Լիցենզավորման պահանջը կհանվի գործունեության 4 տեսակների համար


Լիցենզավորման պահանջը կհանվի գործունեության 4 տեսակների համար

  • 13-04-2017 15:08:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրի հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականության համատեքստում:
 
Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ: Նախագծերի ընդունմամբ առավել արդյունավետ, նվազ ժամանակատար և օպտիմալ ընթացակարգ կնախատեսվի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար, կիրականացվի լիցենզավորման լիազորությունների կենտրոնացում համապատասխան ոլորտային իրավասու մարմիններում:  Բացի այդ, կհանվի մաքսային բնագավառում ընդգրկված` լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների (մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն և մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը: ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ: Նախագծի  ընդունմամբ ակնկալվում է տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների  բարելավման նպատակով լիցենզավորման բնագավառում առկա խնդիրների լուծում, ընթացակարգերի պարզեցում և տնտեսվարող սուբյեկտների ծախսերի կրճատում: Գործադիրի ղեկավարը կարևորել է օրինագծերի ընդունումը և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն  ներկայացնել բիզնես միջավայրին:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play