Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ

  • 19-04-2017 18:07:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում` պատերազմական գործողությունների և զինադադարի պայմաններում, զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ:
Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին:
 
Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցությունը հայտնեց զինվորների մայրերին և այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարություն: Նորին Սրբությունն ասաց, որ յուրաքանչյուր հայ ցավ է ապրում այդ կորուստների համար, բայց նաև գիտակցում է, որ հայ հերոս զինվորներն իրենց կյանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի և իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի համար: 
«Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին: Այդպես է ապրել և դարերի մեջ գոյատևել մեր ժողովուրդը: Վստահ եղեք, նրանց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, և ժողովուրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զավակների անմահ հիշատակի առջև», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը հավելեց, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում հայ զինվորների դրսևորած բարձր գիտակցությունն ու հայրենասիրական ոգին միայն հպարտության զգացում է ծնում: 
Վերջում Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին` ցանկանալով ուժ, կամք և ոգու ամրություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն