Աշխատանք և աշխատակից գտնելը կարող է լինել արագ և արդյունավետ
18-04-2017 20:12:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն 2016 թվականին գործազուրկների թիվը Հայաստանում կազմել է 221.500 մարդ: Աշխատուժի պահանջարկն այսօր անհամեմատ բարձր է ոչ պետական հատվածում՝ կազմելով ողջ պահանջարկի 85 տոկոսը: Այսուհանդերձ, թե աշխատանք փնտրողները և թե գործատուները ներկայումս բախվում են որակյալ աշխատանք և աշխատակից գտնելու խնդրին:
Ապրիլի 18-ին Բրիտանական խորհուրդը և staff.am աշխատանքային հարթակը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով պրոֆեսիոնալ ծառայությունների տրամադրման միջոցով բարելավել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը Հայաստանում:
Բրիտանական խորհուրդը համակարգում է Aptis անգլերենի գնահատման թեստը, որն աշխարհի տասնյակ երկրներում կիրառվում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կողմից՝ աշխատակիցների գիտելիքներն արագ ու պատշաճ գնահատելու համար:
staff.am-ը հանդիսանում է գործատու և աշխատանք փնտրողներին կապակցող օղակը, որը նպատակ ունի նպաստել աշխատանքի և աշխատակիցների փնտրման գործընթացի արդյունավետ իրականացմանը:
«Աշխատանքի գրեթե յուրաքանչյուր հայտարարություն այսօր պարունակում է անգլերենի իմացության պահանջ: Սակայն քիչ են այն ընկերությունները, որոնք պահանջում են անգլերենի իմացության վկայական, որը կապացուցի անգլերենի իմացությունը և կմատնանշի իմացության աստիճանը` դրանով իսկ բարձրացնելով ընտրության գործընթացի արդյունավետությունը: staff.am-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի գործատուների և աշխատանք փնտրողների շրջանում ներկայացնել Aptis թեստը որպես անգլերենի իմացության ստուգման գործիք», - ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի քննությունների բաժնի ղեկավար Ինեսսա Մուրադյանը:
«Աշխատանք փնտրողի հմտությունների և լեզուների իմացության ստուգման/հաստատման համակարգը staff.am-ում նախատեսել էինք հարթակի ստեղծման հենց առաջին օրվանից: Ուրախ ենք, որ այսօր արդեն հնարավորություն ունենք գործարկելու այն Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ միասին: Սա ևս մեկ նորարարական լուծում է, որը հավատացած ենք կունենա իր երկարաժամկետ դրական ազդեցությունը ոլորտի զարգացման վրա», - ասաց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը: