները գիտեն, և թուրքերը գիտեն, որ իրենք իրար հետ ունեն ընդհանուր եզրեր, շահեր, հետաքրքրություններ, բայց հիմնականում հակառակորդներ են: Այսինքն` նրանցից յուրաքանչյուրը տարբեր հարցերում իր շահերն է հետապնդում ու վարում է դրանից բխող օգտապաշտական քաղաքականություն:
Ուղղակի ցանկանում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել: Երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունից հետո քննարկում է Ռուսաստանից Թուրքիա ինքնաթիռների չարտերային չվերթները կասեցնելու խնդիրը: Սա հատկապես զբոսաշրջային սեզոնից առաջ մեծ հարված կլինի Թուրքիային, որովհետև, ինչպես հրապարակվեց, արդեն մոտ 800 000 ուղեգիր էր գնվել Թուրքիայի հանգստավայրերի համար: Ինքնաթիռների չարտերային թռիչքների կասեցումն իսկապես մեծ հարված կլինի Թուրքիային, քանի որ Թուրքիան այս տարի Ռուսաստանից սպասում է մինչև 5 միլիոն զբոսաշրջիկ»:
Այո, Թուրքիայի տնտեսության համար այդ հարվածը շատ մեծ կլինի, բայց Թուրքիայի ղեկավարությունը հիմար չէ: Էրդողանի հիշյալ հայտարարությունից առաջ նրանք այդ հետևանքները, այդ վնասը պետք է հաշվարկած լինեին, սակայն եթե գնացել են ԱՄՆ-ի օգտին հանդես գալու և Ռուսաստանի դեմ նորից շուռ գալու քայլին, ուրեմն, նշանակում է, շատ ավելի մեծ են համարել ԱՄՆ-ին իրենց աջակցության դիմաց ակնկալվող շահաբաժինը:
Ռ, Սաֆրաստյանի տեղեկացմամբ, չարտերային չվերթների կասեցման վերաբերյալ Ռուսաստանից հնչած հայտարարությունից հետո Թուրքիան որոշ չափով փոխել է իր դիրքորոշումը: Եթե մինչ այդ հայտարարում էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքը կիրառվել է Ասադին ենթակա կառավարական զորքի կողմից, ապրիլի 10-ին Լավրովի և Չավուշօղլուի միջև կայացած զրույցի ընթացքում վերջինս համաձայնել է Ռուսաստանի հետ, որ այդ հարցը պարզելու համար դեռևս պետք է հետաքննություն անցկացնել:
«Այսինքն, կարծում եմ, ռուսները շատ հստակ իմանալով թուրքերի էությունը, այդ ճնշումը գործադրեցին նրանց վրա, որ Թուրքիայից ստանան Չավուշօղլուի միջոցով արված այդ հայտարարությունը»,- ասաց մեր զրուցակիցը:
Անհասկանալի է, սակայն, թե ինչ է տալիս այդ հայտարարությունը Ռուսաստանին: Եթե ինչ-որ բան տալիս էլ քաղաքական հարթությունում, ապա դա իր փոքրությամբ բացարձակապես անհամեմատելի է այն ֆինանսատնտեսական այն հսկայական օգուտների հետ, որ Թուրքիան ստանալու է Ռուսաստանից զբոսաշրջիկների վերոնշյալ քանակության թեկուզ կեսի այցելության դեպքում: Ի վերջո, կասկած անգամ չկա, որ անկախ Չավուշօղլուի վերոնշյալ հայտարարությունից, Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակման պարագայում Թուրքիան իսկապես աջակցելու է Միացյալ Նահանգներին, մասնակցելու է այդ պատերազմին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play