Վտանգավոր թափոնների արդյունավետ կառավարման համար նախատեսվում է ընդլայնել արտադրողի կամ ներկրողի պատասխանատվությունը


Վտանգավոր թափոնների արդյունավետ կառավարման համար նախատեսվում է ընդլայնել արտադրողի կամ ներկրողի պատասխանատվությունը

  • 13-04-2017 15:23:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին: Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները, քանի որ դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը:
 
Ներկայումս Հայաստանում գործում են գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների վերամշակում, հավաքում, պահում իրականացնող լիցենզավորված 10  կազմակերպություն, որոնցից` 2-ը զբաղվում են օգտագործած անվադողերի վերամշակմամբ, մյուս 2-ը` օգտագործված կապարային կուտակիչների (կապարաթթվային մարտկոցների) ընդունում և  պահեստավորում` հետագայում վերամշակող կամ արտահանող կազմակերպություններին վաճառելու գործառույթներով: Հայեցկարգով նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և/կամ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները: Նախադրյալներ կստեղծվեն արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար,  որի հիմքում ընկած կառավարման  ռազմավարության համաձայն՝ գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանք արտադրողը (կամ ապրանք ներկրողը) հենց արտադրության (կամ ներմուծման) նախնական փուլում նախատեսում է այդ արտադրանքի (ապրանքի)  օգտագործման վերջնական փուլում առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելող միջոցառումներ, վարչական և ֆինանսական պատասխանատվություն է կրում բացասական այդ հետևանքների վերացման համար: Նախատեսվում է ապահովել վտագավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և/կամ վնասազերծման համակարգի ներդրման իրավական հենքը: Արդյունքում կստեղծվեն արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական հենքի նախադրյալներ: Ըստ այդմ՝ կապահովվի «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գիտակից կառավարման համակարգի» նեդրումը Հայաստանում, ինչն էլ կնպաստի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարմանը և օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն