Այս ամառ Երազանքի ճամբարում կհանգստանա 179 երեխա. Վորլդ Վիժն Հայաստանի բարեգործական արշավը հավաքագրել է 7 մլն 508 հազար դրամ


Այս ամառ Երազանքի ճամբարում կհանգստանա 179 երեխա. Վորլդ Վիժն Հայաստանի բարեգործական արշավը հավաքագրել է 7 մլն 508 հազար դրամ

  • 18-04-2017 18:12:13   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Վորլդ Վիժն Հայաստանը «Երազանքի ճամբար» երկշաբաթյա բարեգործական նախաձեռնության շրջանակներում հավաքագրեց 7 մլն 508 հազար դրամ գումար, որը կուղղվի առավել խոցելի և անապահով ընտանիքների 179 երեխայի համար ամառային անհոգ հանգստի կազմակերպմանը: 
Ակցիան անցկացվեց այս ապրիլի 3-16-ը Երևանում (Հյուսիսային պողոտայում և առևտրի կենտրոններից մեկում), Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Ակցիայի շրջանակներում տեղադրվեցին Զատկի ծառեր, որոնք զարդարեցին անցորդ քաղաքացիները` կախելով երեխաների ձեռքով պատրաստած հավկիթներ և կատարելով նվիրատվություն 1500-ից 6000 դրամի չափով:
Ակցիայի շրջանակներում Վորլդ Վիժնը ներգրավեց նաև սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններին, ում կատարած նկատելի հանգանակության դիմաց ակցիայի տաղավարների կողքին տեղադրվեցին մեծ հավկիթներ՝ նրանց տարբերանշաններով: Արդյունքում 30-ից ավել ձեռնարկություններ մասնակցեցին արշավին, որոնցից մի քանիսը կատարեցին ներդրում հագուստի տեսքով`  տրամադրելով ընդհանուր առմամբ 200 հազ. դրամ արժողությամբ հագուստ:
«Վորլդ Վիժն Հայաստանը շնորհակալ է բոլոր անհատ նվիրատուներին և բիզնեսներին, որոնք վստահեցին և գումար նվիրաբերեցին երեխաների հանգստի կազմակերպման գործին: Նմանատիպ ակցիաների միջոցով Վորլդ Վիժնը փորձում է Հայաստանում ձևավորել սոցիալապես պատասխանատու նվիրատվական մշակույթ: Սա բավական խրթին ճանապարհ է, և  նման մշակույթի ձևավորումը կօգնի ոչ միայն Վորլդ Վիժն Հայաստանին հետագա նվիրատվական միջոցառումները կազմակերպելիս, այլև նպաստավոր պայմաններ կստեղծի այլ բարեգործական կազմակերպությունների համար», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Այս ամառ Վորլդ Վիժնը նախատեսում է երեխաների համար կազմակերպել երեք թեմատիկ ճամբար՝ աղետների ժամանակ ռիսկերի նվազեցման, մարդու իրավունքների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածությամբ: Ճամբարների անցկացման ստույգ վայրի ու ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ս.թ. հունիս ամսվա ընթացքում:Արդեն 18 տարի է, ինչ Վորլդ Վիժն Հայաստանն ամռան ամիսներին անցկացնում է ճամբարներ` խոցելի ընտանիքներում ապրող երեխաներին կտրելով առօրյա գորշ գույներից և նվիրելով անմոռանալի ամառային հանգիստ: 18 տարիների ընթացքում ավելի քան 40.000 երեխա այցելել է Վորլդ Վիժնի ճամբար, որն իրականացվել է ինչպես Վորլդ Վիժնի միջոցներով, այնպես էլ հայաստանյան ընկերությունների բարեգործական նվիրատվությունների շնորհիվ: 
 
Վորլդ Վիժն Հայաստանի մասին
 
Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ 
Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: 
Վորլդ Վիժնն արդեն 29 տարի է, ինչ գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։
Նոյյան տապան  -   Բարեգործություն