Թուրքիան երեկ անցում է կատարել դեպի նախագահական բռնապետություն


Թուրքիան երեկ անցում է կատարել դեպի նախագահական բռնապետություն

  • 17-04-2017 14:28:20   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
Թուրքիայում երեկ անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և այդ պետության` քվեարկելու իրավունք ունեցող բնակչությունը, հանրաքվեի արդյունքների կեղծման արդյունքում կամ առանց կեղծման, քվեների ոչ մեծ տարբերությամբ (նախնական արդյունքների համաձայն, 51.2 տոկոսը` «այո», 48.8 տոկոսը` «ոչ») հավանություն է տվել իշխանությունների նախաձեռնությանը: Դա Թուրքիայում ամենաարմատական փոփոխությունն է 1923թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո:
Տեղեկացվում է, որ քվեարկությանը մասնակցություն է բերել դրան մասնակցելու իրավունք ունեցող քվեարկողների շուրջ 80 տոկոսը: Խորհրդարանական կառավարումից նախագահականին անցման և կատարված սահմանադրական այլ փոփոխությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն առանց այն էլ Թուրքիան փաստացի կառավարում էր միանձնյա, անսահմանափակ իշխանություն, պետությունը միանձնյա ղեկավարելու իրավունք է ստացել: Այս հանգամանքն առաջացրել է Թուրքիայի ընդդիմության և միջազգային մի շարք փորձագետների, քաղաքական գործիչների անհանգստությունը, որոնց համոզմամբ, Էրդողանի` միանձնյա ղեկավարելու իրավունքը վտանգավոր է Թուրքիայի ազատությունների և ժողովրդավարության համար։
Թեև ըստ Էրդողանի նախաձեռնության պաշտպանների, սահմանադրական փոփոխություններն այս անհանգիստ ժամանակաշրջանում կայունություն կապահովեն պետության կառավարման համակարգում, փոփոխությունների հակառակորդները համոզված են, որ Թուրքիան վերջնականապես գլորվելու է դեպի ավտորիտարիզմ:
Քվեարկության էր դրվել Սահմանադրության 18 կետի փոփոխություն: Սահմանադրական հիշյալ փոփոխություններից հետո Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից կհասցվի 600-ի, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից կիջեցվի 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրը կիրականացվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ունենալ: Սակայն, կատարված փոփոխություններից կարևորները հետևյալներն են. Թուրքիան այլևս վարչապետ չի ունենա, Էրդողանն իր ձեռքում կկենտրոնացնի ամբողջ իշխանությունը, իրավունք կունենա ինքնուրույն ձևավորել կառավարություն և ցրել խորհրդարանը: Նա կդառնա գերագույն գլխավոր հրամանատար, կունենա վետոյի իրավունք: Կփոխվի նաև երկրում արտակարգ դրություն սահմանելու և չեղարկելու կարգը: Էրդողանը Սահմանադրական դատարանի 15 դատավորներից 12-ին կնշանակի իր հայեցողությամբ: Նախագահին զբաղեցրած պաշտոնից հեռացնելը գործնականում կլինի անհնար, նախագահի դեմ հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է լինելու առնվազն 301 պատգամավորի քվե, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։ Էրդողանն այսօր կարող է նախարարներ նշանակել և պաշտոնանկ անել, նախագահական հրամանագրերի միջոցով իր կամքն ու իշխանությունը պարտադրել ժողովրդին և կամայականորեն հաստատել նույնիսկ արտակարգ դրություն: Կասկածից դուրս է, որ Թուրքիայի դատական համակարգը կատարված փոփոխություններից հետո, մոտ ապագայում կզրկվի իր անկախության վերջին մնացորդներից:
Ըստ «Lenta.ru»-ի, «Թուրքիայում նույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել 5-ամյա երկու ժամկետից ավելի: Էրդողանին դա չի խանգարի, որպեսզի նա նախագահական աթոռին մնա մինչեւ 2029թ.-ը, քանի որ նոր ընտրությունները կանցկացվեն 2019-ին, իսկ նրա կառավարման նախկին ժամկետը հաշվարկի մեջ չի մտնում:
Էրդողանը վաղուց էր երազում Թուրքիան վերածել նախագահական հանրապետության, և 2016թ. հուլիսի հեղաշրջման անհաջող փորձը նրա այդ նախագծի համար հավելյալ խթան հանդիսացավ»:
«Ոչ»-ի օգտին քվեարկել են մեծամասամբ քրդաբնակ քաղաքները, սակայն Ստամբուլում և Թուրքիայի ևս 2 խոշոր քաղաքներում նույնպես «այո»-ն պարտություն է կրել, ինչը շատ ուշագրավ հանգամանք է: Ըստ թուրքական «Cumhuriyet»-ի, Ստամբուլում «ոչ»-ը ստացել է քվեների 52 տոկոսը, Անկարայում՝ 51 տոկոսը, իսկ Իզմիրում նույնիսկ՝ 69 տոկոսը:
Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ Եվրամիությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար  Յոհաննես Հանը, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար  Ֆեդերիկա Մոգերինին համատեղ հայտարարությամբ Թուրքիայի ղեկավարներին կոչ են արել հաշվի առնելով Սահմանադրության հանրաքեվի «այո»-ի և «ոչ»-ի միջև եղած փոքր տարբերությունը, նաև թողած ծանր հետևանքները, ձգտել ազգային կոնսենսուսի ձևավորման:
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը պահանջում է սահմանադրական փոխոխությունների շուրջ անցկացված հանրաքվեի ձայների 60 տոկոսի վերահաշվարկ կատարել:
Թեև ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առանց հիշյալ սահմանադրական փոփոխությունների էլ տիրում էր աննախադեպ լարվածություն, ԵՄ-ի ղեկավարները բազմիցս դեմ էին արտահայտվել առաջարկվող փոփոխություններին, սակայն կասկածից գրեթե դուրս է, որ հանրաքվեի արդյունքներն արագացնելու են Եվրամիությունից Թուրքիայի հեռացումը և նույնիսկ ամբողջությամբ բացառելու են ԵՄ-ում այդ պետության ինտեգրման գործընթացը:
Եվրամիությունն իրեն միանալու ճանապարհին առաջադրած պահանջների կատարման հարցում Թուրքիայի նահանջ քայլերի առնչությամբ իր նախորդ մտահոգություններից բացի, այսօր փաստորեն պետք է անհանգստանա նաև Թուրքիայում խորհրդարանական համակարգը նախագահականի անվան տակ, ըստ էության, բռնապետականի փոխելու և երկրում ժողովրդավարությունը հիմնովին թաղելու խնդրով:
ԵՄ-ի համոզմամբ, Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի արդյունքում իր լիազորությությունները մեծացնելով, Էրդողանը ստացել է աննախադեպ հզոր իշխանություն, որը կարող է հիմք հանդիսանալ նրա կողմից ավտորիտար համակարգ ստեղծելու համար: 
 
Ա. Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական