Հայաստանը հյուրընկալել է «Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» միջազգային խաղաղասիրական ծրագիրը


Հայաստանը հյուրընկալել է «Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» միջազգային խաղաղասիրական ծրագիրը

  • 17-04-2017 16:08:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 10-17-ը Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերպությունը Հայաստանում  հյուրընկալեց 45 երիտասարդական ոլորտի մասնագետների 12 երկրներից՝ Կիպրոսից, Խորվաթիայից, Չեխիայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Թուրքիայից։ Նրանք ժամանեցին Երևան՝ մասնակցելու «Հաղորդակցությունն ընդդեմ հակամարտության» ութօրյա միջազգային դասընթացին։ 
 
Միջազգային ծրագրի անցկացումը Հայաստանում պայմանավորված է տարածաշրջանում առկա հակամարտություններով, որոնք բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների զարգացման վրա։ Միջազգային դասընթացի կենտրոնում էին հակամարտությունների կանխարգելման, կարգավորման, խաղաղության հաստատման և կոնֆլիկտների կառավարման թեմաները, որոնք արդիական են ծրագրին մասնակցող երկրներում։  Ծրագրի արդյունքում մասնակիցները սովորեցին մշակութային, ազգային և կրոնական բազմազանությունը դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ հնարավորություն։ 
Խաղաղություն կառուցելու ձգտումը տասնամյակներ շարունակ եղել է դասընթացին մասնակցող երկրների հասարակական, քաղաքական ու դիվանագիտական շրջանակների օրակարգում։ Այնուամենայնիվ, հակամարտություններից շատերը շարունակում են մնալ չլուծված՝ ներգործելով հակամարտող երկրներում ապրող երիտասարդների վրա։ Առավել հաճախ հենց երիտասարդներն են դառնում հակամարտությունների հիմնական զոհը։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Կենդանի Գրադարան» հանրային միջոցառումը: Միջոցառման մասնակիցները շատ էին լսել մահմեդականների, բուդդիստների, տարբեր ազգությունների ու մարդկանց խմբերի մասին, բայց երբրևէ հնարավորություն չէին ունեցել իրականում հանդիպել և խոսել այդ մարդկանց հետ, հարցնել, թե ինչպես են նրանք ապրում, որոնք են նրանց ձգտումներն ու մտահոգությունները: «Կենդանի գրադարան»-ը դա անելու հիանալի հնարավորություն էր: Այն աշխատում էր նույն կերպ, ինչպես սովորական գրադարանը։ «Ընթերցողները» գալիս էին գրադարան, ընտրում «գիրքը» և կարդում այն։ Միակ տարբերությունն այն էր, որ «գրքերը» մարդիկ էին, իսկ ընթերցանությունը՝ զրույց նրանց հետ։ 
Միջազգային ծրագրի ընթացքում երիտասարդական ոլորտի 45 ներկայացուցիչները հնարավորություն ստացան մասնակցելու մի շարք ինտերակտիվ դասընթացների, վարժությունների և ոչ ֆորմալ կրթական միջոցառումների՝ բացահայտելով հակամարտությունների ծագման պատճառները, դրանց լուծման հնարավոր եղանակները և այն, թե ինչ դեր կարող են խաղալ երիտասարդները հակամարտությունների կարգավորման գործում։ Միջազգային կոնֆլիկտներից բացի քննարկվեցին նաև միջանձնային կոնֆլիկտները և դրանց հաղթահարման արդյունավետ ռազմավարությունները։
 
Միջազգային այս բացառիկ դասընթացը Երևանում կազմակերպվում է հայաստանյան Հայ Առաջադեմ Երիտասարդություն և գերմանական TeachSurfing կազմակերպությունների կողմից։ Այն եզակի է իր լայն աշխարհագրական ընդգրկումով և թեմայի արդիականությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։
- - - 
Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարական կազմակերպությունը՝ APY-ը, հինվել է 2009 թվականին։ Կազմակերպության նպատակն է աջակցել և ոգեշնչել հայ երիտասարդներին՝ զարգացնելու իրենց սոցիալական առաջնորդության հմտությունները և դառնալ Հայաստանում դրական փոփոխությունների շարժիչ ուժ։ Իր ծրագրերի, նախաձեռնությունների և ոչ ֆորմալ կրթության գործիքների միջոցով կազմակերպությունը օգնում է երիտասարդներին հասնել  հաջողության՝ զարգացնելով իրենց գիտելիքները, հմտությունները և ունակությունները։
 
Հայ Առաջադեմ Երիտասարդություն կազմակերպությունը վստահ է, որ առաջադեմ, կրթված, հմուտ և ակտիվ երիտասարդները ունեն Հայաստանում դրական փոփոխությունների հասնելու բոլոր հնարավորությունները: Կազմակերպությունը ձգտում է նպաստել այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ երիտասարդները ունեն առաջադեմ արժեքներ և պատրաստակամություն իրականացնելու սոցիալական և քաղաքական փոփոխություններ իրենց համայնքներում։ Նրանք կարող են օգտագործել իրենց ամբողջ ներուժը՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացին և ձևավորելու ժողովրդավարական  հասարակություն:
 
Հայաստանում իր գործունեության շուրջ 8 տարվա ընթացքում ՀԱԵ-ն իրականացրել է ավելի քան 200 տեղական, մարզային և միջազգային նախագծեր, որոնց մասնակցել են շուրջ 20000 հայ և օտարերկրյա երիտասարդներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play