Առավել բարենպաստ պայմաններ՝ գյուղատնտեսական գործունեության համար


Առավել բարենպաստ պայմաններ՝ գյուղատնտեսական գործունեության համար

  • 13-04-2017 15:14:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն է տվել Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին, որի հիմնական նպատակը բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է:
 
Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական  վիճակի վրա: Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը:  Փաստաթղթով ներկայացվում են բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ուղղությունները,  դրանց իրականացման մոտեումները, հայեցակարգի իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները: Կարեն Կարապետյանը կարևորել է հայեցակարգով նախատեսվող քայլերը և նշել. «Շատ լավ բան եք նախատեսել: Այս միջոցառումների մեջ ներառված է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպան միջոցների՝ ցանցերի հարցը, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ խելացի համակարգ է, և ոլորտում շատ բարելավելու բան ունենք: Ձեզնից ակնկալում ենք որակապես փոխել այդ համակարգը: Նրա մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի»:
Կառավարությունն ընդունել է «Մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» որոշում: Այն պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է ստեղծել թիրախավորված խորհրդատվություն, որը կապահովի գյուղատնտեսության ոլորտի դերակատարների կարողությունների զարգացումը, կմատուցի բարձրակարգ մասնագիտացված ծառայություններ, կօժանդակի նորարարության, նոր տեխնոլոգիաների, գիտելիքների ներդրմանը, կմատուցի գյուղացիական տնտեսությունների կայացմանը, առևտրայնացմանը զարգացմանը և արդիականացման ուղղված խորհրդատվություն և ծառայություններ: Վարչական ապարատի օպտիմալացման, պահպանման ծախսերի կրճատման, այդ թվում՝ ավտոմեքենաների թվաքանակի, արդյունքում հնարավոր կլինի խորհրդատուների վարձատրություն բարձրացնել մոտ երկուսուկես անգամ: Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է 241 հաստիքի փոխարեն հիմնադրամում սահմանել 140-150 հաստիք, ընդ որում բուն մասնագիտական գործունեություն իրականացնող խորդհրդատուների քանակը նվազեցնել ընդամենը մոտ 20 հաստիքով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, որովհետև  դրա արդյունքում  ունենք 352 ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր և  կոոպերատիվ ունենք, քանի գյուղատնտեսի աչքեր է սկսել փայլել: Գյուղատնտեսության նախարարը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել, մենք իրեն ամեն ինչով աջակցելու ենք»: 
Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով,  ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությամբ կարևորվել է կոոպերացիայի զարգացումը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն