ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր


ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

  • 13-04-2017 15:02:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
 
Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Ֆոնդի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են  էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը: Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ: Չլինելով մրցակից առևտրային բանկերի համար` ներդրողների համար ֆոնդը կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա՝ նվազեցնելով ռիսկերը: Կարեն Կարապետյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է  ներդրումների ներգրավմանը, այլև  բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ,  բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում,  և  նրանք հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների բիզնես համայնքի միջև: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու  սերտ համագործակցում»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն