Ջրվեժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբ


Ջրվեժում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել անչափահասի նկատմամբ

  • 19-04-2017 13:50:20   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է   Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
 
  Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երևան քաղաքի  35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
  Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական  հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին, պարզվել  վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ։ 
Քրեական գործով որպես կասկածյալ ձերբակալվել էր 42-ամյա կինը։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում չի հիմնավորվել կնոջ մասնակցությունը կատարված սպանությանը,բավարար  ապացույցներ ձեռք բերվել սպանությունը կնոջ անչափահաս որդու կողմից կատարված լինելու վերաբերյալ, և ձեռք բերված ապացույցների հիման վրա ՝ 17-ամյա տղան ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս  նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
 Նախաքննությունը շարունակվում է:
Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով նույնականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play