Կարևորվել է ՀԱԷԿ­ի պլանային նախազգուշական վերանորոգման միջոցառումների պատշաճ կազմակերպումը


Կարևորվել է ՀԱԷԿ­ի պլանային նախազգուշական վերանորոգման միջոցառումների պատշաճ կազմակերպումը

  • 14-04-2017 16:45:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 Հայկական ԱԷԿ­ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում ապրիլի 14­ին Երևանում տեղի է ունեցել հայ­ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի չորրորդ նիստը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։

Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ­ի, «Ռոսատոմ» պետական կորպորոցիայի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչները։ Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համատեղ համակարգող հանձնախմբի չորրորդ նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ­ի 2­րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքին, քննարկել 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման և վերալիցքավորման, շահագործման թույլտվության, մասնավորապես՝ գործիքային հետազոտման և հաշվարկային հիմնավորման, սարքավորումների արդիականացման և փոխարինման միջոցառումների հետ կապված հարցերը։ Դիտարկվել են նաև տեղեկատվական­ուսումնական նախագծերի իրականացման, այդ թվում՝ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով հայ ուսանողների ներգրավման և ուսուցման հնարավորությունները։ Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կ. Կոմարովը կարևորել է ՀԱԷԿ­ի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ­2017) միջոցառումների պատշաճ կազմակերպումը. ­Այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ ՊՆՎ­2017­ի նախապատրաստման միջոցառումների իրականացման վրա, որպեսզի հնարավոր լինի ժամանակին և բարեհաջող ավարտել պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները՝ հիմնական շեշտը դնելով ՀԱԷԿ­ի անվտանգության վրա։ Նիստի արդյունքում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվում՝ ՀԱԷԿ­ը լրացուցիչ շահագործման ժամկետին նախապատրաստելու համախմբված միջոցառումների և երկարաձգման ներդրումային ծրագրերի մշակման վերաբերյալ։ Հաստատվել է ՊՆՎ­2017­ի ընթացքում երկրորդ էներգաբոլկի տեխնիկական վիճակի ուսումնասիրման և գնահատման լրացուցիչ միջոցառումների ցանկը, դիտարկվել են արդիականացման աշխատանքներին նախագծային և գլխամասային կապալառու կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները։ 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն