ՍԱՍ-ի Արտակի հրամանով, հրահանգով կամ գիտությամբ ու համաձայնությամբ չի՞ տրվել պատժելու սպառնալիքը և ընտրակաշառքների խոստումը (ձայնագրություն)


ՍԱՍ-ի Արտակի հրամանով, հրահանգով կամ գիտությամբ ու համաձայնությամբ չի՞ տրվել պատժելու սպառնալիքը և ընտրակաշառքների խոստումը (ձայնագրություն)

  • 14-04-2017 21:12:29   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Hayastan24.com կայքի տրամադրության տակ է հայտնվել «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԱԺ ընտրություններից մոտ կես ամիս առաջ տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որն այսօր առավոտյան արդեն ներկայացրել ենք մեր հրապարակումներից մեկով:
Մի բան արդեն իսկ միանշանակ է. եթե սա իսկապես «ՍԱՍ գրուպ» ընկերության աշխատակազմի կամ նրա մի մասի ժողովի ձայնագրությունն է, ժողովը վարողին պետք է կանչել քրեական պատասխանատվության`ընկերության աշխատակիցների, տվյալ պարագայում միաժամանակ` ընտրողների, ազատ կամքի վրա աշխատանքից ազատելու, աշխատանքը կորցնելու սպառնալիքներով, ամոթանք տալով և այլ կերպ բացահայտ ճնշում գործադրելու, թերևս նաև ընտրակաշառք խոստանալու մեղադրանքներով:
Ինչ վերաբերում է «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր ու սեփականատեր, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Սարգսյանին, ապա եթե պարզվի ընկերության աշխատողների վրա սպառնալիքներով ճնշում գործադրելուն կամ նրանց ընտրակաշառքներ խոստանալուն Արտակ Սարգսյանի առնչությունը, նրան պետք է ոչ միայն զրկել պատգամավորական մանդատից, այլև, որպես հանցակից, նույնպես կանչել քրեական պատասխանատվության:
Քիչ հավանական է, որ ձայնագրությունը կեղծված կամ, ինչպես ասում են, սարքված լինի, որովհետև հիշյալ կայքը, կարծում եմ, նախապես իրեն շատ լավ հաշիվ տվել է, որ ձայնագրությունից հետո իրավապահները, ուզեն թե չուզեն, զբաղվելու են դրանով, փորձաքննություն են նշանակելու, և եթե պարզեն, որ այն կեղծված է, իրենցից հաշիվ են պահանջելու, ընդհուպ պարզելու են կեղծողին ու վերջինս կանչելու են քրեական պատասխանատվության:
Ձայնագրությունը լսելիս այն տպավորությունն է առաջանում, որ Արտակ Սարգսյանի օգտին իրականում քվեարկելու պատրաստ ընտրողների ցուցակ չներկայացրած կամ սակավաթիվ ընտրողների անբավարար ցուցակ ներկայացրած աշխատողներին ժողովը վարողի կողմից ուղղված սպառնալիքները (աշխատանքից հեռացնելու և այլն), ինչպես նաև, այսպես ասած, լավ ցուցանիշներ ներկայացնողներին խոստացվող ընտրակաշառքները` դրամական պարգևատրում, Ֆրանսիայի ուղեգիր, պաշտոնի բարձրացում, այնուամենայնիվ, Արտակ Սարգսյանի եթե ոչ հրամանով կամ հրահանգով, ապա նրա գիտությամբ, թույլտվությամբ, համաձայնությամբ են կատարվել: Իսկ ինչո՞ւ է այդ տպավորությունն առաջանում…
Այն պարզ պատճառով, որ ժողովը վարողը դժվար թե իր գրպանի հաշվին նրանց խոստանար գումարային պարգևատրում, իսկ առավել բարձր ցուցանիշներ ներկայացնողներին նաև` Փարիզ, ինչպես ինքն է ասում, սիրո քաղաք զբոսաշրջային ուղևորություն կատարելու ուղեգրով: Դժվար թե թերացողներին էլ սպառնար պատժելով, աշխատանքից ազատելով, չմտածելով, չզգուշանալով, որ այդ դեպքում նրանցից թեկուզ մեկնումեկը հանկարծ կարող է բողոքել վերադասին` Արտակ Սարգսյանին, կամ ինչ-որ ուրիշ տեղ բողոքել վերադասից, և երբ վերջինն իմանա այդ մասին, ինքնագլխության և իր անվան հետ խաղալու համար իրեն պատժելու է:
