«Հայաստանը պատրաստ է այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակման»


«Հայաստանը պատրաստ է այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակման»

  • 19-04-2017 14:37:37   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ապրիլի 19-ին Հայաստանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչներին: Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման շրջանակում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող աշխատանքային խմբի համակարգող խորհրդի 4-րդ նիստի ժամանակ քննարկվել են թ´ե ԵԱՏՄ, թ´ե ազգային մակարդակներում «Մեկ պատուհան» մեխանիզմի զարգացման տեսլականն ու ներգրավված պետական կառավարման մարմինների գործողությունները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը նկատել է, որ ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի ներդրման փորձը պարտավորեցնող է. «Մենք պետք է մի քանի քայլ առաջ նայենք` սահմանելով մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու և ժամանակակից գործիքներ ներդնելու նոր խնդիրներ ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև տնտեսվարողների համար: Այդպիսով, բիզնես-կառավարություն փոխգործակցությունից բացի կապահովվի բիզնես-բիզնես գործընկերության նոր հարթակ»: Ֆինանսավորման առկայության դեպքում կոմիտեն նախատեսում է 2017-2020թթ. ընթացքում արտաքին առևտրում ներգրավված պետություն-մասնավոր բոլոր հարաբերությունները կազմակերպել «Մեկ պատուհան» համակարգի միջոցով: «Դա կներառի նաև պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների տրամադրումը, մաքսային ձևակերպումները, էլեկտրոնային վճարումները, այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումը»,-տեղեկացրել է Ս. Ավետիքյանը։ Համակարգը կառուցվում է բիզնեսի կողմից տվյալների մեկանգամյա տրամադրման սկզբունքի հիման վրա, որից հետո ներկայացված տեղեկատվությունը հասանելի կլինի գործընթացում ներգրավված բոլոր մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում։ 
 
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ԵԱՏՄ գործընկերներին է ներկայացրել «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալը (trade.gov.am)` մանրամասնելով բաղկացուցիչ 19 համակարգերի առանձնահատկությունները: Նա նշել է, որ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել ԵԱՏՄ շրջանակում գործարկման համար մշակվող մոդելի համար. «Մեր երկրի մաքսային ծառայությունը հաջողությամբ գործարկված հարթակի միջոցով պատրաստ է միջազգային չափանիշներով տեղեկատվության փոխանակում կազմակերպել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ այլ միությունների հետ: Իրանի և Վրաստանի հետ համաձայնության գալու դեպքում տնտեսվարողներն ավելի հեշտությամբ կանցնեն հարևան երկրների ռիսկերի կառավարման համակարգերով նախատեսված ընթացակարգերը»:
Նիստի մասնակիցներն այցելել են ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» արդիականացված անցման կետ՝ ծանոթանալու ՀՀ-ում «Մեկ պատուհան» մեխանիզմի կիրառման պրակտիկային: ԵԱՏՄ անդամ-պետությունների գործընկերները փաստել են, որ համակարգն արդիական է՝ ուղղված տնտեսվարողների գործառնությունների իրականացման դյուրինացմանը. «Ի տարբերություն ԵԱՏՄ մյուս երկրների, որտեղ «Մեկ պատուհան» մեխանիզմը ձևավորվել է առաջին հերթին ի շահ պետության՝ Հայաստանում այն առավելապես կողմնորոշված է բիզնես հանրության պահանջմունքների բավարարմանը, որպեսզի ապահովվի հարմարավետություն, նվազագույն միջամտություն և արագություն»,-ընդգծել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Դմիտրի Նեկրասովը՝ հավելելով, որ հայկական կողմի հետ փորձի փոխանակում է նախատեսվում նաև հետագայում:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