Թրամփի պատճառաբանությունն անհաջող բլեֆ է` մարդկությանը մարդասեր երևալու և հարձակման իրական նպատակները սքողելու համար (տեսանյութ)


Թրամփի պատճառաբանությունն անհաջող բլեֆ է` մարդկությանը մարդասեր երևալու և հարձակման իրական նպատակները սքողելու համար (տեսանյութ)

  • 18-04-2017 23:11:01   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության տեղեկացմամբ, «Human Rights Watch» կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կանխարգելիչ միջոցներ չի կիրառել Սիրիայում գտնվող մզկիթի վրա 2017թ. մարտին իրականացրած հարձակման ժամանակ  խաղաղ բնակիչների կոտորածը կանխելու համար:
Իրավապաշտպան կազմակերպությունն այն համոզմունքն է հայտնել, որ ԱՄՆ-ը մարտի 16-ին Սիրիայի վրա կատարած հարձակմամբ ահռելի սխալ է թույլ տվել: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ին ճանաչել է որպես Սիրիայի խաղաղ բնակիչների կոտորածի գլխավոր պատճառ:
ԱՄՆ-ի կողմից մարտի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող մզկիթի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 49 խաղաղ բնակիչ:
Թեև Պենտագոնը պնդում է, որ Հալեպի վրա իրականացրած հարձակման ընթացքում թիրախավորել են ոչ թե մզկիթը, այլ «Ալ Քաիդայի» պարագլուխներին, այդ պատճառաբանությունը չունի որևէ արժեք, քանի որ փաստը մնում է փաստ` հարվածը հասցվել է հենց մզկիթին, որի հետևանքով զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ և անմեղ բնակիչներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ Շարիաթ» ավիաբազային իր հրամանով հասցված ավիահարվածը պատճառաբանել է նրանով, որ տեսնելով Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական հարձակման հետևանքով հրաշալի երեխաների, պատանիների տանջալից մահը պատկերող կադրերը, մարդկայնորեն ազդվել է, անմիջապես զանգել Պենտագոնի ղեկավարին և տվել համապատասխան հարձակման, Սիրիայի զինված ուժերին պատժելու հրաման: Հետաքրքիր է` իսկ Հալեպի մզկիթներից մեկի վրա ԱՄՆ-ի կատարած հարձակման հետևանքով սպանված հինգ տասնյակի չափ անմեղ մարդկանց դիակները պատկերող կադրերը նախագահ Թրամփը չի՞ տեսել, թե տեսնելիս, ինչպես ամերիկյան քաղաքականությունն է ընդհանրապես, նրա խիղճն էլ առաջնորդվել է երկակի ստանդարտներով կամ լեթարգիական քնի մեջ է եղել:
Այդ ինչո՞ւ ամերիկյան զինվորականների «շփոթմունքի» կամ «սխալի» հետևանքով49 խաղաղ բնակչի սպանության և ավելի քան 100-ի վիրավորվելու մասին ուշ թե շուտ տեղեկանալով, Թրամփը մարդկայնորեն չի ազդվել, չի բարկացել կամ զայրացել, չի զանգահարել Պենտագոնի ղեկավարին ու չի ասել, որ անմեղ մարդկանց սպանության համար վերջինիս առնվազն պաշտոնանկ է անում: Ինչո՞ւ Պենտագոնի ղեկավարից գոնե չի պահանջել պատժել անմեղ մարդկանց սպանած զինվորականներին…
Հիմա պարզ չէ՞ արդեն, որ քիմիական հարձակման հետևանքից մարդկայնորեն ազդվելով Սիրիայի ավիաբազային հարձակվելու հրաման տալու պատճառաբանությունը, որի հետևանքով նույնպես քաղաքացիական անձինք, խաղաղ և անմեղ բնակիչներ զոհվեցին, ընդամենը անհաջող բլեֆ է` մարդկությանը մարդասեր երևալու և Հոմսի ավիաբազայի վրա հարձակման իրական նպատակը կամ, ավելի ճիշտ, նպատակները սքողելու համար: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play