Վերոնշյալի վերաբերյալ ճշմարտությունը պարզելը, ապացուցելը, անշուշտ, որոշակի աշխատանք է պահանջում իրավապահներից: Սակայն եթե աշխատանքից ազատելու, դրանով պատժելու սպառնալիքը տրվել, ընկերության հիմնադրի օգտին ընտրողների ձայներ ապահովողներին ընտրակաշառքները խոստացվել են իրոք հենց Արտակ Սարգսյանի հրամանով, հրահանգով, ցուցումով կամ գիտությամբ ու համաձայնությամբ, ապա առանձնապես լավատես չեմ, թե նրանք` իրավապահները, իրենց բացահայտածը կհրապարակեն մի երկրում, որտեղ քաղաքական ու համակարգային կոռուպցիան խժռում կամ գուցե արդեն խժռել են պետության հիմքերը: 
Ինչ վերաբերում է հիշյալ ձայնագրության առնչությամբ պաշտոնական արձագանքին, ապա, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ երեկ հրապարակված ձայնագրությունը:
Թող ուսումնասիրի, լավ ուսումնասիրի, ուշադրություն դարձնի նաև դրա 13:21-13:58: րոպեներին: Ժողովը վարողն ասելով, որ, հնարավոր է, ընկերության աշխատակիցներն անձամբ այդ ընտրատարածքում (որտեղ առաջադրված էր Արտակ Սարգսյանը) մարդ չունենան (այսինքն` Արտակ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստ մարդ), բայց, ասենք, նրանց հայրը, մայրը, մորաքույրը, հորաքույրը… Խոսքի համատեքստից կարելի է հասկանալ, որ նրանք կարող են քվեարկել Արտակ Սարգսյանի օգտին, ինչպես նաև քվեարկելու պատրաստ անձանց տվյալներ ներկայացնել:
Ժողովը վարողն այնուհետև շարունակում է. «Անհնարին է, որ եթե դուք փորձեք ու չկարանաք: Էն մարդը, ով էր զրո է իրա դիմաց, ուրեմն մենք էդ մարդուն դիտարկելու ենք որպես որ ինքը մեզ դեմ ա, ոչ թե որ չի օգնում, այլ դեմ ա, որովհետև անհնարին ա, մարդը ուզենա, գոնե չկարենա, ասենք, իրեք ձեն, հինգը ձեն, բերի ներկայացնի: … պետք չի, որ ստից ցուցակ գրեք, բերեք, էնքան, որ ասենք հա»:
Ահա, հատկապես այս վերջին մասն է կարևոր: Դա նշանակում է, որ ՍԱՍ-ի Արտակի օգտին քվեարկելու պատրաստ կամ դա խոստացած անձանց ցուցակ ներկայացնելը դեռ բավարար չէր դիտվելու, դա համարվելու էր ստից ցուցակ, նրանց անուն ազգանուններից և անձնագրային այլ տվյալներից բացի, պահանջվելու էր նաև ինչ-որ երաշխիք, որ հենց Արտակ Սարգսյանի օգտին են քվեարկելու (սա, իհարկե, այն դեպքում, եթե ձայնագրությունը սարքված չէ իբրև «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցների ժողովի արձանագրություն, որը, ինչպես վերևում արդեն նշեցի, քիչ հավանական է): Այլապես բոլորն էլ կգնային հեշտ ճանապարհով` աշխատանքից ազատվելու վտանգի տակ հայտնվելու փոխարեն, սիրո քաղաք Փարիզում հայտնվելու համար: Այսինքն` կխոսեին մի քանի տասնյակ անձանց` հարազատների, ընկերների, բարեկամների, մտերիմների և այլոց հետ, կխնդրեին նրանց անձագրային տվյալները, կբացատրեին, որ դա իրենց ոչնչով չի պարտավորեցնում, ազատ են իրենց ցանկացած թեկնածուի օգտին քվեարկելու համար, մինչդեռ ընկերությունում այս գործի կազմակերպչին ՍԱՍ-ի Արտակի օգտին իբրև թե քվեարկելու պատրաստ մեծաթիվ ընտրողների ցուցակ ներկայացնելու պարագայում իրենք կարող են նույնիսկ Փարիզի ուղեգիր ստանալ: Քչերը կմերժեին…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք